HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական ապատեղեկատվությունը՝ պաշտպանության միջոց. այս անգամ ԿԳՆ-ից

Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությանը և ելնելով հասուն հանրային բանավեճի շահերից՝ հնարավորինս կանտեսենք այդ հաղորդագրության մեջ նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիան ու խորհրդային որոշ առաջնորդներին բնորոշ դատարկ որակումները:

Միևնույն ժամանակ փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները կամ ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով, կամ իսկապես տեղյակ չեն, որ «մաթեմատիկա» հասկացությունը բաղկացած է երկրաչափությունից, մաթեմատիկական անալիզից, ինչպես նաև հանրահաշվից:

ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ուղարկվել իրավախախտում հայտնաբերելու վերաբերյալ որոշում, որտեղ շատ հստակ ներկայացվել են նախարարության կատարած իրավախախտման վերաբերյալ մանրամասները, դեպքի հանգամանքները և իրավական հիմնավորումները: Այդ որոշումից որպես սեղմագիր հանրությանն է ներկայացվել իրավախախտման համառոտ նկարագիրը:

Հանրությանն ավելորդ չծանրաբեռնելով այն հանգամանքով, թե մրցույթը հանրահաշվի, երկրաչափության, թե ընդհանուր մաթեմատիկայի դասագրքի վերաբերյալ է՝ մամլո հաղորդագրության մեջ նշվել է «մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքի» մասին:

Հատուկ չի մասնավորեցվել, որ շահերի բախում ունեցող մրցութային հանձնաժողովի անդամը եղել է հաղթած գրքի խմբագիրը, այլ նշվել է «հանձնաժողովի անդամի գիրքը»:

Համառոտ հաղորդագրությունը նպատակ է ունեցել հանրությանը բացառապես տեղեկացնել սխալ անցկացված մրցույթի, շահերի բախման և նախարարության ոչ իրավաչափ գործողությունների մասին:

Մարդու իրավունքի խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու և սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսևորելու փոխարեն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով և խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ինչպես արդեն իսկ վնասել է այդ ինստիտուտին դիմած քաղաքացու իրավունքի իրացմանը:

Որպես հետգրություն.
Քննարկվող իրավախախտման դեպքով մեջ բերենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/07-1/9078-11 գրությունից. «...մրցույթի կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը ներկայումս հստակ կանոնակարգված չեն, և մինչև հաջորդ մրցույթ անցկացնելը կմշակվի համապատասխան ընթացակարգ, որով կնախատեսվեն հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները»: Սեփական սխալները պետք է կարողանալ ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում, այլև հրապարակայնորեն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter