
«Շատ պատահականորեն իմացանք, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2003 թ.-ին տնակներից մեկի զբաղեցրած հողատարածքը վաճառել է: Բնակիչներս անհանգստացանք: Սակայն, 2006 թ.-ին տնակների զբաղեցրած հողատարածքները պետության կողմից քաղաքապետարանին հանձնվելուց հետո, առանց տնակների հողատարածքներն ազատելու և բնակիչներին տեղեկացնելու, քաղաքապետ Ս. Դարբինյանը ձևական աճուրդով դրանք վաճառել է քաղաքի օլիգարխներին, այդ թվում` հենց իրեն, իր եղբոր տղային, քաղաքի զինկոմին, քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաների և այլն: Քաղաքապետի և տնակային ավանի բնակիչների իրավական կռիվը դատարաններում սկսվել է 2007 թ.-ից և շարունակվում է այսօր»,- պատմեց տնակային ավանի բնակիչ Անահիտ Մարգարյանը:
Անցած 4-5 տարիներին տնակների բնակիչների դժգոհություններին հնչեղություն են հաղորդել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը բնակիչների հետ երկխոսության այդպես էլ չի գնացել, իր նախընտրական շահերից ելնելով` բնակիչներին խոստումներ է տվել ՏԻՄ ընտրությունների շեմին. «Ազիզ, մեկ էլ խնդրում եմ, Սամվել Դարբինյանին ասա` էկել, ընկել էիր ոտ ու ձեռ, ընտրեցինք քեզի, որ էսպես վարվես մեզի հետ»,- թախանձագին խնդրեց տնակային ավանի բնակիչ, 70-ամյա Բավական Խումարյանը:
«Էկել ասում էր` ինձ ընտրեք, 5 հազար դրամը Ձեզ կտամ, եթե մեկը կգա Ձեր քեֆին կկպչի, ամո’թ ինձ»,- հուզված գոռում էր տարեց մի կին, որի եղբոր հիվանդ կնոջը հարկադիր ծառայողները քաշքշել էին: «Հիմա գնա, ասա` հարկադիրն էկել ա, կպչում ա»,- տարեց կնոջ անեծքներից վիրավորված` զայրացած ասաց հարկադիր կատարող Արթուր Պետրոսյանը:
«Չկա, չկա, արձակուրդ ա, էմիրաթներում ա, հանգստանում ա»,- ճչալով հակադարձեց կինը:
Օգոստոսի 27-ին Վանաձորի Վարդանանց փողոցի տնակային ավանում ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության հատուկ խումբը` 50-ից ավելի անձնակազմով և Վանաձորի ոստիկանության հետ կատարողական գործողություններ իրականացրին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռների հիման վրա ստացված կատարողական վարույթներով:
Գործողությունների ընթացքում նրանք բռնությունների ենթարկեցին տնակային ավանի բնակիչներին` մասնավորապես կանանց ու երեխաներին: Դրանցից մեկին ականատես եղանք ժամը 13:30 սահմաններում` ավանի բնակչուհի Անահիտ Մարգարյանի տնակի տարհանման ժամանակ: Այս գործողությունն իրականացնելիս տնակի մոտ այլ լրագրող չկար: Գործողություններին հետևում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մի աշխատակցուհի, որը համարձակորեն սաստում էր հարկադիր ծառայողները:
Տնակի դռան մոտ կանգնած Անահիտ Մարգարյանը, հարկադիր ծառայողների մեծ բանակը տեսնելով, փորձեց կանխել նրանց մուտքը. «Ես չպիտի թողնեմ, չեք մտնելու իմ տնակը»:
«Ո'չ առաջինն ես, ո'չ էլ` վերջինը, դու չպետք է ասես, մենք ենք թելադրում, կարգադրում»,- ասացին ԴԱՀԿ աշխատակիցները, և ֆիզիկապես ուժեղ չորս-հինգ տղամարդիկ ոլորեցին Անահիտ Մարգարյանի ձեռքերը:
Անահիտը համառում էր, փորձում էր դուրս պրծնել տղամարդկանց հուժկու բազուկների միջից եւ գոռում էր. «Իմ դոմիկը չմտնես, դոմիկս չմտնես, քեզ ասեցի` չմտնես դոմիկս»:
«Արեք, շուտ արեք»,- Անահիտին հարվածելով ու հրելով` հրահանգում էին ԴԱՀԿ-ի աշխատակիցները: Նրանցից առանձնապես դաժանորեն էր գործում մոտ 30 տարեկան թիկնեղ մի երիտասարդ, որին գործընկերները Սաքո էին կոչում: Մի պահ 5-6 տղամարդիկ ձեռնամարտի բռնվեցին կնոջ հետ, որը կարող էր տխուր ավարտ ունենալ Անահիտի համար: Երբ Անահիտն ազատվեց տղամարդկանց ձեռքերից, նրա երկու ձեռքերն ու ոտքերն ամբողջովին ծածկված էին կապտուկներով:
Զավեշտականը, սակայն, նա էր, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամլո քարտուղարի` օգոստոսի 27-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հարկադիր ծառայողների գործողություններն անցել են առանց միջադեպերի, մինչև պարտապան Անահիտ Մարգարյանի տնակի տարհանման գործողությունները սկսելը: Նշված անձը սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ փորձել է հարվածել հարկադիր կատարողին»:
Որ ԴԱՀԿ անձնակազմն իր գործողություններն իրականացնելիս ցուցաբերեց մասնագիտական խղճուկ պատրաստվածություն և չուներ քաղաքացիների հետ աշխատելու կուլտուրա, ակնհայտ էր:

Գործում էր ընդամենը ուժը: Նշենք, որ ավանում ծանր միջադեպերով էին անցել նաև տնակների առավոտյան տարհանումները, որոնց մասին ավանի բնակչուհի
Լաուրա Ոսկանյանը պատմեց. «Վա~յ, մամա ջան, էն ի~նչ էր կատարվում առավոտյան, սաղ էս թաղը վազում էր, էն ի~նչ էին անում: Երանի տենայիք, թուրքը էդ բանը չէր անի, ամո'թ ինձ, թե թուրքն էդ բանն աներ: Թուրքը չէր անի: Տեհար, չէ, հարսիս ինչ ին արել»:
«Ուր գնանք էս անչափահաս երեխաների հետ: Մենք 5 անձ ենք, 25-ամյա տղաս էլ Ռուսաստանում նոր է մահացել: Դուրս եկավ, գնաց Ռուսաստան` մտածելով, որ կաշխատի, փող կստեղծի, կբերի, տուն կառնենք, էն էլ մեկ ամիս առաջ մահացած ետ բերեցին, ավտովթարից էր մահացել»,- արտասվելով պատմեց ավանի բնակիչ Մանուշակ Ղուկասյանը, որին նույնպես հարկադիրները քաշքշել էին:

«Էս քորփա երեխուն ծեծել են, բարուրը հետը շպրտել են: Եթե հանկարծ ավտոյի տակն ընկնեմ, սխալ չի: Ես հավատում եմ, որ գենոցիդ ա կատարվում: Որտեղ գնանք: Ասում եմ` արուն թափեմ, գոնե սենց ուրիշների դեմը առնեմ, սենց բան չանեն»,- արտասվելով ասաց Արարատ Բաղոյանը:
Արուս Ասրյանն էլ պատմեց. «Թևերիցս բռնել են, ոլորել են: Ասեցին` չես մտնելու դոմիկ: Չեմ կարողանում բացատրեմ, որ երեխաս մեջն ա, երեխուս եմ ուզում վերցնեմ»:

«Երկրաշարժին տունս քանդվել է, տրիկոտաժի մանկապարտեզում երեխաներին հանելու ժամանակ մնացել եմ փլատակների տակը: Ինձ բլրի տակից հանել են, տարել եմ ծանր վիրահատություններ: Հաշմանդամ եմ: Ձեռքիս մեջ շիշ ա դրված: Շաքարախտ եմ: Գրիժա ունեմ: Անմիջապես բռնի ձևով եկան, թևերս ոլորեցին: Ես գոռում եմ` շիշ ա ձեռքիս մեջ, մեղք եմ, էդ մոմենտին ընկա կանաչների մեջը, մեկ էլ աչքս բանամ, որ 2 միլիցա ինձ վերցնում են, ասի` զանգեք շաքարի բժշկին, մեղք եմ, գնում եմ, ասին` հա, կկանչենք, բայց էդպես էլ չկանչեցին: Թևերս սաղ կապտած ա: Մեկ էլ գրիժիս տվեցին, սիրտս կուլ գնաց»,- արտասվելով ու իր հիվանդությունների բժշկական փաստաթղթերը առաջս փռելով` պատմեց տարեց
Բավական Խումարյանը:
«Առանց զգուշացնելու եկան, պատ տվեցին, հանին սաղ շպրտեցին դուռը: Անամ չեմ էլ դիմադրել»,- արտասվելով պատմեց Մարթա Պապիկյանը:
Իր դժգոհությունը մեզ հայտնեց նաև հարկադիր ծառայող Արթուր Պետրոսյանը. «Էդ որ տապոռ ա քաշում օրենքի աշխատողի վրա, էս ամենը օրենքով ա կատարվում: Թե վճիռը ոնց ա կայացել, դա մեզ չի հետաքրքրում, էս տղերքը մեղք չունեն: Ժողովուրդը չի հասկանում, որ մենք մեր աշխատանքն ենք կատարում»: Ու մինչ հարկադիր ծառայողները կատարում էին իրենց տխուր գործը, Վարդանանց թաղամասի քանդվող տնակների հարևանությամբ իր հսկա շինարարությանն էր հետևում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր տղան` Վիկտոր Դարբինյանը:
Հարցրինք` ով է սարքում: «Սամվել Դարբինյանի ախպոր տղեն ա, էդ էլ, էն էլ: Ռեստորանային համալիր կլինի: Օրը մի մեռել ա թաղելու, մեկ է` չի վայելելու»,- եղբոր կնոջը` Մարետին պատճառած բռնությունների ցավից ճչում էր տնակային ավերված ավանում մի տեղ չկանգնող սևազգեստ տարեց կինը: «Տվել են, էն խեղճ Մարետին ջարդել են»,- շատ հեռվից դեռ լսում էի նրա ցավը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել