Վարկերը տնտեսություն ուղղելով` կառավարությունը «3 նապաստակ է սպանում»
«Պետական պարտքը հստակ կառավարվում է, հստակ հաշվարկվում է: Եվ մենք գտնվում ենք թույլատրելի շրջանակներում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նա հավելեց, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը սահմանում է ՀՆԱ-ի մինչև 60 տոկոսի չափով պետական պարտք ունենալու հնարավորություն:
«ՀՆԱ-ի 50 տոկոսի պարագայում արդեն որոշակի սահմանափակումներ են մտցվում, մասնավորապես նախատեսվում է, որ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3 տոկոսը, այսինքն` 50 տոկոսը անցնելու դեպքում արդեն կառավարությունը որոշակի զսպողական ռեժիմով է սկսում աշխատել: Բայց այդ չափաքանակները մենք չենք հատել և հատելու մտադրություններ չունենք: Նույնիսկ այն լրացուցիչ ռեսուրսները, որոնք ներգրավվել են այս տարվա ընթացքում, գտնվում են այդ թույլատրելի չափաքանակների շրջանակներում: Մենք ունենք ծրագրավորված, թե մինչև 2025 թ. ինչպես են կատարվելու վարկերի մարումը, սպասարկումը»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե այսօր վերցված վարկերը քանի՞ տարի հետո պետք է սկսել վերադարձնել: Տիգրան Դավթյանը նշեց, որ իրենք վարկերը տրամադրում են բավականին խիստ պայմաններով:
«Ոչ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե նվերներ ենք բաժանում: Սրանք բոլորը վերադարձվելիության սկզբունքների վրա են: Տրամադրվող վարկերը գրավադրվում են բավականին խիստ պայմաններով»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` վարկերը տնտեսություն ուղղելով` իրենք «2 նապաստակ են սպանում». և ռեսուրսներ են ներգրավում` խթանելու տնտեսությունը, և վարկերի սպասարկման ծանրությունը պետությունը տեղափոխում է դեպի սուբյեկտ:
«Այդ վարկերի սպասարկման մի մասը պետության վրա չի ընկնում: Այդ վարկերի սպասարկումը իրականացնելու են այդ թվում լեռնամետալուրգիական ընկերությունները, փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունները: Իհարկե, պետությունը երաշխավորում է այդ վարկերի սպասարկումը, բայց մենք համոզված ենք, որ այդ վարկերը ժամանակի ընթացքում կվերադարձվեն, և մենք էլ կվերադարձնենք մեր գործընկերներին` Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Ռուսաստանի Դաշնությանը: Այդ առումով սպասարկման ռիսկայնությունը զգալիորեն նվազում է»,- ասաց Տիգրան Դավթյանը:
«Վերջին հաշվով վարկերի բեռը սպառողի վրա չի՞ ընկնելու, և տնտեսվարող սուբյեկտը կարող է գինը բարձրացնել, որ կարողանա այդ վարկերի բեռի տակից դուրս գալ»,- հարցրեց լրագրողներին մեկը:
Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ «իրենք նաև երրորդ նապաստակն են սպանում», քանի որ վարկերը տրամադրում են արտոնյալ պայմաններով` ավելի ցածր տոկոսադրույքներով, քան կան շուկայում և դրանով նպաստում են, որ բանկային համակարգի իրոք բարձր տոկոսադրույքներն իջնեն:
Նրա խոսքերով, օրինակ Համաշխարհային բանկի վարկերը «շատ սիմվոլիկ տոկոսադրույքներ» ունեն: Կառավարությունը, իր հերթին, այդ վարկերը «բավականին ցածր տոկոսադրույքներով» տրամադրում է Կենտրոնական բանկին, վերջինն էլ` սուբյեկտներին:
«Իսկ անմիջական վարկավորումը իրականացվում է, ասենք, պայմանականորեն 10 տոկոսի շրջանակներում: Այսինքն` սուբյեկտները, որոնք պետությունից ստանում են վարկավորումը, ստանում են շատ ավելի լավ պայմաններով և ցածր տոկոսադրույքներով, քան կա շուկայում: Իհարկե, անտոկոս վարկ չի լինում, և այդ վարկերը մենք պետք է սպասարկենք»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նա հավելեց, որ «ցանկացած ծրագիր, ցանկացած տնտեսություն, վերջին հաշվով, սպառողն է վճարում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել