HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիի համայնքներն աշխատում են խախտումներով ու գումարները վատնելով

31_08-loriԹերություններով կազմված ու իրագործվող բյուջե, օրենքի խախտումներով կատարվող գույքի օտարում ու վաճառք, կիսատ-պռատ իրականացվող համայնքային աշխատանքներ: Սրանք այն ցուցանիշներն են, որոնցով բնորոշվում են Լոռու մարզի համայնքները: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետի տեղակալ Լեւոն Բերոյանի հաշվետվությունը, որը ներկայացվեց ամառվա վերջին` օգոստոսի 26-ին հրավիրված մարզխորհրդի նիստում, ավելի շատ համայնքների բացթողումների ու խախտումների, քան՝ դրական աշխատանքի մասին էր: Անցած՝ 2008 թ.-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունը Լոռու մարզի համայնքներում իրականացրել է 346 ստուգում, որոնց արդյունքում բացահայտված խախտումները կազմել են շուրջ 20 մլրդ դրամ: «Գույքի պակասորդ՝ 3 մլն 862 հազար դրամի չափով, անհիմն ծախսեր՝ 2 մլն-ի չափով, անհիմն օտարումներ՝ ավելի քան 3 մլն դրամի չափով, գույքի անհիմն դուրսգրում՝ ավելի քան 1 մլն դրամի չափով, ավել վճարված գործուղման գումարներ՝ 446 հազար դրամի չափով»,- սրանք Լոռու մարզպետարանի արձանագրած խախտումներն են: Անգամ Լոռիի խոշոր քաղաքները՝ Վանաձորը, Ստեփանավանը, Սպիտակն ու Ալավերդին եւս փոքր ու խուլ գյուղերի պես թերանում են իրենց ֆինանսատնտեսական գործունեության մեջ: Վանաձորի քաղաքապետարանում այս տարվա հուլիսի 1-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թույլ է տրվել շուրջ 41 մլն դրամի խախտում: Նույն իրավիճակն է նաեւ Ալավերդիում՝ 34.5 մլն դրամի խախտում: Ստեփանավանի քաղաքային իշխանություններն իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել ավելի քիչ՝ 17 մլն դրամի խախտում: Ալավերդու քաղաքապետարանում նոր գերեզմանոցի բարեկարգման համար հատկացված գումարների ծախսման ճշտությունը եւ իրականացումը ստուգելիս պարզվել է, որ ավելի քան 2,5 մլն դրամի խախտում է կատարվել: Այս գումարը վերադարձվել է բյուջե: Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է 206.5 մլն դրամի խախտում: Եվ այս ամենի պատճառը, ըստ զեկուցողի, համայնքապետերի ու նրանց աշխատակազմերի թերի աշխատանքն է: 2008 թ.-ին մարզպետարանը վարչական ու ֆինանսատնտեսագիտական ստուգում է կատարել 22 համայնքում: Առանձնացնելով դրանց արդյունքները՝ Բերոյանը մատնանշում է առաջին հերթին տեղական բյուջեի կատարման ցածր մակարդակը՝ 20-30%: Գույքահարկի հավաքագրման գործընթացում Լոռու մարզը հանրապետությունում վերջից երկրորդ տեղում է՝ իր 56% ցուցանիշով: Իսկ փոխադրամիջոցներից գանձվող գույքահարկի հավաքագրման ցուցանիշն այլ մարզերի համեմատ ավելի ցածր է՝ Լոռին գրավել է նախավերջին տեղը: Մարզի 108 գյուղական համայնքներից հարկեր չեն կարողանում հավաքագրել փոքրաթիվ բնակչությամբ, անբարենպաստ աշխարհագրական պայմաններ ունեցողները: 28 համայնք թերացել է հողի հարկի, 49 համայնք էլ՝ գույքահարկի վճարման գործում: Առավել ցածր են պահուստային հողերի վարձավճարների ու գույքահարկի գանձման ցուցանիշները: Բերոյանը նշում է, թե գույքահարկի գանձման ցածր ցուցանիշը պայմանավորված է նաեւ գույքահարկի բազայում առկա անճշտություններով: Գյուղական շատ համայնքներ կան, որոք տարիներով գույքահարկի պարտքեր են կուտակել ոչ թե բնակչության անվճարունակության, այլ գույքի տիրոջ բացակայության պատճառով: Գույքահարկի մեջ մեծ թիվ են կազմում տրանսպորտային միջոցներից գոյացող պարտքերը: Միխայլովկա համայնքում, որտեղ նախկինում ադրբեջանցիներ էին բնակվում, մինչ այժմ հաշվառված են ադրբեջանցիների ավտոմեքենաները՝ կուտակված 4 մլն դրամ պարտքով: Չնայած «օբյեկտիվ պատճառներին»` Լոռիի համայնքապետերը ոչ միայն չեն կարողանում հարկերը հավաքել ու դատարկ են թողնում առանց այն էլ աղքատ բյուջեն, այլեւ զլանում են բուջեն լցնել նույնիսկ փոքր հնարավորության դեպքում: Լ. Բերոյանի տվյալներով` Սարչապետում ու Կաթնառատում արոտավայրերի վարձակալության պայմանագրեր գրեթե չեն կնքվում, բնականաբար, բյուջե գումարներ չեն մուտքագրվում: Որոշ համայնքների ղեկավարներ էլ թերանում են պահուստային հողերի վարձակալության մրցույթներ անցկացնել, անցկացնելու դեպքում էլ դրանք կրում են ձեւական բնույթ՝ կնքված պայմանագրերը հիմնականում չունեն պետական եւ նոտարական գրանցումներ: Նույն կերպ են անցկացվում նաեւ աճուրդները: Բերոյանի ներկայացմամբ՝ աճուրդները եւս ձեւական բնույթ են կրում, իսկ Արջահովիտ գյուղում փաստաթղթերը լրացվել են թերություններով ու բացթողումներով: Լոռիի համայնքները թերանում են նաեւ գնումներ կատարելիս: Ընդհանուր առմամբ, համայնքների ղեկավարները չեն պահպանում գնումներ կատարելու մասին օրենսդրության պահանջները: «Չի նշանակվել գնումների պատասխանատու անձ, չեն ընտրել ընտրելու նոր ձեւերը, գնման պայմանագրերը, անհրաժեշտ մյուս փաստաթղթերը լրացվել են որոշ թերություններով ու բացթողումներով»,- ասում էր մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալտնտեսական բաժնի պետի տեղակալ Լեւոն Բերոյանը: Մարզպետարանում ասում են, թե իրականացված ստուգումների արդյունքները քննարկվել են փոխմարզպետի մոտ, գրավոր տեղյակ են պահել համապատասխան մարմինների ղեկավարներին, որոնց ներկայացրած գրությունների համաձայն` արձանագրված խախտումները եւ թերությունները հիմնականում վերացվել են: Մինչդեռ, գրեթե ամեն տարի այս խախտումները կրկնվում են: «Պետական պայմանագրով նախատեսված նորմերի տարաբնույթ խախտումներ, պետական կամ համայնքային բյուջե վճարման ենթակա գումարների ոչ լրիվ հաշվառում ու գանձում, աշխատանքների եւ կամ ծառայությունների հավելագրումներ հիմնականում շինարարական ոլորտում, բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործում, գնումների մասին օրենսդրության պահանջների տարբեր խախտումներ, գանձապետական համակարգի մասին օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացված ծախսեր առանց փաստաթղթավորման, ստուգված կազմակերպության հաշվապահական հաշվառմամբ չարտացոլված ակտիվներ»,-սրանք եւս համայնքների աշխատակազմերի աշխատանքի արդյունք են, որոնք առաջին տարին չէ, որ արձանագրվում են: Մարզպետարանը թերությունները շտկելու համար առաջարկում է բարձրացնել վերահսկողությունը համայնքների բյուջեների ողջ հարկային եկամուտների աղբյուրների ճիշտ հաշվարկման եւ հավաքագրման նկատմամբ: Միեւնույն ժամանակ, համայնքների ղեկավարներին առաջարկում է աշխատել օրենքի սահմաններում, գույք գնելիս կամ էլ վաճառելիս առաջնորդվել օրենսդրության պահանջներով ու ընթացակարգով՝ ապահովել հողի հարկի եւ գույքահարկի վարձավճարների ճշտությունը, գույքի օտարման ժամանակ ապահովել անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքով սահմանված կարգով օտարման ենթակա գույքի գնահատումը եւ պահպանել հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջները: Այս տարեկսզբին Լոռու մարզի դատախազը 6 քրեական գործ է հարուցել համայնքապետերի գործունեության առնչությամբ, մինչդեռ մարզպետարանը, բացի խորհուրդներ տալուց, այլ լծակ չի կիրառում թերացող համայնքների ղեկավարներին կարգի հրավիրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter