HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն առցանց հարցում է անցկացնում

«Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի»  (leniency programme) կիրառումը: Այն պատասխանատվությունը մեղմացնող ներման (կամ համաներման) համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության կայացման փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին (տվյալ դեպքում` Հանձնաժողովին) եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ փաստեր: Փորձագետները միաժամանակ առաջարկում են բարձրացնել հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքի չափը. ներկայումս գործող` խախտումը թույլ տված ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի փոխարեն մինչեւ 10 տոկոս, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Փորձագետների կարծիքով, հանդուրժողականության սկզբունքի կիրառումը կմեծացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հնարավորությունները, տնտեսվարողներին զերծ կպահի խախտումների դիմելու գայթակղությունից: Վիճակագրությունը ցույց է տվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ այս սկզբունքը կիրառվում է, հակամրցակցային համաձայնությունների 80 տոկոսից ավելին բացահայտվել է այս եղանակով: Այս գաղափարի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովը նպատակ ունի պարզել հանրության եւ մասնագիտացված շրջանակների չմիջնորդավորված տեսակետները: «Հարցման արդյունքների պատկերն առավել օբյեկտիվ կլինի, եթե հնարավորինս շատ մարդ մանսակցի ու հայտնի իր տեսակետը»,-ասված է ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ուստի խնդրում են ակտիվորեն մասնակցել հարցմանը, այցելել www.competition.am (http://competition.am/index.php?menu=287&lng=1) վեբ-կայք եւ պատասխանել հետեւյալ հարցերին. 1.    Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ: 2.    Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում: 3.    Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն: Հարցումն սկսվում է այսօր, կտեւի 15 օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ: Այնուհետեւ կամփոփվեն արդյունքները, կհրապարակվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրվեն մեկնաբանություններ ու պարզաբանումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter