HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք հաշմանդամ և երեք անչափահաս երեխաները` փողոցում

31_08-aidaԱիդան չի ուզում, որ երեք երեխաները կրկնեն իր ճակատագիրը Նազիկ Դեմուրյանն իր երեխաների ու անչափահաս թոռների հետ բնակվում էր Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի 208 սենյակում: Արդեն երրորդ ամիսն է` նրանց վտարել են ապօրինի տարածքը զբաղեցնելու պատճառով: «Մենք հիմա ապրելու տեղ չունենք, մեր բոլոր իրերը լցրել են հանրակացարանի մոտ գտնվող վագոնում: Մի մասն էլ դրսում է մնացել: Ես էլ Անդրանիկիս հետ մեկ մի ընկերուհուս, մեկ մյուսի տունն եմ մնում, Աիդան էլ էս կողմ, էն կողմ անցկացնում է օրը»,- ասում է տիկին Նազիկը: 31_08-aida-1Աիդայի անչափահաս երեխաներին ապաստանել է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը: 2 տարեկան Դիանան, 5-ամյա Էմանուելը և 7-ամյա Մարիաննան արդեն հայտնվել է մանկատուն գնալու վտանգի տակ, քանի որ վաղուց արդեն լրացել է ՀՕՖ-ի Կենտրոնում ապաստանելու մեկամսյա ժամկետը: Սենյակը չեն հասցրել սեփականաշնորհել Սենյակը պատկանում էր Նազիկ Դեմուրյանի մորաքրոջը` Էմմա Խաչատրյանին, ով Կրթության և գիտության նախարարության կողմից 1995 թ. ստացել է թույլտվություն և պայմանագրային հիմունքներով մինչև մահը` 2008 թ.-ի փետրվարը ապրել նշված սենյակում: Նազիկ Դեմուրյանն իր երեխաների ու թոռների հետ, հայրական տան մասնաբաժնից զրկվելով, մնացել էր դրսում: Իսկ Էմմա Խաչատրյանի մահից հետո հաստատվել էր այդ սենյակում: Մինչ տիկին Նազիկը դիմել է տարբեր գերատեսչություններ սենյակը սեփականաշնորհելու պահանջով ու նրան մի գերատեսչությունից ուղղորդել են մյուսը, այդ ընթացքում սեփականաշնորհման գործընթացն առավել արագ կարողացել է գլուխ բերել նկուղային հարկի բնակիչը` Էդուարդը` իր կնոջ անվամբ: Տիկին Նազիկը պնդում է, որ նրանք ապօրինի փաստաթղթերի միջոցով են կարողացել գլուխ բերել սեփականաշնորհման գործընթացը: Տիկին Նազիկը դիմել է թե' ԿԳՆ, թե' ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն, թե' թաղապետարան: ԿԳՆ տեղեկացրել է, որ Նոր-Նորքի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքն ամրակցվել է ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչությանը և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերվել է բնակիչներին, հետևաբար Նազիկ Դեմուրյանի բարձրացրած հարցի լուծումը նախարարության իրավասության շրջանակներից դուրս է: ԿԳՆ-ի «Նոր-Նորքի Ուսանողական ավան» ՓԲԸ-ն Նոր-Նորք համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին ուղղված գրության մեջ նշում է, որ նշված սենյակը ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության և ԿԳՆ կողմից ստեղծված հանձնաժողովը բնակվելու համար հատկացրել է Արմինե Բազոյանին, ամուսնուն` Էդվարդ Մանուկյանին և նրանց 2 անչափահաս երեխաներին: Տիկին Նազիկի գրություններից մեկին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Ն. Հարությունյանը պատասխանել է. «Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ ԿԳՆ կողմից ներկայացված տեղեկատվության` Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգված «Ուսանողական ավան» հանրակացարանային 5-րդ մասնաշենքի 208 սենյակում քաղաքացի Էմմա Խաչատրյանի կամ որևէ այլ անձի հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել, ՀՀ կառավարության 2008 թ.-ի սեպտեմբերի 4-ի որոշմամբ նշված սենյակը նվիրաբերվել է քաղաքացի Արմինե Բազոյանին»: Ի դեպ, Արմինե Բազոյանն էլ գրանցված է եղել Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում: Դեմուրյանները համառորեն չեն ցանկացել դուրս գալ սենյակից, բայց Էդվարդ Մանուկյանը և Արմինե Բազոյանը դիմել են Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վտարել Դեմուրյաններին գույքի հետ միասին: Մարտի 6-ին դատարանը բավարարել է հայցը: 31_08-aida-2Այս տարվա հունիսի 10-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դատարանի վճռով նրանց վտարել են 208 սենյակից` այն հանձնելով արդեն սենյակը սեփականաշնորհած Էդվարդ Մանուկյանին ու նրա ընտանիքին: Տիկին Նազիկը վրդովված հավելում է, որ իր մորաքույրը պատերազմի վետերան է, հասել է մինչև Բեռլին, բայց նրա սենյակը տրամադրվել է ոչ թե իրենց, այլ անծանոթ անձանց: Իսկ վետերանին պատկանող բոլոր իրերը իրենց իրերի հետ հիմա փողոցում են հայտնվել: «Մենք տիրություն էինք անում, վետերանի հուշերը գոնե հարգեին»,- ասում է տիկին Նազիկը: Տիկին Դեմուրյանը նույնիսկ համաձայն է հանրակացարանի նկուղային մասը զբաղեցնել, միայն թե գիշերելու տեղ լինի: Նա բազմաթիվ խնդրագրերով դիմել է թաղապետին, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետին, որպեսզի թույլ տան զբաղեցնել գոնե նկուղային հարկի սենյակը, որտեղ բնակվել է նույն Էդվարդ Մանուկյանը: «Դեմուրյանն ինքը ազատ բնակարան է ման գալիս, նա ուզում է առաջին հարկի նկուղային տարածքում բնակվել, բայց դրանք բնակելի չեն, մենք չենք կարող ոչ բնակելի տարածքները տրամադրել նրանց»,- պարզաբանեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Երեխաների ճակատագիրն անորոշ է 1988 թ. երկրաշարժից որբացած երկու երեխաներին` Անդրանիկին և Աիդային տիկին Նազիկը որդեգրել է Խարբերդի մանկատնից` 1994 թ.-ին: Տիկին Նազիկը 3-րդ խմբի հաշմանդամ է, որդին` 2-րդ, Աիդան էլ` 3-րդ: Վնասված է նրա աջ ձեռքը: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են թոշակներով և բնակարան վարձել չեն կարող: Մեծ աղջկան` Մարիաննային, այս ընթացքում երկու անգամ ճամբար են ուղարկել, հիմա նա տատիկի և մոր հետ է, իսկ երկու փոքրիկները մինչ օրս ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում են: ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի փոխտնօրեն եւ ծրագրերի ղեկավար տիկին Կտակյանը տեղեկացրեց, որ Նազիկ Դեմուրյանը չի կարող երեխաներին վերցնել և ցանկանում է ուղղորդել որևէ մանկատուն. «Բայց մանկատուն կողմնորոշելու համար որևէ հիմք չունենք, քանի որ երեխայի մայրը ու խնամակալը պետք է կամավոր հրաժարվեն երեխայից և նրա խնամքից, հետո մենք կկարողանանք առաջարկով դիմել նախարարություն: Մի տեսակ անորոշ վիճակում ենք»: Ռ. Կտակյանի կարծիքով, մայրը` Աիդան, նույնպես չի կարողանում փաստացի իրականացնել իր մայրական իրավունքը, նա որոշում կայացնելու հարցերում պասիվ է. «Մեզ թվում է` նա ևս որոշ խնդիրներ ունի` կապված հոգեկան առողջության հետ»: Տիկին Կտակյանի խոսքերով, երկու փոքրիկները ևս մտավոր խնդիրներ ունեն: «Դիանան ոչ մի բառ չէր ասում, այստեղ սկսել է արդեն բառեր, հնչյուններ արտաբերել, հասկացնել, թե ինչ է ուզում: Էմանուելը գերակտիվ ագրեսիվություն էր դրսևորում, հիմա բավականին հանգստացել է, հոգին խաղաղվել է: Սա նշանակում է, որ տանը իրավիճակը երեխաների համար բարենպաստ չի եղել, և երեխաների զարգացումը ետ է ընկած իրենց տարիքից: Այսքանից հետո վերադարձնել նույն պայմաններին` ճիշտ չէ, պետք է մտածել նոր պայմանների մասին»,- կարծում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի փոխտնօրենը: Աիդան, սակայն, չի ուզում իր երեխաներին ուղարկել մանկատուն, որպեսզի նրանք չկրկնեն իր ճակատագիրը: ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում Աիդայի և երեխաների տեսակցությունը լուսանկարելիս` փոքրիկ Դիանային գրավեց ֆոտոխցիկի լուսարձակումը: Մոտեցավ, որպեսզի ուսումնասիրի, իսկ իրենց նկարները ֆոտոխցիկի էկրանին տեսնելիս միայն մատով ցույց էր տալիս մորը` Աիդային, և անընդհատ կրկնում` «մամա»...: «Երեխաները կարոտում են, երեկ Էմանուելի մոտ ագրեսիվություն կար, ամեն ինչ կապված է կարոտի հետ: Երեխան շփման կարիք ունի, ամեն մեկի մեջ իր մամային է տեսնում»,- ասաց Ռ. Կտակյանը: Թե ինչպես է  դասավորվելու երեխաների հետագա ճակատագիրը, դեռևս հայտնի չէ: «Հիմա սեպտեմբերից պիտի դասի գնա, որտե՞ղ մնա, ի՞նչ անի էդ երեխեն»,- մտահոգվում է տատիկը: Աիդան չի ուզում երեխաներին մանկատուն ուղարկել, տիկին Նազիկը միակ լուծումը տեսնում է մի բնակարանի կամ թեկուզ հանրակացարանում մեկ այլ սենյակ իրենց տրամադրելու մեջ: Իսկ տիկին Կտակյանն այս իրավիճակից դուրս գալու ելքը մանկատունն է համարում: «Մենք նախարարության հետ համաձայնության ենք եկել` ընդլայնված քննարկում անել, բոլոր պատասխանատուներին հրավիրել մեզ մոտ և մտածել, թե ինչո՞վ ենք օգնելու այս ընտանիքին: Իսկապես լուրջ իրավիճակ է, երեխաներին դուրս անել չենք կարող, ժամկետը լրացել է, բայց որքան էլ մենք դեմ ենք մանկատուն կողմնորոշմանը, սա այն դեպքն է, կարծես թե մենք էլ ենք հակված, որ երեխաները գնան մանկատուն, որովհետև ավելի պաշտպանված կլինեն»,- կարծում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի փոխտնօրեն Ռ. Կտակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter