«Ապրելու բանաձեւը»` արնածոր սրտի մեջ թաթախված գրչով
Այսօր ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի հանրային ռադիոյի խմբագիր, «Ապրելու բանաձեւը» հաղորդաշարի հեղինակ, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի մայր Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւը» գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Շնորհանդեսին ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարության աշխատակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր:
Ներկաների գնահատականը մեկն էր` մեր ազատամարտի հերոսների մասին գրվող նման գրքերը շատ կարեւոր են` ինչպես պատմության, այնպես էլ բանակի մարտունակության համար, քանի որ հենց նրանց սխրագործություններն են ոգեշնչում մեր զինվորներին, ովքեր պատրաստ են պաշտպանել հերոսների արյան գնով ազատագրված հայրենիքը:
«Գիրքը ոչ թե լալկան մի մատենաշար է, այլեւ` հերոսապատում»,-այսպես է բնութագրում իր հեղինակած գրքերը Գոհար Մարտիկյանը, ով, ինչպես ինքն է խոստովանում, գրել է «գրիչը թաթախելով իր արնածոր սրտի մեջ»:
Զոհված ազատամարտիկի այրի Լյուդմիլա Գրիգորյանը, ողջունելով գրքի լույս ընծայումը, միտքը շարունակեց` անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին զարգացումներին. «Ով ուզում է կարգավորման փաստաթղթի տակ ստորագրի` թող մտնի այս թանգարանը եւ նայի այս տղաների աչքերին, ովքեր Արցախը մեզ են կտակել, որ պահպանենք»:
Ըստ նրա, անընդունելի է, որ պատերազմում հաղթանակած երկիրն այժմ, կարծես թե, տանուլ է տալիս խաղաղ բանակցություններում: «Ինչ պատասխան պետք է տանք մեր այս տղաներին»,-հարցնում է նա:
«Ապրելու բանաձեւը» գրքի մի քանի հատորների հեղինակ Գոհար Մարտիկյանը շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց նաեւ, որ արդեն պատրաստ են գրքի մյուս երկու հատորները, եւ հովանավորների առկայության դեպքում դրանք էլ կտպագրվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել