«Միակ մարդը, որից կախված է նրանց ճակատագիրը` այդ պահին պաշտպանն է»
Այդ կարծիքին են ոչ միայն պաշտպանները, այլեւ քննիչները, երբ մեղադրյալներին համոզում են հրաժարվել պաշտպանի ծառայությունից
Հունվար ամսից մինչ այժմ Կոտայքի մարզի հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը նախաքննության փուլում ներգրավվել է մոտ 20 գործով, որոնք, նրա ասելով, հիմնականում, պաշտպանի պարտադիր մասնակցությամբ քննվող դեպքերն են եղել` անչափահասներ, հոգեկան հիվանդությամբ տառապողներ եւ այլն: Նկատելի է, որ Կոտայքի ոստիկանության քննչական բաժանմունքը 2009 թ. մարզի հանրային պաշտպաններին նախաքննություններին մասնակից է դարձրել միայն այն դեպքում, երբ օրենքը պարտադիր է համարում պաշտպանի մասնակցությունը եւ նպատակահարմար չէ հանրային պաշտպանին հրավիրել` պայմանով, որ կասկածյալը կամ մեղադրյալը պետք է հրաժարվեն նրանից:
Այն, որ մարզերում հանրային պաշտպաններից հրաժարումների թիվը մեծ է, ըստ Անուշ Մխիթարյանի, պայմանավորված է նրանով, որ հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ հանրային պաշտպանի գործունեության մասին:
«Իմ կարծիքով, ոչ ոք չի հրաժարվում պաշտպան ունենալուց, դա տեղի է ունենում միայն որոշակի սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ` հոգեբանական ճնշման, պաշտպանի գործունեության վերաբերյալ թյուրըմբռնման եւ այլ պատճառներով: Նախաքննություն իրականացնողները շատ հաճախ նրանց ոչ թե ստիպում են հրաժարվել պաշտպանի ծառայությունից, այլ` համոզում են, որ հ/պ պետք չէ` հավաստիացնելով, որ նրանց ճակատագիրն այդ պահին իրենցից է կախված, ուրեմն, ինչ ասի` այնպես էլ պետք է անեն եւ դա էլ հրաժարման հիմք է հանդիսանում»,- ասում է պաշտպանը:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է Ա. Մխիթարյանը, հրաժարումների պատճառը միանշանակորեն քննիչների ու դատավորների ուղղորդումով չպետք է բացատրել:
Այս հարցում մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ հանրային պաշտպանները, որոնք երբեմն չեն կարողանում մարդկանց բացատրել իրենց գործի կարեւորությունը:
«Եւս մի պատճառ կա, որն անհնար է շրջանցել. տարիների ընթացքում հանրության մեջ կարծրատիպ է առաջացել, եթե անվճար է` ուրեմն, չի կարող որակյալ լինել»,- ասում է պաշտպանը: Սակայն, նրա ասելով, այդ մտածելակերպն աստիճանաբար տեղի է տալիս, եւ նույնիսկ դեպքեր են եղել, երբ նախաքննության կեսից հանրային պաշտպան են պահանջել:
Հակառակն էլ է պատահել, երբ անձը նախաքննության փուլում հրաժարվել է պաշտպանից, հետո էլ խնդրել է արագացված դատաքննություն կիրառել: Նման դեպքերում արագացված դատաքննություն կիրառելու հայտարարությունների հիմքը, ըստ պաշտպանի, մի քանիսն է.
1. երբ նախաքննական մարմինը գործն ամբողջությամբ չի քննել եւ գործում ներառված չեն բոլոր հանգամանքները,
2. օբյեկտիվ քննություն չի կատարվել կամ ցանկություն կա կոծկելու կատարված հանցանքին այլ անձանց մասնակցությունը:
Լինում են նաեւ դեպքեր, երբ արագացված դատաքննություն են կիրառում միայն աշխատանքն ավելի հեշտացնելու համար` եգւ անձի, եգւ արդարադատության շահից ելնելով: Այսինքն, մարդը հանցագործություն է կատարել եւ ասում է` ինչ պատիժ ուզում եք նշանակեք: Սակայն, Ա. Մխիթարյանի ասելով արագացված դատաքննությունը շատ վտանգավոր է մեկ ուրիշ առումով. այն վերաբերում է միայն ապացույցներին, իսկ գործի դատական հանգամանքների վերաբերյալ քննարկումներ չեն լինում:
«Դատարաններում ես իսկապես խնդիր եմ տեսնում, շատ ժամանակ նախաքննության փուլում անձը պաշտպանից հրաժարվում է, իսկ նախաքննության ավարտին հայտարարություն է տալիս` խնդրելով արագացված դատաքննություն իրականացնել: Այս դեպքում ստացվում է, որ պաշտպանը գալիս է միայն ֆիզիկական ներկայություն ապահովելու համար, եւ սա շատ ցավալի է: Դատարանում ծանոթանում ես գործի նյութերին եւ տեսնում, որ արագացված դատաքննությունը տեղին չէ: Այստեղ դատարանների դերը կարեւոր է, եթե դատարաններն արդարացման դատավճիռներ չեն կայացնում, եւ դեռեւս մրցակցային դատավարության չենք անցել, այս իրավիճակում եգւ մենք` փաստաբաններս ենք խուսափում արագացված դատաքննություն կիրառելուց, եգւ մեղադրյալները»,- ասում է պաշտպանը:
Կոտայքի մարզի Հրազդանի տարածքն սպասարկող հ/պ Ա. Մխիթարյանն ասում է, որ նույնիսկ դեպքեր են եղել, երբ ինքն ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է արագացված դատաքննության նիստը հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենա ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթեր ձեռք բերել: Նախաքննության ընթացքում անձը պաշտպան չի ունենում, քննիչը պատժը մեղմացնելու համար անձը բնութագրող հանգամանքներ չի ներկայացնում գործում: Դատարանում, հաճախ ամբաստանյալին ստիպված են լինում համոզել, որ որպես պաշտպան պետք է գոնե իր անձը բնութագրող տվյալներ ներկայացնել, եթե այդ էլ չարվի` դատարանի պատիժն ավելի խիստ կլինի: Եվ, նրա ասելով, եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ տվյալ անձն ունի մի շարք անբուժելի հիվանդություններ, որոնք, եթե դատարանը հաշվի առներ որպես անձը բնութագրող հանգամանք, անպայման պատիժը կմեղմացներ: Այստեղ եւս ակնհայտ է դառնում պաշտպան ունենալու կարեւորությունը:
«Քննիչներին, բնականաբար, ձեռնտու չէ մեր մասնակցությունը, նրանք ուզում են, որ գործը մինչեւ վերջ սահուն գնա այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Պաշտպանի մասնակցությունը, նրանց համար խնդիրներ է առաջացնում զուտ իրավական տեսանկյունից, որոնց լուծումները շատ հաճախ իրենք էլ չեն տեսնում»,- ասում է Ա. Մխիթարյանը:
Նա ասելով պատահում է, որ մարդուն 2 օր կալանավորում են` առանց նրա կարգավիճակը ճշտելու, եւ նրանք պաշտպան ունենալու դիմում չեն գրում: Իրենց դիմում են ձերբակալվածների հարազատները` խնդրելով օգնել: Նրա կարծիքով այս հարցում օրենսդրական կարգավորումը լիարժեք չէ` եթե առաջնորդվում են հ/պ-ի գործունեությունը կարգավորող օրենքով, քանի դեռ հ/պ ներգրավելու մասին որոշում չկա` իրավունք չունեն մասնակցելու գործին: Այս պարագայում հանրային պաշտպանի բացակայությունն ավելի դյուրին է դարձնում նախաքննական մարմնի գործը` կաշկանդող հանգամանք չկա, եւ գործն ուղղորդվում է այնպես, ինչպես այդ մարմիններն են ցանկանում: Ակնհայտ է, որ այս դեպքում տուժում է մեղադրյալը:
«Բայց այստեղ խնդիր է առաջանում առաջին հերթին, որպես փաստաբաններ, մեր պարտքը կատարելու առումով. քաղաքացին դիմում է եւ դու նրան իրավաբանական օգնություն չես կարող ցույց տալ: Ստացվում է, որ չես կատարում մասնագիտական պարտքդ, քանի որ հանրային պաշտպան ես: Իմ կարծիքով, սա ճիշտ չէ, այս հարցին պետք է իրավական կարգավորում տրվի, քանի որ այդ պահին միակ մարդը, որից կախված է նրանց ճակատագիրը` պաշտպանն է»,- ասում է Անուշ Մխիթարյանը:
Հանրային պաշտպաններն իրավունք ունեն անվճարունակ բնակչությանը ծառայություններ մատուցելու նաեւ քաղաքացիական գործերով երեք դեպքում: Տեղյա՞կ է այդ մասին բնակչությունը, մեր հարցին` պաշտպանը պատասխանեց. «Հրազդանում բոլորը գիտեն, թե ինչ ծառայություններ եմ մատուցում, նրանց բացատրում եմ, որ կարող եմ անվճար մասնակցել նաեւ քաղ. գործերով դատավարություններին, եթե կարողանան փաստարկել իրենց սոցիալապես անապահով լինելը, ինչպես օրինակ, ալիմենտի պահանջի վերաբերյալ գործերով, որի համար ավելի հաճախակի են դիմում»:
Բելլա Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել