HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Տավուշի սահմանագոտուց խողովակների գողությունը շարունակվում է

31_08-berdԲերդի տարածաշրջանի մի պաշտոնյա, ով չցանկացավ հրապարակել իր անունը, համոզմունք հայտնեց, որ Տավուշի մարզի այդ տարածքում ինքնահոս ոռոգման ջրագծեր չկառուցելու դեպքում առաջիկա 15 տարում տարածքից արտագաղթն էապես կավելանա: Ներկայումս այստեղ ոչ միայն ոռոգման ջրագծերի շինարարություն չի կատարվում, այլ ընդհակառակը` խորհրդային շրջանում գործող, այժմ անգործության մատնված ջրագծերը թալանվում են: Խոսքը վերաբերում է Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի տարածքում գտնվող ոռոգման ջրագծերի խողովակներին: Դրանք գտնվում են «Աղստեւ-Դեբեդ ջրառ» ՓԲԸ Տավուշի տեղամասի հաշվեկշռում: «Աղստեւ-Դեբեդ ջրառ» տեղամասի պետ Արթուր Երկանյանն իր վրդովմունքը հայտնեց գողության կապակցությամբ եւ տեղեկացրեց, որ դիմել է ոստիկանություն: «Աղստեւ-Դեբեդ ջրառ» ՓԲԸ Տավուշի տեղամասի ղեկավարը, ելնելով նախաքննության գաղտնիությունից, որեւէ մանրամասն չհայտնեց կատարված գողությունների մասին: Մենք տեղամասի գրասենյակի կողքին եւ ետեւում 2 տեղ կուտակված տարբեր տրամաչափի խողովակներ տեսանք, որոնք, մեր ունեցած տեղեկությամբ, բռնագրավել են գողացողներից: Քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է, մենք կասկածյալների անունները հիշատակում ենք լոկ սկզբնատառերով, թեեւ ունենք նրանց ինքնության մասին տվյալներ: Եվ այսպես` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ, 1974 թ. ծնված Ա. Մ.-ն 2009 թ. հունվարի 9-ին դիմել է Դիլիջան քաղաքի բնակիչ Կ. Սարգսյանին` խնդրելով համապատասխան վարձի դիմաց իբր իրեն պատկանող խողովակներն այստեղ բարձել իր կողմից վարձված բեռնատարի մեջ: Կ. Սարգսյանն ամբարձիչով բարձել է վերոհիշյալ խողովակները: «Ռենո» մակնիշի բեռնատարի վարորդ Վ. Գ.-ն դրանք Երեւան տեղափոխելիս բռնվել է ոստիկանների կողմից: Դրանից հետո Ա. Մ.-ն 2009 թ. մարտ ամսվա առաջին տասնօրյակում Բերդ քաղաքում որոշել է ապամոնտաժել ու տնօրինել «Աղստեւ-Դեբեդ ջրառ» ՓԲԸ Տավուշի տեղամասի հաշվեկշռում գտնվող ջրագծերի խողովակները: Այդ նպատակով նա վարձել է տրակտորիստներ, ավտոկռունկավարներ, գազաեռակցողներ: Վերջիններս, անտեղյակ լինելով իրենց գործողությունների անօրինականությանը, մոնտաժել են 50 սմ տրամագծով, յուրաքանչյուրը 11.4 մ երկարությամբ, 4 մլն 406 հազար դրամ ընդհանուր արժողությամբ խողովակներ: Մոնտաժված խողովակները Աբովյան քաղաքի բնակիչ Վ. Գ.-ի օգնությամբ, նրա վարած մեքենայով հանել են նշված վայրից, սակայն Բերդ քաղաքում բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ նույն ժամանակ Ա. Մ.-ն համապատասխան վճարի դիմաց հանձնարարել է գազաեռակցողներին Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Հարամ ուրթ» հանդամասում գտնվող ոռոգման վերգետնյա խողովակներն ապամոնտաժել, սակայն չի կարողացել խողովակները տարածքից տեղափոխել: Գողության դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նախաքննական մարմինը Ա.Մ.-ին որպես մեղադրյալ ներգրավել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գողության փորձ): Հունիսի 29-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Զոյա Զաքինյանի նախագահությամբ քննել է Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց կիրառելու` նախաքնական մարմնի` Տավուշի քննչական բաժնի միջնորդությունը: Նշենք, որ մինչ այդ` հունիսի 22-ին, նրա նկատմամբ նախաքննական մարմինը հետախուզում էր հայտարարել: Դատարանի հունիսի 29-ի որոշումով Ա.Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է 1 մլն դրամ գրավով: Դատավոր Զոյա Զաքինյանը նման որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ Ա.Մ.-ն Դիլիջան քաղաքում եւս խողովակների գողություն է կատարել, որ նա գտնվել է հետախուզման մեջ: Բերդի տարածաշրջանում խողովակներ գողացողների մեջ է նաեւ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Ա. Հ.-ն, ով, նախնական համաձայնության գալով վերոհիշյալ Ա. Մ.-ի հետ, 2009 թ. մարտի սկզբին Բերդի տարածաշրջանում ձեռնարկել է «Աղստեւ-Դեբեդ ջրառ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող ոռոգման խողովակաշարերի ապամոնտաժում: Այդ նպատակով վարձել են տրակտորիստներ, կռունկավարներ, մարտի 13-ին վերը հիշատակված Վ.Գ.-ի օժանդակությամբ, նրա ավտոմեքենայով Երեւան քաղաք տեղափոխելիս բռնվել են Բերդ քաղաքում` ոստիկանության աշխատակիցների կողմից: Հունիսի 27-ին Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2009 թ. հուլիսի 27-ին նախաքննական մարմինը դատարանին միջնորդել է որպես խափանման միջոց նրա նկատմամբ 2 ամիս կալանք կիրառել: Աբովյան քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված, բարձրագույն կրթությամբ Ս.Մ.-ն «Աղստեւ-Դեբեդ ջրառ» ՓԲԸ Տավուշի տեղամասի ջրագծերի խողովակաշարերը ապամոնտաժելու համար տրակտորիստներ, եռակցողներ է վարձել, ապամոնտաժվել է 18 հատ, 50 սմ տրամագծով, յուրաքանչյուրը` 11.3 մ երկարությամբ 3 մլն 254 հազար դրամ ընդհանուր արժողությամբ խողովակներ: Մարտի 13-ին ավտոմեքենաները Երեւան տեղափոխելիս Բերդ քաղաքում բռնվել են: 2009 թ. օգոստոսի 3-ին նրա նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ ընտրվել է կալանքը` 2 ամիս ժամկետով: Հետագայում դատախազությունը Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ դատավոր Զ. Զաքինյանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Մեր տվյալներով` նախաքննության ընթացքում խողովակաշարերի գողության հետեւանքով պատճառված վնասից 2 մլն 800 հազար դրամ է վերականգնվել: Սակայն այս գործում շատ հարցականներ կան: Ինչու՞ նախաքննական մարմինը գողության դեպքերի բացահայտումից միայն 3 ամիս հետո է քրեական գործ հարուցել, ինչու՞ վերը հիշատակված Վ.Գ.-ի նկատմամբ, ով ավտոմեքենայով մի քանի անգամ տեղափոխել է գողոնը, քրեական գործ չի հարուցվել: Ակնհայտ է, որ նա չէր կարող անտեղյակ լինել գողության փաստից: Գործի ուսումնասիրությունից ակներեւ է դառնում, որ այս դեպքում գործել է հանցավոր խումբ, եւ քրեական գործն էլ, մեր կարծիքով, պիտի հարուցվեր նման հատկանիշներով: Ինչպե՞ս կարող էր Սեւան քաղաքի, Աբովյանի կամ Չարենցավանի բնակիչն իմանալ, որ Բերդի տարածաշրջանի սահմանագոտում, «Հարամ ուրթ» հանդամասում ոռոգման խողովակներ կան, ո՞վ է նրանց ուղղորդել: Կամ` առանց հովանավորչության ինչպե՞ս պետք է գողացված խողովակները Տավուշի մարզից տեղափոխեին, չէ՞ որ ճանապարհներին ամենուր ոստիկաններ են: Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ Բերդի տարածաշրջանից խողովակ գողացողները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ են հիշատակում, իբրեւ հովանավորների: Նախաքննական մարմինը կստուգի՞ դրանց հավաստիությունը: Ամիսներ առաջ գրել էինք Կոթիի սահմանագոտում` «Փարաքլվի դար» տեղանքում զինվորականների կողմից ոռոգման մեծ խողովակներն ապօրինի հանելու մասին (Կոթի գյուղի սահմանագոտում հանում են ոռոգման ջրագիծը): Այս փաստին իրավապահ մարմինները չարձագանքեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter