
Այսօր «անվճար գրկախառնությունների» օրն է. փողոցում անցնող մարդիկ կարող են մոտենալ Ձեզ եւ անվճար գրկել: Այս տարի առաջին անգամ «անվճար գրկախառնությունները» մեծ մասշտաբներով նշելու են նաեւ Երեւանում: Տասնյակ երիտասարդներ` պաստառներով, Հանրապետության Հրապարակից կշարժվեն դեպի Սիրահարների այգի` ճանապարհին գրկելով պատահական անցորդների:
«Մենք` հայերս, աշխարհին հայտնի ենք որպես տխուր ազգ, ուզում եմ, որ այդ կարծրատիպը կոտրվի, ես այսօր մասնակցելու եմ անվճար գրկախառնությանը, արդեն 8 հոգու գրկել եմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց 22-ամյա Ռուզաննան:
18-ամյա Արտեմը շատ է ոգեւորված գեղեցիկ աղջիկներին գրկելու «անվճար հնարավորությունից»: «Առանց որեւէ կեղտոտ մտքի, պարզապես մենք միմյանց նկատմամբ շատ կոպիտ ենք, այսօր բոլորին կգրկեմ, եւ ոչ ոք ինձնից չի նեղանա»,- ասում է Արտեմը:
«Ջահել են, ուզում են լկստվեն, էլի, եթե ուզում են, թող իրար գրկեն, պատահական մարդկանց պետք չի խառնել»,- մեզ հետ զրույցում «անվճար գրկախառնությունների» վերաբերյալ իր կարծիքը հայտնեց 49-ամյա Վիգենը:
Այնուամենայնիվ, այսօր «անվճար գրկախառնությունից» դժվար կլինի խուսափել, քանի որ բազմաթիվ երիտասարդներ այս ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել:
Նշենք, որ «անվճար գրկախառնությունների» գաղափարը ծնվել է Ավստրալիայում` 2004-ին, երբ քաղաքացի Ժուան Մանիին օդանավակայանում ոչ ոք չէր եկել դիմավորելու: Ժուանը թղթի վրա գրել է «Free hugs», այսինքն` «անվճար գրկախառնություններ», եւ սկսել է գրկել պատահական անցորդներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել