ՄԻ պաշտպանը քաղաքապետին խնդրում է պարզաբանել
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Բեգլարյան,
Երևան քաղաքի Եկմալյան 1-ին փողոցի 1 տան նախկին բնակիչ Հարություն Թյունիբաբյանն ու մի շարք այլ նախկին բնակիչներ (1-3 տներ) Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում հայտնել են, որ 29.04.2006թ.-ին «Գրադինվեստ» ՍՊԸ-ն, ի դեմս փոխտնօրեն Ս. Աղազարյանի, Երևանի քաղաքապետի լիազորված անձը հանդիսանալով և վկայակոչելով ՀՀ կառավարության 17.06.2004թ. թիվ 909-Ն, 24.05.2005թ. թիվ 1110-Ա, 01.08.2002թ. թիվ 1151 որոշումները` Երևան քաղաքի գլխավոր պողոտայում պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով, իրենց հետ կնքել է պայմանագրեր:
Պայմանագրերի համաձայն` «Գրադինվեստ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 2008թ.-ի հունիս ամիսը վերը նշված հասցեում, իր կողմից կառուցվող շենքում բնակարաններ հատկացնել նախկին սեփականատերերին, իսկ չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տուժանք բնակարանի` տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքի 0,03 տոկոսի չափով:
Մինչ օրս շենքը չի կառուցվել և ոչ մի հատուցում չի տրվել, որի արդյունքում ավելի քան 60 ՀՀ քաղաքացիներ մնացել են անօթևան:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ դիմումում նշված տեղեկությունների վերաբերյալ ներկայացնել Ձեր պարզաբանումը, որն ակնկալում եմ ստանալ 20-օրյա ժամկետում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել