HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Քաղաքական աշնանը սպասելիս

31_08-autumnՅուրաքանչյուր տարի հենց այս օրերին ֆիզիկական ու հոգեբանական հանգստի, լիցքաթափման այնքան անհրաժեշտ շրջանից դուրս գալով՝ հասարակական միտքը տեղափոխվում է նոր սպասելիքների շրջափուլ՝ փորձելով կռահել, հասկանալ, թե իրավիճակային ինչպիսի փոփոխություններ, տեղաշարժեր, զարգացումներ են սպասվում առաջիկայում։ Այսպիսով, ինքնաբերեբար սկսում է ակտիվանալ, ինչ-որ տեղ հունավորվել հասարակական-քաղաքական կյանքը։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն չափել քաղաքական սեզոնների «թեժությունը» կամ ջերմաստիճանը, այլ առավելաբար պարզել, թե ինչի՞ արդյունք կարող է լինել ջերմության բարձրացումը, եւ թե ի՞նչ հնարավոր հետեւանքներ կարող են լինել։ Այս տեսանկյունից քաղաքական աշնան օրակարգային հիմնական հարցերը կարելի է բաժանել մի քանի մեծ խմբերի։ Հայ-թուրքական եւ Ղարաբաղյան թնջուկ Հայաստանյան հասարակական-քաղաքական միջավարը ոչ թե իրադարձությունների ծավալման, իրավիճակների փոփոխման առումով նախաձեռնություն ցուցաբերող է, այլ վաղուց ընդամենը պասիվ, պրիմիտիվ արձագանքող։ Եվ որքան բուռն է այդ միջավայրի արձագանքը, այնքան խորքային ու լուրջ են նրանից դուրս ընթացող գործընթացները եւ հակառակը։ Ակտիվ ունկնդրի այս կարգավիճակն էլ ամեն ներհասարակական գործընթաց հասցնում է ծեծվածության մակարդակի։ Այս քաղաքական սեզոնը եւս, բնականաբար, բացառություն չէ։ Հայ-թուրքական եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացները քննարկվում են ընդամենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում առաջիկա հոկտեմբերին Թուրքիա կատարելիք այցի պրիզմայով։ Եվ այս միտումը առաջիկա երկու ամիսներին խորանալու հավակնություններ ունի։ «Պե՞տք է Սերժ Սարգսյանը գնա Անկարա, թե՞ ոչ» հարցադրումն ինքնին ներկայացվում է որպես քաղաքական շրջադարձային կետ, որոշում, չնայած իրականում այն ընդամենը պետք է լիներ արդեն իսկ ձեւավորված ու հասարակական մակարդակով գոնե հիմնավորված ազգային-պետական շահերի արտահայտության մեզ համար կանխատեսելի արդյունք։ Նման շահերի հիմնավորվածության ու որոշման կանխատեսելիության բացակայությունն առաջին հերթին պետական իշխանության մոտ առկա անորոշության արդյունք է, որ լավագույնս արտահայտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մոտ մեկ ամիս առաջ արած այն հայտարարությամբ, թե ինքը Թուրքիա կմեկնի կամ արդեն բացված սահմաններով, կամ դրա նախադրյալների առկայության պայմաններում։ Իհարկե, առաջին անգամ էր, որ պաշտոնական Երեւանն Անկարայի հետ խոսեց փաստացի թելադրողի դիրքերից։ Սակայն ակնարկը, թե այցը հնարավոր է նաեւ սահմանների բացման նախադրյալների առկայության դեպքում, իրականում նոր շփոթության տեղիք տվեց։ Խնդիրն այն է, որ նախագահն այդպես էլ չմանրամասնեց, թե ի՞նչ հնարավոր նախադրյալների, այսինքն` Թուրքիայի ի՞նչ հնարավոր քայլերը Երեւանի կողմից կգնահատվեն որպես «նախադրյալներ»։ Նման լղոզվածությունը ցույց է տալիս, որ Հայաստանն իր հերթին Թուրքիային մանեւրելու, միջազգային հանրությանը եւ Հայաստանին մոլորեցնելու հիանալի հնարավորություն է տալիս։ Եվ հենց այս փաստն է, որ հայկական դիվանագիտությունը շարունակում է թողնել հետապնդողի արձագանքողի, հարմարվողի դիրքերում, իսկ հասարակական միտքը՝ առկա տեղեկատվության բացակայության պայմաններում, ընդամենը պարապ բամբասողի։ Բոլոր դեպքերում, անկախ նրանից, որ այս հարցում շեշտադրումները բոլորովին սխալ են դրվում, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը լինելու է աշնանային քննարկումների թիվ մեկ թեման։ Այդ հարաբերությունների սխալ շեշտադրման պատճառով ինքնին մեծացվում է հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունն ակտիվացնելու հնարավորությունը եւ Անկարայի անմիջականորեն կապումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցույց է տալիս, որ Թուրքիան երբեք չի հրաժարվելու ԼՂ հիմնախնդրրի` ադրբեջանանպաստ կարգավորումը որպես Հայաստանի հետ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման ներկայացնելու մարտավարությունից։ Դա հնարավորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դուրս չբերել ֆորմալ տիրույթից։ Հստակ երաշխիքներ չտալու, նախապայմաններից չհրաժարվելու Թուրքիայի կեցվածքը, Հայաստանում Սերժ Սարգսյանի հնարավոր այցի մակերեսային մեկնաբանությունն անուղղակիորեն լեգալացնում են նրա աճող դերը տարածաշրջանում եւ ԼՂ կարգավորմանը միջամտելու իրավունքի անուղղակի ճանաչումը։ Արդեն իսկ միջազգային հանրության համար բնական է համարվում ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` իրարից բացարձակապես տարանջատված գործընթացները ներկայացնել որպես իրարով շաղկապված, միմյանց վրա ազդող, բայց առանձին գործընթացներ, ինչն ընդամենը մի քայլ է իրերի իրական դրությունը ճանաչելուց, այսինքն` երկու գործընթացներն իրարով պայմանավորելուց։ Մադրիդյան սկզբունքների մասնակի քողազերծումը եւ բանակցող երկու նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախաձեռնությունը շարունակելու են շիկացած պահել իրավիճակը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հասարակական քննարկումների մակարդակում։ Այն բանից, թե ի՞նչ հունով կընթանան ազգայնական, պահպանողական ուժերի ակցիաները իշխանության հնարավոր զիջումների կապակցությամբ, կարելի կլինի եզրակացնել՝ արդյո՞ք Հայաստանը փորձում է տապալել մադրիդյան ձեւափոխված գործընթացը, փոխել բանակցությունների ձեւաչափը՝ անտեղ վերաներգրավելով ղարաբաղյան կողմին, թե՞ շարունակվելու է ներհասարակական ընդվզման տպավորություն թողնելու միջոցով խուսափել որեւէ փաստաթղթի ստորագրումից, այսինքն` շարունակել ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունը։ Ամեն դեպքում, այն փաստը, որ ներքին այդ շարժումներն ակտիվանում են ԼՂ բանակցային գործընթացում տեղի ունեցող առանցքային գործընթացներին զուգահեռ եւ մարում դրանց ժամանակավոր դադարների ընթացքում, պարզորոշ ուրվագծում է, որ դրանց չափ է տրվում իշխանական ճամբարից, այսինքն` հասարակական լուրջ, գիտակցված օժանդակություն չունի թիկունքում։ Չնայած դրան՝ այս երկու խնդիրներն անուղղակի կերպով ներքին կյանքի վրա ազդելու ավելի ու ավելի մեծ պոտենցիալ են ձեռք բերում։ Ներքին դիրքային պայքար Արտաքին այս գործընթացները ներքաղաքական կյանքում առանձին շրջանակների ինքնահաստատման հնարավորություններ են տալիս, որը կարող է արհեստականորեն, որոշակի չափով փոխել ներքաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Եթե հենց այս շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նման հնչեղություն չստանային, ՀՅԴ-ն երբեք հնարավորություն չէր ունենա ինչ-որ ձեւով ապացուցելու, որ ուզում է իրական ընդդիմադիր ուժ, նույնիսկ բեւեռ դառնալ։ Դաշնակցությունն առաջիկայում ձգտելու է էլ ավելի ուժեղ բռնել այս «փրկօղակից»՝ մի կողմից թուլացնելու համար արմատական ընդդիմության՝ ՀԱԿ-ի դիրքերը, մյուս կողմից` երկրորդական դարձնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հետ կապված իրական, լրջագույն հիմնահարցերը, որոնք ազգային անվտանգության տեսակետից պակաս կարեւոր չեն, քան արտաքին խնդիրները։ Իր հերթին մարգինալացման վտանգի առաջ հայտնված ՀԱԿ-ը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի, ՀՅԴ-ի միջոցով իր դեմ սանձազերծված բավականին լուրջ պայքարին դիմակայելու միջոցների փնտրտուքի մեջ է։ ՀԱԿ-ին, որ դարձել է ներքին խնդիրների վերհանման ու քաղաքականացման ջահակիրը, գործնականում ընդամենը մեկ միջոց է մնում. որքան հնարավոր է մեծացնել ներհասարակական այդ հիմնահարցերի նկատմամբ հասարակության ու միջազգային հանրության, հատկապես Եվրախորհրդի ուշադրությունը։ Այս իմաստով բնավ պատահական չէին ամռան ընթացքում մարզային այցելությունները հատկապես քաղբանտարկյալ ընկերների հարազատներին այցելելու ու զորակցելու «վարագույրի ներքո» կազմակերպելը, եւ հատկապես նախկին փաստահավաք խմբի երկու անդամների միջոցով մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, օլիգարխներին մարտի 1-ի դեպքերի հետ կապելու քաղաքական յուրօրինակ «ակցիան», որը շոկի ազդեցություն թողեց ամբողջ հանրության վրա։ Այդ տեղեկատվության հրապարակման առաջին ազդեցությունն այնքան մեծ էր, որ ոչ ոք ուշադրություն չդարձրեց երկու կարեւոր իրողության վրա. նախ՝ ինչու՞ է ՀԱԿ-ը միայն հիմա հրապարակում այդ փաստաթուղթը, եթե մինչ այդ էլ շարունակ պնդում էր, որ օլիգարխների թիկնազորն անօրինական կերպով ներգրավված է եղել մարտի 1-2-ի իրադարձություններում, երկրորդ՝ եթե այդ փաստաթուղթը նոր է ձեռք բերվել, ապա ինչու՞ չի հրապարակվում դրա աղբյուրը, եթե ակնհայտ է, որ այն չափազանց լուրջ մեղադրանքներ է պարունակում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, եւ քրեական պատասխանատվության հարց է առաջանում։ Ամեն դեպքում, այս փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով՝ ՀԱԿ-ը փորձում է տապալել մարտի 1-ի էջը փակելու` իշխանության փորձերը եւ այս համատեքստում՝ ԱԺ համապատասխան ժամանակավոր հանձնաժողովի կողմից վերջնական զեկույցի հրապարակումը։ ՀԱԿ-ի այս տակտիկական մանեւրները պատահական չեն։ Ժողովրդական շարժման լիդերները շատ լավ հասկանում են, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոչ օրինաչափ գործողություններ իրականացնելու համար մի քանի ոստիկանների նկատմամբ քրեական գործեր հարուցելով, նրանց պատասխանատվության ենթարկելու պատրանք ստեղծելով` իշխանությունը փորձում է կանխել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ-ի նկատմամբ նոր խիստ բանաձեւի ընդունումը կամ առնվազն երկիրը մոնիտորինգի տակ թողնելու հեռանկարը։ Երբ դա տեղի ունենա, ՀԱԿ-ը վերջնականապես կկորցնի արտաքին այն ուժերի՝ իր նկատմամբ պահանջարկը, որոնք ՀՀ իշխանությունների վրա ազդելու որեւէ լծակ ունեն եւ շահագրգիռ են այդ հարցում։ Այսինքն` մի կողմից ՀԱԿ-ի եւ իշխանության, մյուս կողմից` ՀԱԿ-ի եւ Դաշնակցության միջեւ աստիճանաբար սրվելու է դիրքային պայքարը։ ՀԱԿ-ի՝ սենսացիաներ առաջացնելու այս հուսահատ ճիգերին ՀՅԴ-ն հակակշռելու է պլանավորվող հանրահավաքը, համագործակցության սեփական պլատֆորմի հրապարակումը, որոնք կփորձի ցատկահարթակ դարձնել ընդդիմադիր դաշտում հաստատվելու համար։ Իր հերթին այս երկու ուժերի միջեւ մանեւրելու վրա է սեփական մարտավարությունը փորձելու կառուցել մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ժառանգությունը»։ Այն ներկայում գտնվում է նժարի մեջտեղում եւ հավասարակշռող դեր է կատարում այս երկու, սկզբունքնորեն տարբեր ուժերի միջեւ։ Դա առայժմ «Ժառանգությանը» հնարավորություն է տալիս մնալ իրադարձությունների կենտրոնում կամ, այսպես կոչված, «ջրի երեսին»։ «Ժառանգության» այս կարգավիճակը մեծացնում է նրա նկատմամբ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետաքրքրությունը, եւ երկու կողմերն էլ ձգտելու են հնարավորինս իրենց կողմը քաշել այս կուսակցությանը։ Փաստահավաք խմբի անունից «Ժառանգության» ներկայացուցչի՝ Սեդա Սաֆարյանի ակտիվ գործունեությունը մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացում ՀԱԿ-ին հնարավորություն է տալիս իր հետ միասին պատասխանատվության դաշտում պահել «Ժառանգությանը»։ Իր հերթին ՀՅԴ-ն խաղադրույք է կատարում այդ կուսակցության կողմից դավանվող ազգային արժեքների վրա եւ հատկապես հայ-թուրքական եւ Ղարաբաղյան հիմնահարցերի կարգավորման ոլորտներում ունեցած մոտեցումների ընդհանրության վրա։ Այլ կերպ ասած՝ շատ հնարավոր է, որ առաջիկայում, երբ ՀՅԴ-ն հրապարակի իր պլատֆորմը, «Ժառանգությունը» փորձի ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդի դեր ստանձնել։ Անկախ դրա արդյունքից՝ միայն այդ նախաձեռնության շնորհիվ «Ժառանգությունը» հնարավորություն կունենա մեծացնել իր քաղաքական վարկանիշն ու դիվիդենտներ շահելու հնարավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter