ԼՂՀ վարչապետը շնորհավորել է արցախցիներին Հանրապետության օրվա առթիվ
«Շատ ժողովուրդների պես արցախցիները եւս ստիպված եղան իրենց երկրի անկախությունն ու ազատությունը սրբագործել սեփական արյամբ` տանելով ավելի քան երեքամյա պատերազմի դժնդակ ծանրությունը, որ չափվեց, նախեւառաջ, հազարավոր հայորդիների զոհաբերված կյանքով: Մեր հանրապետության անկախությունը չափազանց թանկ գին ունի, ինչը բոլորիս թելադրում է մեծագույն նվիրումով ու խնամքով պահպանել այն, որ կոչվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն»,-նշվում է Հանրապետության օրվա առթիվ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի շնորհավորական ուղերձում:
Վարչապետն ուղերձում արտահայտում է իր համոզմունքն առ այն, որ կգա օրը եւ միջազգային հանրությունը սպասված հարգանքը կմատուցի Արցախին` ճանաչելով նրա անկախությունը:
«Անկախ աշխարհի վերաբերմունքից` ներկայիս մեր գերխնդիրն է ամբողջ ներուժով զարգացնել եւ ամրապնդել մեր հանրապետությունը, զորացնել նրան տնտեսապես ու սոցիալապես, ժողովրդավարական ինստիտուտներով եւ քաղաքացիական հասարակությամբ: Մենք չպետք է մոռանանք, որ Արցախը շարունակում է թիրախ մնալ մեր հակառակորդի եւ թշնամաբար տրամադրված այլ ուժերի համար, ուստի հարկ է, միաժամանակ, պետական-հասարակական հնարավորությունները ուղղորդել հաղթական մարտերով կոփված մեր բանակի մարտունակությունը ուժեղացնելու նպատակակետի վրա: Մեր կառավարությունը խորապես գիտակցում է այդ խնդիրները, եւ իր ամենօրյա գործունեության մեջ առաջնային տեղ է հատկացնում դրանց կարգավորմանը` կիրառելով նոր ռեսուրսներ ու մտահղացումներ: Մենք պարտավոր ենք հաջողությամբ հաղթահարել ներկա ժամանակափուլը, երբ խորացած համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ խոչընդոտներ է հարուցում բոլորի, նաեւ մեր առաջ, իսկ ղարաբաղյան կարգավորման գործընթացը մեզ համար դեռեւս անհրաժեշտ ապահովություն չի կանխանշում»,-ասվում է ուղերձում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել