HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ապացուցվեց, որ տղաս չի էլեկտրահարվել»

27-08_Suren-Ohanjanyan«Ապացուցվեց, որ տղաս չի էլեկտրահարվել, ինչպես դատաբժիշկն էր պնդում: Հնարավոր չի, որ 30 վոլտից մարդ մահանա: Ես պնդեցի, որ էներգետիկայի նախարարության մասնագետը տեղում արձանագրություն կազմի, որի տակը բոլորը ստորագրեցին, որպեսզի հետագայում այդ թիվը չկեղծեն»,- «Հետքին» տված հարցազրույցում պատմեց զորամասում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը: Երեկ Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում կատարվել է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն, որի ընթացքում պարզվել է, որ զորամասի ալեհավաքում առկա էլեկտրական լարումը ընդամենը 30 վոլտ է:

Տիգրանը մահացել է 2007 թվականի օգոստոսի 30-ին, պաշտոնական տվյալներով` մահվան պատճառը մարմնի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է: Սակայն ծնողները մշտապես պնդում էին, որ իրենց որդուն սպանել են: «Այժմ բոլորը համոզվեցին, որ մենք ճիշտ էինք, Տիգրանին սպանել են, 30 վոլտից մարդ չի կարող մահանալ»,- ասում է զինվորի մայրը` Գոհար Սարգսյանը:

«Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը եւ Արդարադատության նախարարության էլեկտրոփորձագետ Գենադի Հարությունյանը կեղծ եզրակացություն են գրել եւ համատեղել են իրար հետ,- համոզված է Սուրեն Օհանջանյանը,- ես իմ երեխային առանց դիմացի կտրող ատամի էի բանակ ուղարկել, իսկ բժիշկը պնդում է, թե նրա ատամը տեղում է: Ո՞նց կարող է նման բան լինել»: Նշենք, որ Տիգրան Օհանջանյանի մահվան գործով կան մեղադրյալներ` Կապի հանգույցի պետ, կապիտան Ռոստոմ Խաչատրյանը եւ ենթասպա Կարեն Թովմասյանը: «Կարող է` այդ երկու մեղադրյալներն ընդհանրապես կապ չունեն: Նրանց հոսանքի համար են դատում, պարզվեց` հոսանք չկա ալեհավաքի մեջ»,- ասում է մահացած զինվորի հայրը: 27-08-T.Ohanjanyan

Իսկ Գոհար Սարգսյանը հիշեցնում է, որ երբ պետք է տեղի ունենար Տիգրանի արտաշիրիմումը, դատավոր Յուրի Իսկոյանը եւ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը եկել էին գերեզմանոց: «Ես զանգահարեցի նրանց եւ ասացի, ինչո՞ւ այժմ ներկա չեք դատաէլեկտրական փորձաքննությանը: Ինձ պատասխանեցին, թե պարտադիր չի, որ մենք ներկա լինենք: Ես էլ ասացի` իսկ պարտադիր էր, որ դուք արտաշիրիմմանը Գավառից շքախմբով գայիք-հասնեիք Երեւանի գերեզմանատուն: Ես ասացի` հասկացա ձեզ, դուք եկել էիք գերեզման` դիակը գողանալու, քանի որ գիտեիք, որ տուժողի իրավահաջորդը չի լինելու արտաշիրիմմանը»,-պատմում է տիկին Գոհարը: Որդեկորույս մայրը չգիտի, թե ով է որդու մահվան իրական մեղավորը, սակայն վստահ է, որ նրան ուզում են թաքցնել: «Իրենք հենց սկզբից էլ գիտեին, որ այդտեղ հոսանք չկա, նշանակում է` ուզում էին գործը կոծկել: Բայց մենք չգիտենք, թե ով է Տիգրանին սպանել»,- ասում է Գոհար Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter