Պահանջում են քննության առնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների ապօրինությունները
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը տնակային ավանի բնակիչների տարհանման վերաբերյալ հայտարարություն է տարածել.
2009 թ. օգոստոսի 27-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց և Սպանդարյան փողոցներում կատարողական գործողությունների իրականացման ընթացքում թույլ են տվել մի շարք ոչ իրավաչափ գործողություններ: Տեղի ունեցածը ասոցիացիան գնահատում է ապօրինություններ, պաշտոնական դիրքի չարաշահում բռնությունների կիրառմամբ, լրագրողների օրինական աշխատանքը խոչընդոտելու փաստ և պահանջում ՀՀ գլխավոր դատախազից քննության առնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խմբի վերը նշված ապօրինությունները և պատասխանատվության ենթարկել: Տնակային ավանի երեք բնակիչներ հաղորդում են ներկայացրել Լոռու մարզի մարզի դատախազին` ապօրինի գործողությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
« • ԴԱՀԿ-ի աշխատակիցները խոչընդոտել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցի և «Առավոտ» օրաթերթի լրագրող Լարիսա Փարեմուզյանի աշխատանքը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին սպառնալով վերցնել լուսանկարչական ապարատը, իսկ Լարիսա Փարեմուզյանի ձեռքից քաշքշել և վերցրել լուսանկարչական ապարատը, ջնջել դրանում եղած նկարները
• Երևանի Դատական ակտերի հարկադիր կատարողները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել երիտասարդ մի կնոջ և 5 ամսական երեխայի հետ միասին գցել գետնին
• ԴԱՀԿ աշխատակիցները մի տարեց կնոջ իր բնակարանից բռնի ուժով հանել են, հետո տեղափոխել ոստիկանության բաժին և միայն ոստիկանապետի հետ ունեցած առանձնազրույցից հետո բաց թողել
• տարհանվող տների իրերի գույքագրումը իրականացվել է առանց սեփականատերերի ներկայության. նրանց ուղղակի չի թույլատրվել ներս մտնել
• քաղաքապետարանի բանվորները բնակիչների իրերը դատարկել են անփութությամբ և տնակային ավանի բնակիչների կամքին հակառակ տեղափոխել Լենինգրադյան տնակային ավան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել