HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դպրոցներում ընտրություններ չեն կեղծի, եթե տնօրեններին հասարակությունն ընտրի»

a-bakhshyan_28.08.09«Այսօր քաղաքական հարցեր չտաք, միայն կրթությունից ենք խոսելու»,-  «Հայացք» ակումբում կայացած ասուլիսից առաջ զգուշացրեց Ազգային ժողովի կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Նա լրագրողների ուշադրությանը ներկայացրեց հուլիսի 10-ին ընդունված եւ արդեն ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» օրենքի մի շարք դրույթներ: «Օրենքով պահանջվում է ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիր ունենալ, որը, ցավոք սրտի, մենք մինչ այսօր չունենք»,- ասաց Անահիտ Բախշյանը: Օրենքի համաձայն` տնօրեններին պետք է ընտրեն դպրոցի կառավարման խորհուրդները: «Այսպիսով մարզպետների ազդեցությունը դպրոցի վրա կնվազի: Կառավարման խորհրդի ձեւավորման նոր կարգ պետք է սահմանի կառավարությունը, նախորդ կարգի համաձայն` այն բազկացած էր 7 անդամից, որից 2-ը մանկավարժներ են, 2-ը` ծնողներ, իսկ մյուս 3-ին` համայնքն ու մարզպետն է նշանակում»,- տեղեկացրեց Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Կրթության եւ գիտության նախարարությունը եւս ցանկություն է հայտնել անդամ ունենալ դպրոցի կառավարման խորհրդում, ուստի որոշվել է Երեւանի դպրոցներում խորհրդի անդամների թիվը դարձնել 8: «Ստացվում է, որ 4-ը դպրոցի ներսից են, իսկ 4-ը` քաղաքապետարանից եւ նախարարությունից, տնօրեն ընտրելու հարցում խնդիր է առաջանալու: Ես ուզում եմ, որ նախարարությունը անդամ ունենա խորհրդում, բայց թող նա համայնքի անդամի փոխարեն ներկայացվի: Մեր քաղաքապետարանը թույլ չի տվել, որ իր 3 անդամների տեղերից մեկը նախարարությանը տրվի»,-տեղեկացրեց Անահիտ Բախշյանը: Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի` դպրոցների տնօրեն ընտրվելու համար քաղաքացին նախ պետք է սեփական միջոցներով վերապատրաստվի, այնուհետեւ համապատասխան հանձնաժողովից 5 տարի ժամկետով լիցենզիա ստանա եւ իր թեկնածությունը ներկայացնի կառավարման խորհրդի ընտրությանը: Իսկ ուսուցիչները պետք է 2010 թվականի մարտից վերապատրաստվեն պետական միջոցների հաշվին եւ մասնակցեն ատեստացիային: Ուսուցիչները կարող են ատեստավորվել մի քանի տարակարգերով: «Առաջին տարակարգն այն է, որ նա համապատասխանում է իր մասնագիտությանը: Բայց կարող են լինել ավելի բարձր` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տարակարգեր, որոնք անցնելու դեպքում, ուսուցիչների աշխատավարձերը առնվազն 20 տոկոսով կբարձրանա` ամեն տարակարգի համար»,- տեղեկացրեց Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով` «Հանրակրթության մասին» օրենքն ընդունվել է 100 տոկոսով եւ մնում է, որպեսզի իշխանությունը քաղաքական կամք դրսեւորի` դպրոցները ընտրակեղծիքներից զերծ պահելու համար: «Դպրոցներում ընտրություններ չեն կեղծի, եթե տնօրեններին հասարակությունն ընտրի»,- համոզված է ԱԺ պատգամավորը: Հայաստանում կրթության որակը բարձրացնելու համար տիկին Բախշյանն առաջարկում է ստեղծել կրթության որակի գնահատման անկախ հանձնաժողով, որը նախարարությունից որակ կպահանջի: «Այլապես ստացվում է, որ նախարարությունը կրթությունը մատուցում է, ինքն էլ իրեն գնահատում է, բնական է, որ ցածր գնահատական իր աշխատանքին չի տա, իսկ անկախ հանձնաժողովը կտա, թող դպրոցների վարկանիշային ցուցակներ հրապարակի, ներկայացնեն, թե որ դպրոցում է առարկայի որակը լավագույնը եւ որտեղ` վատագույնը»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter