HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ազատագրված 7 շրջանից անգամ 1-ից նահանջը կհանգեցնի պաշտպանական համակարգի փլուզման 

27-08_Aram-Sargsyan««Մադրիդյան սկզբունքների» մեջ հայկական կողմը փորձում է փնտրել շատ լավ կետեր: Այն է, որ «այնտեղ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը արծարծված է»: Երկրորդ` որ «ինքը կարող է ստանալ միջանկյալ կարգավիճակ»»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Իրականում, Արամ Սարգսյանի խոսքերով, ինքը որևէ լավ բան չի տեսնում այն կետերում, որոնք հայկական կողմը լավ է համարում: Օրինակ` ԼՂՀ-ն արդեն իսկ վաղուց ինքնորոշված է և մյուսներին այդ փաստը ապացուցելու կարիք չունի: «Բա ի՞նչ անենք էն մյուս հիմնարար սկզբունքների հետ, որոնք ձեզնից առաջին հերթին պահանջում են 7 շրջանների հանձնում: Եվ եթե դուք այդ 7 շրջաններից անգամ 1-ը կամ կեսը վերադարձնեք, ձեր պաշտպանական գիծը փլվում է: Ո՞նց եք համաձայնելու էն մյուս «ընդունելի» կետերի փոխարեն դա ընդունել, եթե դրա շնորհիվ դուք միանգամից չեք ստանում նաև ԼՂ անկախության փաստը: Էլ ո՞նց եք դուք համաձայնում էն մյուս սկզբունքներին»,- ասաց Արամ Սարգսյանը: Կուսակցությունը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է հղել, որով առաջարկում է «Արցախյան հիմնահարցի կարգավորմանը կոչված «Մադրիդյան սկզբունքների» փոխարեն մշակել և ներկայացնել հայեցակարգային նոր մոտեցում»: Եթե նամակը համապատասխան արձագանք գտնի, ապա կուսակցությունը նախագահին ավելի մանրամասն կներկայացնի իր բոլոր մտահղացումները: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Եթե տարածքների` որպես կատեգորիա, խնդիրը լուծվի հօգուտ Ադրբեջանին յոթ շրջանների թեկուզ մի մասի վերադարձնելու ենթադրյալ տարբերակով, ապա. -անտեսվում է բուն հայկական այլ տարածքների պատկանելության փաստը, -հաշվի չի առնվում նշված տարածքների` ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվելու փաստը, որն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ, -ի չիք է դառնում ԼՂՀ պաշտպանվածության հուսալի մակարդակը, ինչը, անգամ միջազգային երաշխիքով ամրագրված, չի կարող փոխարինել իրական անվտանգությանը»: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հայկական կոնկրետ ո՞ր տարածքների պատկանելության մասին է խոսքը` Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք նկատի ունեն Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը և Նախիջևանը: «Նախիջևանի խնդիրը, իրոք, գոնե դիվանագիտական մակարդակով հստակ պետք է դրվի, որովհետև խախտվել է իրենց կողմից այդքան սիրված Ղարսի պայմանագիրը: Եվ գրված էր, որ «Նախիջևանը պետք է տրվեր Ադրբեջանին` որպես պրոտեկտորատ»: Վաղուց ի վեր Ադրբեջանը այդ տարածքը անեքսիայի է ենթարկել: Այնպես որ այս մասին հայկական կողմը, իհարկե, պետք է խոսի»,- ասաց Արամ Սարգսյանը: ՀՀ նախագահին ուղղված նամակում նաև նշվում է, որ ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժերի ենթադրյալ տեղակայումը հղի է նոր մարտահրավերներով. «նման ուժերի առկայությունը «թեժ գոտիներում» չի կանխում բախումը և չի ապահովում կայուն խաղաղություն»: «Որևէ խաղարար ուժի (որևէ` ով ուզում է լինի) մուտք այս տարածաշրջան հրահրելու է պատերազմական գործողություններ: Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ դա ասում: Որովհետև ոչ միայն կողմերը չեն համակերպվելու դրա հետ, այլև չեն համակերպվելու Իրանը, 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրները, որոնք շահեր ունեն այստեղ»,- ասաց Արամ Սարգսյանը: Նամակում նշվում է մեկ այլ վտանգի մասին ևս. «Եթե «սկզբունքների» հնարավոր կիրառմամբ առաջնային լուծում չի ստանում հիմնահարցի հիմքը հանդիսացող ԼՂՀ օրինական ճանապարհով ձեռք բերված կարգավիճակի հարցը, այն է` Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության անվերապահ ճանաչումը, ապա իմաստազրկվում են բոլոր այլ համաձայնությունները: Ավելին, անորոշ ապագայում ԼՂՀ հետագա կարգավիճակ որոշող «պլեբիսցիտը», արդեն իսկ, ադրբեջանական կողմը մեկնաբանում է յուրովի` տարածքների ու «փախստականների» ենթադրյալ վերադարձից հետո, խնդիրը դիտվում է որպես ներադրբեջանական հարց»: Արամ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանն անվերապահորեն պետք է ընդունի Արցախի անկախության փաստը: Եթե անկախության ընդունման հարցը չի լուծվում կամ հետաձգվում է անորոշ ժամանակով, ապա մյուս բոլոր հարցերը առկախ են մնում, և դեռևս ժամանակը չէ, որ հայկական կողմը խոսի, թե ինքն ինչ է պատրաստ զիջելու: «Թող դեռ վերջիվերջո իրենք համակերպվեն այն մտքի հետ, որ իրոք Ղարաբաղը չի կարող լինել իրենց կազմում: Թե՞ իրենց թվում է, որ մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը դա իրենց խոստացել է, ուրեմն հիմա էլ կարող է անել: Չի լինելու այդպիսի բան»,- ասաց Արամ Սարգսյանը: Երբ լրագրողները հարցրին, թե ե՞րբ է Լ. Տ.-Պետրոսյանը նման բան խոստացել, Արամ Սարգսյանն ասաց, որ դա եղել է 1992 թ.: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Սերժ Սարգսյանի քննարկմանն է ներկայացրել այն սկզբունքները, որոնք, ըստ կուսակցության, պետք է փոխարինեն «Մադրիդյան սկզբունքներին»: Դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է հետևյալ երեք գործընթացը` «Հակամարտող կողմերի միջև հաշտության մասին համաձայնագրի ստորագրում, որը գործում է մինչև բուն բանակցությունների ավարտը և հիմք է հանդիսանում միմյանց նկատմամբ թշնամանք սերմանող քարոզչությունից հրաժարվելու համար, Հատուկ մշակված ծրագրով միջոցառումների իրականացում` կողմերի լայն հասարակայությունների միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման համար, Տնտեսական, թող որ առաջին փուլում միջնորդավորված, համագործակցության ծրագրերի իրականացում, ինչի շնորհիվ ԼՂՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային բնույթի նախագծերում նախադրյալներ կստեղծի Ադրբեջանի հետ ուղղակի շփումներ ունենալու համար»: Միաժամանակ Արամ Սարգսյանն ասաց, որ այնքան միամիտ չեն, որ կարծեն, թե Ադրբեջանը կընդունի այս առաջարկները: Սակայն տրամաբանությունն ասում է, որ ավելի լավ է մենք ներկայացնենք այսպիսի առաջարկներ, իսկ Ադրբեջանը հրաժարվի: «Եթե այս անգամ ևս նրանք մեր մեկնած ձեռքը չեն ընդունելու, կարծում եմ` համաշխարհային հանրությունը, միջնորդ պետությունները պետք է արդեն քաջ գիտակցեն, թե Ադրբեջանը ուր է գնում և ինչի է ձգտում»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ Արցախի հակամարտությունը լուծելու հնարավոր 6 տարբերակ կա: Դրանք են` ռազմական, որը կողմերից ոչ մեկին պետք չէ, քաղաքական, որը փակուղի է մտել, իրավական, որից Ադրբեջանը շատ է վախենում, ստատուս քվոյի պահպանում, հնարավոր միություն ստեղծում և տնտեսական համագործակցության արդյունքում պրոբլեմների խորտակում: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է բոլոր վեցից էլ: «Որևէ մեկը չեն ընդունում: Ասում են. «Մեր հողերը տվեք»: Մենք էլ իրենց բացատրում ենք, որ, առաջին` «մենք մտադրված չենք այդ հողերը տալ»: Երկրորդ` «եթե շատ եք ուզում, ուրեմն մենք էլ մեր տարածքային պահանջները կդնենք»»,- ասաց Արամ Սարգսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական հռետորիկային` Արամ Սարգսյանն ասաց, որ պատերազմող երկիրը պատերազմի մասին այդքան շատ չի խոսում: «Մյուս կողմից` եթե իսկապես նրանք կարծում են, որ պատերազմով կարելի է այսպիսի հարց լուծել, ուրեմն թող փորձեն: Ուրեմն իրենց բավարար չէ այն, ինչ ստացան 94 թ.-ին: Համոզված ենք նաև նրանում, որ աշխարհը թույլ չի տալու, որ այդ պատերազմը 1 օրից ավելի տևի: Եթե իրենք ուզում են կրկնել Սահակաշվիլու օրինակը, օրինակի արդյունքն էլ իրենց աչքի առաջ է, կարող են շարունակել: Երբ ես ասացի, որ անցյալ տարվա օգոստոսին իրենք իսկապես պատրաստվում էին Հայաստանի դեմ պատերազմ սկսելու, ամբողջ հույսը ոչ թե իրենց ուժն էր, այլ այն, որ ամերիկացիների օգնությամբ Վրաստանը կհաղթի, և իրենք էլ այդ պայմաններում կկարողան օգտվել այդ առիթից: Սա է իրենց այսօրվա պահվածքը»,- ասաց Արամ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter