
«Տնտեսությունում նկատվում են կայունացման միտումներ: Խոսքը միայն միտումների մասին է: Դրանք դեռևս այդքան կայուն չեն, և խնդիր կա այդ միտումները ամրապնդելու»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նա նշեց, որ աշխարհի կարևորագույն տնտեսություններում ռեցեսիայի ավարտի ազդակներ են նկատվում: Օրինակ` Եվրամիության երկրների, մասնավորապես Գերամիայի տնտեսությունում կան ցուցանիշներ, որոնք խոսում են տնտեսության` ռեցեսիայից հետզհետե դուրս գալու մասին: Նույնպիսի ցուցանիշներ կան նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում:
«Դա որոշակի դրական ֆոն է ստեղծում, որովհետև Հայաստանի տնտեսությունը, լինելով բաց, հանաշխարհային տնտեսության հետ փոխկապակցված տնտեսություն, բնականաբար ձևավորվում է, և Հայաստանի տնտեսությունում պրոցեսները զգալի չափով զարգանում են` հիմք ընդունելով գլոբալ զարգացումները»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամսվա արդյունքներով` ՀՆԱ-ի 18,5 % անկում է արձանագրվել, և կանխատեսեց, որ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը ավելի ցածր կլինի` հավանաբար մոտ 10-15 % անկում:
«Մենք կանխատեսում էինք, որ հաջորդ տարվանից արդեն հետզհետե կսկսվի տնտեսության վերականգնումը: Մենք կանխատեսում ենք 1-1,5 % տնտեսական աճ 2010 թ.-ին»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքերով` տնտեսության մեջ բավականին մեծ «ներարկումներ» են արվել և շարունակում են արվել, որոնց արդյունքը կնկատվի միայն տարվա վերջում, «և մենք կունենանք տնտեսության աշխուժացում»:
Տիգրան Դավթյանը նշեց, որ բյուջեի այս տարվա 7 ամսվա կատարման ցուցանիշերը «ադեկվատ են»: Պետական բյուջեի հավաքագրված եկամուտները 359 մլրդ դրամ են, իսկ իրականացված ծախսերը` 426,5 մլրդ դրամ: Ընթացիկ դեֆիցիտը 67 մլրդ դրամ է, որը ՀՆԱ-ի մոտ 4,7 % է:
«Սա ընթացիկ դեֆիցիտն է 7 ամսվա արդյունքներով: Ազգային ժողովը թույլ է տվել այս տարվա շրջանակներում ունենալ մինչև 7,5 % դեֆիցիտ: Կարծում եմ, որ մեզ կհաջողվի տարին ավարտել 6,5 դեֆիցիտի շրջանակներում: Ընդ որում` նախնական կանխատեսումներով` հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը կլինի այս տարվա մակարդակից մոտ 1 %-ով ավելի ցածր. նախատեսում ենք մոտավորապես 5-5,5 % մակարդակով` նկատի ունենալով հաջորդ տարիներին հետզհետե վերադառնալ այն չափերին, որոնք մենք ունեինք, և ընդհանուր առմամբ մոտենել մինչև 3 % դեֆիցիտի պետական բյուջեում»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նախարարը նշեց, որ իրենք ներկայումս աշխատում են հաջորդ տարվա բյուջեի վրա: «Հաջորդ տարվա բյուջեն լինելու է իրատեսական, համեմատաբար համեստ, որովհետև մենք պետք է ելնենք մեր ռեալ հնարավորություններից: Բայց միևնույն ժամանակ պետք է պահպանենք այն տնտեսական զարգացման և ֆինանսավորման մակարդակը, որն ունենք»,- ասաց նա:
Միաժամանակ Տիգրան Դավթյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրենք իրականացնում են պետական բյուջեով նախատեսված գրեթե բոլոր ծրագրերը` ընթացիկ և կապիտալ ծախսերը, և չկա ոչ մի չբավարարված հայտ:
«Այսինքն` բացարձակապես ճգնաժամը չի անդրադառնում բյուջեի ընթացիկ կատարման վրա»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նա հավելեց, որ անգամ կան ցուցանիշներ, որոնք այս տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են: Տիգրան Դավթյանի խոսքերով` սոցիալական ոլորտի ծախսերը, օրինակ, բյուջետային համակարգի աշխատավարձերը անցյալ տարվա համեմատ 18 տոկոսով աճել են:
«Բյուջեն բավականին մեծ ռեսուրսներ հիմա ունի: Մենք միասնական գանձապետական հաշվի վրա ունենք մոտավորապես 170 մլրդ դրամի գումար այս պահի դրությամբ` չհաշված ընթացիկ հոսքերը` եկամուտները և ծախսերը, որոնք արվում են: Այսինքն` ոչ մի վտանգ չկան բյուջետային ծախսերը չկատարելու առումով: Ուրիշ բան է, որ մենք, ունենալով բավարար ռեսուրսներ, իհարկե այս տարի աշխատում ենք խնայողական ռեժիմով»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ կան ծախսեր, որոնք տեղափոխվել են տարվա 4-րդ եռամսյակ: Դրանք պետական կառավարման համակարգի պահպանման, միջոցառումների, գործուղումների, սարքավորումների գնման ծախսերն են, որոնք կազմում են մոտ 93 մլրդ դրամ: Տիգրան Դավթյանի խոսքերով` այս ծախսերը էական ազդեցություն չունեն տնտեսության զարգացման վրա, հետևաբար ճգնաժամի պայմաններում դրանք անելը «ուղղակի ճիշտ չէ»:
Մյուս կողմից` ավելացվել են ծախսեր (40-50 մլրդ դրամ), որոնք նախատեսված չէին բյուջեի նախնական տարբերակով: Դրանք են աղետի գոտու վերականգնման աշխատանքների (որոնց համար այս տարի ծախսվելու է մոտ 24-25 մլրդ դրամ), Օպերատիվ շտաբի որոշումների իրականացման համար ռեալ տնտեսությանը վարկավորելու, կապիտալի մասնակցության համար նախատեսված (մոտ 7-8 մլրդ դրամ) ծախսերը և այլն: Այս ծախսերը, ֆինանսների նախարարի խոսքերով` ուղղված են տնտեսության խթանմանը և դրական ազդեցություն կունենան ՀՆԱ-ի վրա:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն ծախսերի ծրագիրը, որը նախատեսված է բյուջեով` 945 մլրդ ծավալով, մենք կկարողանանք այս տարի մինչև 905-910 մլրդ-ի շրջանակներում կատարել: Կառավարության իրավասությունների շրջանակներում է մինչև 10 տոկոս ծախսերի նվազեցում: Կարծում եմ` նույնիսկ այդ 10 տոկոսից ավելի փոքր կլինի այդ ծավալը»,- ասաց Տիգրան Դավթյանը:
«Ձեր բերած փաստարկներով բացառո՞ւմ եք սեկվեստրի կիրառումը» լրագրողի հարցին Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ ճգնաժամի իրավիճակում սեկվեստրի կիրառումն աննպատակահարմար է և ներկայումս չի ծրագրվում: Նա ասաց, որ տնտեսության անկման փուլում «կատեգորիկ դեմ» է ծախսերի կրճատմանը, և հակառակը` մենք պետք է ամեն ինչ անենք ծախսերը մեծացնելու համար:
«Պետությունը բավականին լուրջ խաղացող է տնտեսության մեջ, և պետության խնդիրն է լրացուցիչ ռեսուրսներ ներարկել տնտեսության մեջ, ավելացնել ծախսերը, որպեսզի դրանով խթանվի տնտեսության զարգացումը: Նաև պետության կողմից ծախսերի կրճատումը` սեկվեստրի իրականացումը, կնշանակեր ևս մեկ հարված տնտեսության ՀՆԱ-ին: Այսինքն` եթե մենք կատարեինք ծախսերի կրճատում, մենք չէինք ունենա 18,5 տոկոս, մենք կունենայինք ավելի շատ, և դա մուլտիպլիկացիոն էֆեկտ կթողներ նաև տնտեսության վրա բացասական իմաստով»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նա նշեց, որ իրենք ծախսերի պահպանումը եկամուտների օբյեկտիվ նվազման պայմաններում փոխհատուցեցին «դրսից ներգրաված ռեսուրսներով»:
«Որոշում կայացվեց ընդհանուր այդ վարկային ռեսուրսների զգալի մասը ուղղել ռեալ տնտեսություն: Ընդհանուր փաթեթը դրամային արտահայտությամբ մոտավորապես 185 մլրդ-ի կարգի է, որից արդեն որոշումներ են ընդունվել մոտ 120 մլրդ-ի հատկացումներ կատարելու` տնտեսության խթանման, զարգացման համար, որոնցից մոտավորապես 38,6 մլրդ դրամը արդեն տեղ է հասել տնտեսություն»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այս վարկային հսկայական միջոցները առաջիկա ամիսներին հնարավոր կլինի ամբողջությամբ տեղաբաշխել, և դրանք կհասնեն ռեալ տնտեսություն` տնտեսվարող սուբյեկտներին, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, միջին ձեռնարկություններին, խոշոր ձեռնարկություններին:
Նախարարի խոսքերով` 50 մլն դոլարին համարժեք ռեսուրս կառավարությունը տարվա սկզբին ուղղեց տնտեսություն` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Հայաստանը Համաշխարհային բանկից նաև 50 մլն դոլարի վարկային ծրագիր ստացավ, որը նույնպես հիմա ուղղվում է տնտեսություն:
«Որոշ ռեսուրսներ արդեն սկսել են հանել սուբյեկտներին: Բայց իհարկե որոշակի ժամանակ է պահանջվում, որ այդ կապիտալը սկսի ռեալ աշխատել և արդյունք տալ: Մեր կանխատեսումներով` արդեն 4-րդ եռամսյակում այդ արդյունքները ակնառու կլինեն, և դա նաև հիմք է տալիս մեզ որոշակի լավատեսությամբ նայել տարվա արդյունքների կտրվածքով տնտեսական աճի տեմպերին»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել