HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Կոմունալ տնտեսությունները»` գումարների փոշիացման միջոց

Ղարաբաղի բոլոր շրջաններում գումարները հիմնականում փոշիացվում են կոմունալ տնտեսությունների միջոցով: Այսպիսի եզրահանգման է եկել ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Վերահսկիչ պալատի նախագահը նման հայտարարություն անելու հիմքեր ունի, որոնք էլ ներկայացվեցին ՎՊ-ի խորհրդի` օրերս կայացած հերթական նիստում, որտեղ քննարկվում էին «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբի շրջանակներում հանրապետության Հադրութի եւ Մարտակերտի շրջանների վարչակազմերին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության եւ նույն շրջանների որոշ համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները: Տեղեկացնենք, որ ստուգվում էին նշված օբյեկտների 2008 թ. գործունեությունը: Վերահսկիչ պալատի մասնագետները ստուգումների ժամանակ արձանագրել են մի շարք թերություններ եւ խախտումներ, որոնք բացառություն չէին նաեւ շրջանների կոմունալ տնտեսություններում: Օրինակ` Մարտակերտի «Կոմունալ բնակարանային» ՓԲԸ-ում կատարված ստուգումների արդյունքները վկայում են, որ ընկերության կողմից ամենատարբեր պատճառներով Մարտակերտ քաղաքի բնակչության մի մասին չեն մատուցվում այս կամ այն կոմունալ ծառայությունները (աղբահանում, կոյուղի), քաղաքի ջրամատակարարման մի մասն իրականացվում է ընդհանուր օգտագործման ծորակների միջոցով: Պարզվում է, որ ընկերությունը կոմունալ ծառայություն մատուցելու նպատակով բնակչության հետ չի կնքել համապատասխան պայմանագրեր, ասել է թե` բացակայում է ծառայություն մատուցելու իրավական հիմքը: Ընկերությունում նշված ծառայությունների մատուցման դիմաց հավաքագրված վճարների մասով հստակ հաշվառում չի վարվել, իսկ ղեկավարության կողմից նման իրավիճակին որեւէ բացատրություն չի տրվել: Եւ ստացվել է այնպես, որ որոշ բնակիչներ ծառայությունների դիմաց վճարում էին, որոշները` ոչ: Նույն վիճակն է նաեւ Հադրութում, որտեղ «Կոմունալ տնտեսություն»-ը նույնպես ծառայություններ է մատուցում առանց նշված բաժանորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման: «Տարբեր պատճառներով Հադրութ քաղաքում առկա բազմաբնակարանային շենքերի 270-ից ավելի բնակարաններում ու 610-ից ավելի մասնավոր առանձնատներում հաշվառված 3000-ից ավելի բնակչության միայն մի մասին է մատուցվում կոմունալ ծառայություններ, օրինակ` ջրամատակարարման ծառայություն մատուցվում է 1170 բնակչի, իսկ կոյուղու եւ աղբահանման ծառայություն` 483 բնակչի (բազմաբնակարանային շենքերի բնակիչներ)»,- նշվում է հաշվետվության մեջ: Վերահսկիչ պալատի մասնագետները պարզել են նաեւ, որ Մարտակերտի քաղաքային համայնքի եւ նրա ենթակայության տակ գտնվող «Կոմունալ բնակարանային» ՓԲԸ ղեկավարության կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում նրանց սեփականությունը համարվող գույքի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը: Նշված հիմնարկներին պատկանող թվով չորս շարժական միջոցներ (ավտոմեքենաներ, տրակտորներ) երկար ժամանակ գտնվում են անսարք վիճակում եւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ: Ընկերությունում հայտնաբերվել է նաեւ ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի խախտում. ընկերության Խուտորաշենի ջրամաքրման կայանի ավագ օպերատորը, հիմնարկի տնօրենի հրամանով, համատեղել է վարորդի պարտականությունները եւ ստացել ավել աշխատավարձ` 335.7 հազ. դրամ: ԼՂՀ կառավարության որոշմամբ` էքսկավատոր ձեռք բերելու նպատակով ընկերությանը հատկացված 2000.0 հազ. դրամ գումարը ընկերության կողմից ստացվել է 2007-ի դեկտեմբերի 27-ին, որը կանխիկացվել է 2008-ի հունվարի 10-ին եւ նույն օրը առ հաշիվ տրվել տնօրեն Ա. Հարությունյանին, ում նույն օրվա հրամանով գլխավոր հաշվապահին հանձնարարվել է հաշվառել ձեռք բերված էքսկավատորը, այն դեպքում, երբ բացակայում են դրա ձեռքբերումը հաստատող սկզբնական փաստաթղթերը, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարման փաստը: Իսկ սա, ըստ ՎՊ մասնագետների, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների խախտում է, եւ նրանց կողմից որակվել է որպես փաստաթղթերով չհիմնավորված ծախս` 2000.0 հազ. դրամի չափով: Վերը նշված գործարքի մասով չի հաշվարկվել նաեւ եկամտահարկ: Ընկերությունում եկամտահարկ չի հաշվարկվել նաեւ անաշխատունակության վճարված նպաստներից` 490,4 հազար դրամի չափով: Պարզվում է, որ Հադրութ համայնքի ղեկավարության կողմից նույնպես պատշաճ հսկողություն չի կատարվում «Կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գործունեության նկատմամբ. ընկերության հաշվեկշռում արտացոլված 6 (վեց) միավոր շարժական կազմից առկա չէր 215.5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան, որն, ըստ ընկերության աշխատակիցների, գողացվել է 1990-ական թվականների սկզբներին, սակայն հարցի լուծման ուղղությամբ վերահսկողություն չի սահմանվել: Ընդհանուր առմամբ, կոմունալ ընկերություններում հայտնաբերված խախտումներն ու թերությունները շատ էին, որոնք վերացնելու նպատակով Վերահսկիչ պալատն առաջարկություններ է ներկայացրել ինչպես կառավարությանը, այնպես էլ շրջանների ղեկավարությանը եւ համապատասխան հիմնարկների ղեկավարներին: «Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` մեկամսյա ժամկետում ԼՂՀ վերահսկիչ պալատին շրջանի պատասխանատուները պետք է տրամադրեն գրավոր տեղեկատվություն` հաշվետվությամբ արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ: Որ կոմունալ տնտեսությունները նույն վիճակում են հանրապետության բոլոր շրջաններում` խոստովանում են շրջանների պատասխանատուները: Նրանք ՎՊ խորհրդի նիստի ժամանակ նկատեցին, որ այդ բարձիթողի վիճակը շատ դժվար է շտկել մի շարք` տեխնիկական բազայի, համապատասխան մասնագետների բացակայության եւ այլ պատճառներով: Այս ամենի հետ համաձայնելով` ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանը, սակայն, գտնում է, որ ցանկության եւ համապատասխան վերահսկողության դեպքում կարելի է ինչ-որ հաջողության հասնել, առավել եւս ընկերությունները պարտավոր են առաջնորդվել գործող օրենքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter