Քննիչն ամեն ինչ արել է, որ անչափահասը հարցաքննվի առանց պաշտպանի
Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի բնակիչ Անդրանիկ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու համար: Նախաքննության ընթացքում անչափահաս Անդրանիկը (նա մոտ 15 տարեկան է) պաշտպան չի ունեցել, սակայն քրեական գործում հայտնվել է փաստաբան Վարդան Հարությունյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը, ում ոչ Անդրանիկը, ոչ էլ նրա ծնողները չեն ճանաչում:
Անդրանիկի հայրը` Մաթեւոս Բադալյանը հայտարարեց, որ ինքը նման մարդու չի ճանաչում, հետեւաբար նրա արտոնագրի հայտնվելը քրեական գործում անհասկանալի է: «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 12-րդ հոդվածը սահմանում է. «Փաստաբանն իրավական օգնություն է ցույց տալիս վստահորդի հետ կնքած իրավական օգնություն ցույց տալու մասին պայմանագրի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` նշանակմամբ»:
Նշենք, որ փաստաբան Վ. Հարությունյանը հանրային պաշտպան չէ, որ նշանակվեր նրա որդու շահերը պաշտպանելու համար, իսկ քրեական գործում չկա նրանց միջեւ կնքված պայմանագիր, համաձայն որի նա իր որդու շահերի պաշտպանությունը վստահում է փաստաբան Վ. Հարությունյանին:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բաժանմունքի քննիչ Բագրատ Հարությունյանը նախաքննության ընթացքում Անդրանիկին ու նրա հարազատներին չի տեղեկացրել պաշտպան ունենալու իրավունքի մասին: Անդրանիկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Անդրանիկը պատմեց, որ քննիչն առանց պաշտպանի մասնակցութան իրեն հարցաքննել է Ջիլի համայնքապետարանում:
Վեց երեխաների հայր, գործազուրկ Մաթեւոս Բադալյանն ասում է, որ ինքն ու կինը վատառողջ են. ֆիզիկապես ի վիճակի չեն աշխատելու, եւ օրվա հացը նախրապանությամբ մի կերպ հայթայթում են բանակից վերադարձած երկու որդիները, հետեւաբար իրենք փաստաբան չէին կարող վարձել:
«Մենք չգիտեինք, որ հանրային պաշտպան գոյություն ունի եւ կարող ենք օգտվել նրա ծառայությունից: Քննիչը միայն ասաց` էստեղ դուք ամեն ինչ արեք, մնացածը ձեր գործը չի. էնպես կանեմ, որ գործը դատարան չի հասնի»,- պատմում է մեղադրյալի հայրը` Մաթեւոս Բադալյանը:
Վերջինիս խոսքերով, զրկված լինելով պաշտպանի օգնությունից` ինքը հավատացել է քննիչին, սակայն քննիչ Հարությունյանը իր խոստման մասին մոռացել է ու գործն ուղարկելով դատարան:
Գողության փաստով անչափահասի դեմ հարուցված քրեական գործը դատարան ուղարկելուց առաջ, քննիչ Բագրատ Հարությունյանն, այնուամենայնիվ, հիշել է փաստաբանի ստորագրության մասին: Քանի որ, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է` «քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է», իր գործն ավարտած քննիչը մեղադրյալի հարազատներին խորհուրդ է տվել օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից: Նրանց ուղարկել է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի հանրային պաշտպան Վազգեն Նիկոլյանի մոտ, սակայն հանրային պաշտպան Նիկոլյանը հրաժարվել է մասնակցել դատավարությանը, որովհետեւ քննիչը որոշում չի կայացրել մեղադրյալի շահերը պաշտպանելու համար գործում հանրային պաշտպան ներգրավելու մասին:
Վ. Նիկոլյանի ասելով քննիչը ցուցմունքն այնպես էր կազմել, ըստ որի` մեղադրյալը նյութապես ապահովված է, նրա ընտանիքը վճարունակ է եւ կարող են փաստաբանին վճարել: «Թեպետ անչափահաս, սակայն վճարունակ մեղադրյալի գործում ես ինչպե՞ս կարող էի ներգրավվել: Երբ քննիչին խորհուրդ տվեցի ցուցմունքը փոխել, նա զայրացավ ու ասաց` հնարավոր չէ»,- հիշում է հանրային պաշտպանը:
Դատարանից եւս Գավառի տարածաշրջանի հանրային պաշտպան Վ. Նիկոլյանին հրավիրում են անչափահաս Անդրանիկ Բադալյանի դատավարությանը մասնակցելու: Վերջինս կրկին պաշտպանին ներգրավելու մասին որոշում է պահանջում: Դատարանը որոշումը կայացնում է եւ ուղարկում հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ որոշվում է, որ դատավարությանը պետք է մասնակցի Վարդենիսի տարածաշրջանի հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանը:
Հենց նա էլ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզում է, որ իր պաշպանյալի գործում նախաքնության փուլում որպես փաստաբան ներգրավված է եղել փաստաբան Վարդան Հարությունյանը, որին սակայն իր պաշտպանյալը չի ճանաչում: Ա. Սաղաթելյանը հայտնեց, որ արագացված դատաքննության ժամանակ ինքը նախագահող դատավոր Ս. Մանուկյանին միջնորդել է կեղծիքի փաստով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին կամ կայացնել լրացուցիչ որոշում: Սակայն, դատական նիստի արձանագրության մեջ նշվել է, թե պաշտպանը հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի պաշտպանությունը լավ չի կազմակերպվել:
«Քանի որ դատական նիստի արձանագրության մեջ իմ հայտարարությունը խեղաթյուրված է արձանագրվել` դիտողություններ եմ ներկայացրել դատարանին` անճշտությունները վերացնելու հետ կապված: Դատարանն այն 3 օրվա ընթացքում պետք է քննարկեր ու որոշում կայացներ, բայց մինչ օրս չի պատասխանել»,- տեղեկացրեց հ/պ Ա. Սաղաթելյանը:
Մեղադրյալի հայրը` Մաթեւոս Բադալյանը, միայն դատարանում է իմացել կատարված կեղծիքի` Վ. Հարությունյան անունով փաստաբանի մասին եւ դիմել է Փաստաբանների պալատի նախագահին` խնդրելով «պատժել փաստաբան Վարդան Հարությունյանին այն բանի համար, որ նա «սուտ ստորագրել է, թե իբր մասնակցել է գործին»:
Պապին Մուրադյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել