HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը կաջակցի տուժած գյուղացուն, բայց ե՞րբ եւ ինչպե՞ս

31_08-hailԳյուղատնտեսական տարին վերջանում է, իսկ գյուղարտադրողն իրեն պարտված է համարում հողի հետ պայքարում: Բնական աղետների հերթագայությունը զգալի վնաս հասցրեց հենց գյուղատնտեսությանը: Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչ Ռաֆիկ Սահակյանի աճեցրած ձմերուկն ու սեխը այլևս վաճառքի ենթակա չեն: Բանջարաբույծը 1 մլն 500 հազար դրամ վարկ է վերցրել` հույսով, որ համայնքի բերրի հողերն իրեն անպտուղ չեն թողնի: «Գյուղի ամենաշատ վարկ վերցնողը ես եմ: Էս բոստանի վրա ամբողջ ընտանիքով ենք աշխատել: Ուրախացել էինք, որ բերքն այս տարի առատ էր: Լուրջ ակնկալիքներ ունեինք, որ լավ եկամուտ կստանանք, բայց չգիտեինք, որ մի քանի րոպեում բերքից էլ ենք կտրվելու, ակնկալիքներից էլ: Թե վարկը ո՞նց ենք տալու, տոկոսները ո՞նց ենք փակելու, չգիտեմ. մոլորվել-մնացել ենք»,- ասաց Ռաֆիկ Սահակյանը: Էջմիածինցի այգեգործ Լիպարիտ Այվազյանն էլ, որ 1 հա այգի ունի, կարկտի հասցրած վնասից կորցրել է դեղձի ու խաղողի բերքի 30 տոկոսը: «Քաղաքապետարանից հանձնաժողով եկավ, վնասի չափը գրեց` գնաց: Էլ ո'չ եկել են, ոչ` հետաքրքրվել: Գոնե պետությունը մի ձևով փոխհատուցի… Ես գիտեմ, որ փող չեն տա, բայց գոնե գարնան դեմ պարարտանյութ կամ թունաքիմիկատ տան, որ շուկայից թանկ ու կրակ չառնենք»: Պետության աջակցությանը սպասող հողագործին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը «Հետքի» միջոցով փոխանցեց. «Վնասի չափերը ներկայացվել է կառավարություն: Իսկ թե ի՞նչ տեսքով կլինի այդ աջակցությունը` պարարտանյութի, թունաքիմիկատի, սերմացուի, թե գումարի` դեռևս հստակեցման փուլում է, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»: Նախարարի տեղեկացմամբ` կարկտի, քամիների, ջրհեղեղների հասցրած վնասի չափը հանրապետությունում հասել է շուրջ 10 մլդ դրամի: Ներկայացնելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության ռազմավարությունը` նախարարն ասաց, որ նախորդ տարվանից ծրագիր է գործում, համաձայն որի` արդեն մեկնարկել է հանրապետության մարզերում հակակարկտակայաններ տեղադրելու գործընթացը: «40-50 կայան արդեն տեղադրվել է: Նախատեսվում է մինչև ծրագրի ավարտը` 2012 թվականը, կայանների թիվը հասցնել 250-ի»: Չկասկածելով կայանների արդյունավետությանը` նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ տուժեցին հատկապես այն համայնքները, որտեղ կան գործող հակակարկտակայաններ: «Գործող կայաններից յուրաքանչյուը փակում է 80 հա վարելահող, մինչդեռ մենք ունենք 450-450.000 հա: Այսինքն` տեղադրվածները քիչ են: Դրա համար էլ վնասի չափերը մեծ եղան»,- ասաց նախարար Ալավերդյանը: Արմավիրի մարզի Շենավանի օրինակով նշենք, որ այս գյուղում, հենց հակակարկտակայանի անմիջական հարևանությամբ կարկուտը 60 տոկոսով վնասել էր խաղողի բերքը: Երկու անգամ տեղացած կարկուտն այս գյուղում գրեթե ոչինչ չի թողել. բերքն այնպես է փչացրել, որ պիտանի չէ նույնիսկ տնային պայմաններում պահածոյացնելու համար: Գյուղացիներն էլ ստիպված դրանք դարձնում  են անասնակեր: Շենավանցիների վարկային պարտքը բանկերին 1 մլն 800 հազար դոլարին համարժեք դրամ է: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter