HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կոչ են անում Նիկոյանին քննել բոլոր փաստերը

27-08_A.Qocharyan«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ուղարկած իրենց զեկույցների ճակատագիրը: «Առաջին զեկույցը, որը վերաբերում էր Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին, փոքրիկ քննարկման արժանացավ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից: Այդ զեկույցը կներառվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում, սակայն Նիկոյանը պայման է դրել, որ պետք է ներառի նաեւ Հատուկ քննչական ծառայության մեկնաբանությունները»,- ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով` ավելի լավ կլիներ, որ ԱԺ հանձնաժողովը փաստերի եւ ՀՔԾ-ի մեկնաբանությունների քննարկման արդյունքում իր կարծիքն արտահայտեր կատարված իրադարձությունների վերաբերյալ: «Մենք վստահ չենք, որ մեր 2-րդ եւ 3-րդ զեկույցները կներառվեն հանձնաժողովի զեկույցում, բայց մենք դրանք կազմել ենք այն ժամանակ, երբ փաստահավաք խումբը դեռ գործում էր, քանի որ խմբի 5 անդամներից 3-ը աշխատանքի էր գալիս»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ 2-րդ զեկույցը վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը եւ դրա արդյունքում մահվան դեպքերի ուսումնասիրությանը, իսկ 3-րդ զեկույցը վերաբերում է  19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին: «Մենք ցանկանում էինք զրուցել այն դիպուկահարի հետ, որը, փաստորեն, միակ մարդն է, ով տեսել է, թե ով է կրակել Տիգրան Աբգարյանի վրա: Միայն նրա միջոցով կարելի էր կազմել ենթադրյալ կրակողի ֆոտոռոբոտը: Սակայն դիպուկահարի անձը գաղտնավորեցին, որպեսզի նա չներկայանա փաստահավաք խմբին»,- պատմում է Անդրանիկ Քոչարյանը: Նա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին կոչ է անում ուշադրություն դարձնել ոստիկանությանը եւ ուժային կառույցներին վերաբերող նյութերին: Անդրանիկ Քոչարյանն այսօր հիշեցրեց, որ փաստահավաք խումբը բացահայտել է, որ մարտի 1-ի կեսօրին, երբ դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, պաշպտանության նախարարության զինվորական համագեստով անձինք կանգնած են եղել Մելիք Ադամյան փողոցում: «Կա տեսագրություն, որտեղ դա պարզ երեւում է, սակայն պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մինչ արտակարգ դրությունը իրենց ստորաբաժանումները գործողություններին չեն մասնակցել, եւ որպեսզի այդ ուժերի առկայությունը մի կերպ բացատրեն, ընդունեցին, թե դա եղել է ոստիկանական ուժ»: Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է ոստիկանության օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Դաստակովի ցուցմունքները փաստահավաք խմբում: «Այդ բարձրաստիճան ոստիկանը, որը հայտարարել էր, թե ինքն է առաջնորդել Մելիք Ադամյան փողոցում կանգնած զինված համազգեստավորներին, նույնիսկ չգիտեր, թե նրանք ովքեր են: Հարցնում ենք` ով էր քո կողքին կանգնածը, ասում է` չեմ հիշում: Նա ոչ ոքի չէր ճանաչում: Դաստակովը անհեթեթ պատասխաններ էր տալիս: Նա ասաց, որ իր սեփական մեքենայի բեռնախուցն է լցրել 18 ավտոմատներ եւ բաժանել այն մարդկանց, որոնց, փաստորեն, չէր ճանաչում»,- ասաց փաստահավաք խմբի նախկին անդամը: Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը համոված են, որ առանց վերանշյալ փաստերը քննելու մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չի կարող արտացոլել ճշմարտությունը: Փաստահավաք խմբի անդամները շարունակում են իրենց աշխատանքը: Նրանք պատրաստվում են 5-րդ զեկույցը ներկայացնել, որով անդրադառնալու են մարտի 1-ի առավոտյան իրավապահների կողմից ուժի գործադրման իրավաչափությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter