«Փարոսը» դարձել է ամուսնալուծությունների պատճառ
Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳ) նվազել են գրանցված ծնունդների, մահվան եւ ամուսնության դեպքերը: Աճել է ամուսնալուծությունների թիվը: Եթե 2008 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Սեւան քաղաքում եւ նրա հարակից գյուղերում, ըստ գրանցման, ծնվել է 339 երեխա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 334 ծնունդ: Նախորդ տարի Սեանի ՔԿԱԳ-ում գրանցվել է մահվան 227, այս տարի` 196 դեպք: 2008-ին ամուսնացել են 164 զույգեր, իսկ այս տարի` 137: Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ 2-ով ավելացել է ամուսնալուծությունների թիվը` նախորդ տարվա 24-ի փոխարեն այս տարի գրանցվել է 26 ամուսնալուծություն:
Սեւանի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանը արձանագրված թվերի իր բացատրությունն ունի. «Քաղաքի ու մարզերի միջեւ մահացության տարիքային տարբերությունը զգալի է, քանի որ մարզերում հիմնականում մեծահասակ բնակչությունն է մնացել, ու դրանից ելնելով էլ` մահացությունը շատ է: Մարզերի երիտասարդները կամ հանրապետությունից դուրս են գնում, կամ էլ` Երեւան են տեղափոխվում:
ՔԿԱԳ պետից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է մահացության հիմնական պատճառը, եւ ի՞նչ տարիքային առանձնահատկություններ են նկատվում:
«Հիմնականը միջին տարիքի տղամարդկանց մոտ հանդիպում են սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունները: Երիտասարդների պարագայում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացության դեպքերը: Կանանց մոտ էլ` կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերն են շատացել: Եթե մի քանի տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղից մահացող կանանց տարիքը հիմնականում 35-40 տարեկանն էր, հիմա ավելի երիտասարդ տարիքում էլ է հանդիպում` 26 տարեկանից սկսած»,- ասաց Մ. Կիրակոսյանը:
Անդրադառնալով ամուսնալուծություններին` տիկին Կիրակոսյանը նշեց, որ դրանք հիմնականում սոցիալ-կենցաղային պատճառ ունեն: «Շատ է պատահում, որ կինն է դիմում դատարան` արտերկիր մեկնած ամուսնուց բաժանվելու համար, քանի որ նա այնտեղ ամուսնացել է ու ընտանիք ունի: Երբեմն ձեւական ամուսնալուծություններ էլ են լինում, որպեսզի արտերկիր մեկնող ամուսինը հեշտությամբ այնտեղ գրանցվի կամ քաղաքացիություն ստանա: Մեր գլխին իսկական պատուհաս է դարձել նաեւ «Փարոսը»: Ամուսինները ձեւական ամուսնալուծվում են, որպեսզի «Փարոս» ստանալու համար բալերը հերիքեն ու մի քանի դրամ ստանան: Ճիշտ է, այս դեպքում ամուսինները միասին են ապրում եւ համատեղ տնտեսություն են վարում, սակայն համարվում են ամուսնալուծված»,- ասաց Մանուշ Կիրակոսյանը:
ՔԿԱԳ-ում ամուսնությունները հիմնականում սովորական են լինում` գալիս են հարսն ու փեսան ու ամուսնությունը գրանցում: Երբեմն էլ ամուսնությունը գրանցում են այն ժամանակ, երբ երեխա պետք է ծնվի, ու հայրերը ցանկանում են անմիջապես իրենց ազգանունը տալ երեխային: Մանուշ Կիրակոսյանի փոխանցմամբ` իրենց բաժնում տարվա ընթացքում մոտ 10 դեպք են ունենում, երբ ամուսնացողները ցանկանում են իրենց ամուսնությունը հանդիսավոր կերպով գրանցել:
«Օրենքը թույլ է տալիս հանդիսավոր ամուսնությունները գրանցել ինչպես ՔԿԱԳ բաժնում, այնպես էլ այլ վայրերում: Այլ վայրերի տակ շատ բաներ կարելի է հասկանալ` տանը, ռեստորանում եւ այլն: Ճիշտ է, օրենքը նախատեսել է, ու դրա համար էլ բարձր տուրք է սահմանվել (սովորական ամուսնության դեպքում պետտուրքը 1000 դրամ է, իսկ այլ վայրում ամուսնությունը գրանցելու դեպքում` դրա տասնապատիկի չափով` 10000 դրամ - հեղ.), բայց ես դա չեմ ընդունում: Դեմ չեմ, եթե մարդու համար դա ճոխության ձեւ է, թող այդ գումարը վճարի ու այլ վայրում ամուսնությունը հանդիսավոր կերպով գրանցի, բայց, իմ կարծիքով, այլ վայրում ամուսնությունը գրանցելիս պետական զգացողություն չկա: Ավելի շատ թամադայի ենք նմանվում` ինչքան էլ պետական խորհրդանիշերի առկայությունն ապահովենք: Նույնիսկ, եթե եկեղեցական արարողությունն արվի եկեղեցուց դուրս, ու քահանան նույն խոսքերն արտասանի, միեւնույն է` խորհուրդն արդեն կորում է: Նույնն էլ մեր դեպքում է: Ռեստորանում ինչքան էլ ազդեցիկ խոսեմ ու լավ-լավ խոսքեր ասեմ, միեւնույն է` նույն զգացողությունը չեմ կարող արթնացնել, ինչ բաժնում գրանցելու դեպքում: Բայց քանի որ մենք շատ թիթիզ ազգ ենք, այդ ձեւականությունները մեր մեջ դարերով նստած են: Եղել է, որ գնամ ռեստորանում ամուսնությունը գրանցեմ, բայց հաճույքով չեմ արել: Ավելի շատ պարտականության նման է եղել, որ ստիպված արել եմ»,- ասաց ՔԿԱԳ Սեւանի բաժնի պետը:
Տիկին Կիրակոսյանին հարցրինք, թե իրենց բաժին մտնող քաղաքացիներն ի՞նչ տրամադրությամբ են գալիս ամուսնությունը կամ ծնունդը գրանցելու: «Հիմա մարդիկ այնքան մտահոգ են, որ ստիպված ես եմ կատակներ անում, որպեսզի ուրախ այստեղից տուն գնան,- պատասխանեց Մ. Կիրակոսյանն ու նույն պահին հիշեց մի զվարճալի դեպք:- Մեր քաղաքապետարանի կոմունալ բաժնի բանվորներից մեկը երեխա էր ունեցել: Ուրախ-ուրախ երեխայի ծննդականի համար եկավ մեզ մոտ: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել էր, ես էլ ուշադիր չնայեցի հիվանդանոցի տված տեղեկանքում երեխայի սեռը ու միանգամից ծնողին հարցրի, թե ի՞նչ անուն են ցանկանում երեխային տալ: Հայրն ասաց, որ տղային ցանկանում է Կառլեն անունը տալ, ես էլ այդպես գրանցեցի ու ծննդականը տվեցի` մտածելով, որ, իրոք, նորածինը տղա է: Հայրը գնաց տուն ու անմիջապես ետ եկավ: Հարցրի, թե ինչի՞ համար է ետ եկել, նա էլ ասաց, թե երեխան աղջիկ է: Շոկի մեջ ընկա` ո՞նց կարող է աղջիկ լինել, երբ նրա անունը Կառլեն է դրել: Հայրը բացատրեց, որ մայրն է իրեն հիվանդանոցում խաբել` ասելով տղա է ծնվել, որպեսզի այնտեղ կռիվ չանի, եւ ծննդականը տանելով տուն` նոր իմացել է, որ աղջիկ է ունեցել: Ստիպված վկայականը խոտանեցի, նոր վկայական գրեցի ու ճանապարհեցի: Այդ մարդու համար նույնպես շոկ էր, քանի որ գիտեր, թե տղա է ունեցել: Այդ դեպքից մի քանի ժամ էր անցել, բայց մենք չէինք կարողանում ծիծաղներս զսպել»:
Քանի որ մեզանում լայն տարածում ունի պաշտոնյաների մոտ «դատարկ ձեռքով» չգնալը, Մանուշ Կիրակոսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք սեւանցիները նույնպես «շնորհակալ» ժողովուրդ են:
«Եկեք տարբերակենք կաշառքն ու «մաղարիչը»: Մենք այդ բառն ունենք, ինչի՞ չօգտագործենք: Կաշառքը բոլորովին այլ բան է, ու մեր մենթալիտետին բնորոշ բան է «մաղարիչ» տալը: Մարդը երեխա է ունեցել ու որոշում է մեզ մոտ քաղցր բանով մտնել: Եթե մարդը ծաղիկ է բերում կամ քաղցրեղեն, դու չես կարող դրանից հրաժարվել: Օրինակ` ես չեմ կարող քաղցրից հրաժարվել ու տալ քաղաքացու ձեռքը, ետ ուղարկել` նման բան պետք չի,- պատասխանեց ՔԿԱԳ բաժնի պետն ու կատակով ավելացրեց,- քաղցրից բացի` սեւանցիներից այլ «շնորհակալություն» չեմ ստացել ու չեմ էլ սպասում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել