HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

9 անդամից բաղկացած ընտանիքը կարող է կորցնել իր փոքրիկ սենյակը

01-09_K-XlxatyanԿատյա Խլղաթյանի ընտանիքը նախկինում բնակվել է Արարատ Քաղաքի Շահումյան 20 շենքում, որը քանդվել է 1989 թվականին` նորը կառուցելու նպատակով, որտեղից Խլղաթյանների ընտանիքին պետք է բնակարան հատկացվի` ըստ շնչերի: Շենքը քանդելուց 7 տարի անց` 1996 թվականին, Արարատի քաղխորհրդի գործկոմը Խլղաթյանների բազմանդամ ընտանիքին հատկացրել է Սալակիթների 2 հասցեում գտնվող քաղաքի նախկին կոմունալ տնտեսության շենքերից մեկը` 77, 54 քմ տարածքով: Կատյա Խլղաթյանը, նրա երկու որդիները` կանանց եւ զավակների հետ, այժմ բնակվում են այդ տանը, որի ննջասենյակը 2004 թվականին Արարատի քաղաքապետարանը վաճառել է Վեդի քաղաքի բնակչուհի Ֆենյա Մարգարյանին: «Քաղաքապետարանը վաճառել է մեր հարեւան սենյակները` մեր փոքր սենյակի հետ միասին, որը Ֆենյա Մարգարյանը ձեռք է բերել ընդամենը 21 հազար դրամով: Ինչպե՞ս է կատարվել իմ զբաղեցրած սենյակի չափագրումը, եթե միակ մուտքը մեր մեծ սենյակից է, եւ որեւէ մեկը չի մտել իմ բնակարան այն չափելու համար,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կատյա Խլղաթյանը,- կարո՞ղ է մեզ էլ սենյակի հետ են վաճառել, չենք իմացել: Սա նման է գողության, իմ անշարժ գույքն են գողացել: Այդ սենյակում տղայիս նորածին երեխան է ապրում, ես հո՞ երեխային ննջարանից չեմ հանելու բերեմ հյուրասենյակում պահեմ»: Վիճահարույց սենյակը կազմում է 11, 64 քմ, սակայն վաճառելիս այն «մեծացել է» եւ դարձել 15 քմ: «Այդ տարբերությունն այնքան քիչ չէ, որ չափամետրի սխալ լինի, դա «աչքաչափի» սխալ է, սա ապացույց է նրա, որ մեր սենյակում չափագրում չի կատարվել, պարզապես նայել են, որոշել, որ մոտ 15 քմ է, այդպես էլ կազմել են գծագիրը»,- վստահ է Կատյա Խլղաթյանը: Նա Արտաշատի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ Արարատի քաղաքապետարանի, Ֆենյա Մարգարյանի եւ կադաստրի` 11,64 քմ տարածքով ննջարանի մասով սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու կամ իրեն բնակարան տրամադրելու պահանջով: Սենյակի մասով հայցը մերժվել է, իսկ քաղաքապետարանին պարտադրվել է Կատյա Խլղաթյանի ընտանիքին տրամադրել բնակարան: «Բայց քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ մեզ բնակարան չեն կարող տրամադրել, քանի որ քաղաքում ոչ մի շինարարություն չեն իրականացնում, իսկ մեր նախկին շենքի տարածքում կառուցվող շենքն արդեն 20 տարի է` ավարտին չեն հասցնում»,- ասում է Կատյա Խլղաթյանը: Քաղաքապետարանի իրավաբան Հենրիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Խլղաթյանների ընտանիքին չեն կարող բնակարան հատկացնել` չնայած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել: «Եթե բնակֆոնդ չունենք, ինչպե՞ս տրամադրենք, որտեղի՞ց տանք, ո՞ւմ բնակարանը առնենք տանք: Կառուցելու դեպքում կտրամադրենք»,- ասաց Հարությունյանը եւ  մյուս հարցերին պատասխանելու համար մեզ հրավիրեց Արարատ: «Եկեք, միասին կմտնենք քաղաքապետի մոտ, թույլտվություն կստանանք, եւ ես Ձեր հարցերին կպատասխանեմ»,- ասաց Հենրիկ Հարությունյանը: Արարատի քաղաքապետարանից ճշտեցինք, որ Կատյա Խլղաթյանի ննջասենյակը Ֆենյա Մարգարյանին վաճառվել է նախորդ քաղաքապետի` Հակոբ Թովմասյանի պաշտոնավարման տարիներին: Իսկ ներկայիս քաղաքապետ Աբրահամ Բաբայանը համամիտ է, որ սենյակը Խլղաթյանների ընտանիքին է պատկանում, այդ պատճառով էլ դատարանում քաղաքապետարանի փաստաբանը հայցի դեմ չի առարկում: Չնայած դրան` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Արտաշատի դատարանի վճիռն անփոփոխ է թողել: Դրանից հետո Կատյա Խլղաթյանը դիմել է Արարատի ընդհանուր իրավասության դատարան` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ստանալու հայցով: «Մեր ընտանիքն արդեն 13 տարի այդ տանն է ապրում, մենք այն սեփականաշնորհելու իրավունք ունենք», -ասում է Կատյա Խլղաթյանը : Խլղթայանի հայցը մերժվել է, որից հետո Կատյան բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Պարզվել է` նրա հայցը պետք է քննի դատավորների այն նույն եռյակը, որը նախորդ գործով Խլղաթյանների հայցը մերժել էր: Կատյա Խլղաթյանը դատավորներին (Գրիգորյան, Մատինյան, Թումանյան) ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որն երեկվա դատական նիստում մերժվեց: Դատավորները միայն ընթերցեցին հայցվորի բողոքը եւ առանց որեւէ հարցեր տալու` նիստը համարեցին փակված: Նախագահող դատավոր Գրիգորյանը նիստից հետո Կատյա Խլղաթյանին խորհուրդ տվեց դատական ակտերի հարկադիր կատարողների միջոցով պարտադրել քաղաքապետարանին իրեն բնակարան տրամադրել: Ֆենյա Մարգարյանը, ինչպես նախորդ անգամ, այսօր եւս դատարան չէր եկել եւ որեւէ ներկայացուցչի էլ չէր ուղարկել: «Ֆենյա Մարգարյանի ամուսինը` Սամվել Մարտիրոսյանը, ոստիկանության նախկին աշխատող է, այդ պատճառով էլ բոլոր դատական վճիռները նրանց օգտին են կայացնում, նույնիսկ դատարան չեն գալիս, փաստաբան էլ չեն ուղարկում, բայց գործը հաղթում են: Նրանք շատ տներ ունեն, բայց մեր ննջասեյնակն էլ են ուզում խլել»,- ասում է Կատյա Խլղաթյանը: Պատասխանողի կարծիքը լսելու համար այցելեցինք Ֆենյա Մարգարյանի` Երեւանում գտնվող բնակարան, որտեղ նա փաստացի բնակվում է: Դուռը չբացեցին. հարեւան բնակարանից մի երիտասարդ աղջիկ ներկայացավ որպես Ֆենյայի դուստր եւ ասաց, որ այդ հարկի երկու բնակարաններն էլ իրենց է պատկանում: Աղջկա խոսքով` հայրն ու մայրը գտնվում են Ռուսաստանում եւ առաջիկա ամիսներին Երեւան գալու մտադրություն չունեն: Վերաքննիչ դատարանը Կատյա Խլղաթյանի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter