Շահադիտական շահարկումներ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն արձագանքել է «Հետք»-ի օգոստոսի 17-ի համարի «Անհավասար պայքար. քաղաքացին փորձում է պաշտպանել իր սեփականությունը» հրապարակմանը: Ստորեւ այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
Մեր իրականության մեջ կարծես սովորույթ է դառնում արատավոր մի երևույթ, երբ քաղաքացին իր գործած ակնհայտ ապօրինությունները թաքցնելու, ուշադրություն շեղելու, «ջուր պղտորելու և պղտոր ջրում իր համար ձուկ որսալու» նպատակով սկսում է հետևողականորեն շահարկել որևէ բարձրաստիճան պաշտոնայի անուն` փորձելով դրանով արդարացնել իր գործողությունները կամ պարտադրել ընդունել իրեն հաճո որոշումներ:
Ահավասիկ, ոմն քաղաքացի Կ. Պողոսյան, ում նկատմամբ Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռ, որով բեկանել է առաջին ատյանի դատարանի վճռով քաղաքացու սեփականության իրավունքի ճանաչման ակտը, Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու, իր իրավունքը օրենքով սահմանված կարգով պաշտպանելու փոխարեն, զբաղված է ստահոդ, զրպարտչական բնույթի տեղեկատվության տարածմամբ ու շահարկմամբ, թե իբրև «գլխավոր դատախազը իր սեփականությունը վերցնում է իր ձեռքից»:
Գլխավոր դատախազությունը սույն հարցի վերաբերյալ բազմիցս արդեն պարզաբանումներ է ներկայացրել ԶԼՄ ներկայացուցիչներին, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ շահարկվում է ՀՀ գլխավոր դատախազի անունը, և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև հանրապետության գլխավոր դատախազը իրավունք ունի պաշտպանելու իր բարի համբավը և արժանապատվությունը, խնդրո առարկա սույն հարցի շուրջ ևս մեկ անգամ մանրամասնում ենք դեպքերի զարգացումը.
Երևանի քաղաքապետարանը, 2009թ. փետրվարի 24-ի գրությամբ գլխավոր դատախազությանը հայտնում է, որ. «աճուրդի արդյունքների հիման վրա Երևանի քաղաքապետի կայացրած 2008թ. հունիսի 19-ի թիվ 2768-Ա որոշմամբ Ս. Բարսեղյանին վաճառված Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 15/24 հասցեում գտնվող 6923.4քմ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը ՀՀ ԿԱ ԱԿ ՊԿ աշխատակազմի էրեբունու տարածքային ստորաբաժանման 2008թ. հոկտեմբերի 27-ի գրությամբ մերժվել է այն հիմքով, որ այն 2441.2քմ հողամասի չափով համադրվում է հարևան, Բագրատունյաց պողոտային հարող տարածքում գտնվող, Երևանի քաղաքապետի 2005թ. օգոստոսի 15-ի թիվ 1744-Ա որոշմամբ Հրաչիկ Հովսեփյանին վաճառված և 2005թ. օգոստոսի 24-ին պետական գրանցում ստացած 1,8 հա հողամասի հետ»:
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի հարցման՝ ՊԿ էրեբունու տարածքային ստորաբաժանումից հայտնվել է, որ Երևանյան լճին հարող վիճելի տարածքում Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2001թ. հունիսի 8-ի վճռի հիման վրա 2002թ. ապրիլի 9-ին կատարվել է 1000.0քմ հողատարածքի նկատմամբ Կարեն Պողոսյանի վարձակալության և 500.0քմ ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 2003թ. մայիսի 22-ին կատարվել է 1000.0քմ հողամասի և 500.0քմ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցում»:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի անվամբ կազմված և Գեղարքունիքի մարզի դատարանի առանց համարակալման կնիքով կնքված, 2001թ. հունիսի 8-ի ամսաթվով թվագրված, թիվ 2-885 վճռի հիման վրա, առանց Երևանի քաղաքապետարան համապատասխան հարցումներ կատարելու, ստորաբաժանումը 2002թ. ապրիլի 9-ին գրանցել է հողատարածքի նկատմամբ վարձակալություն և ինքնակամ շինության նկատմամբ սեփականության Կարեն Պողոսյանի իրավունքներր, իսկ 2003թ. մայիսի 22-ին, հիմք ընդունելով վերջինիս կողմից 1.465.000 դրամ վճարելու փաստը, ստորաբաժանումը գրանցել է 1000.0քմ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը։
Պարզվել է, որ նույն թիվ 2-885 քաղաքացիական գործը Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում քննվել է բոլորովին այլ դատավորի` Ի. Բաղդասարյանի վարույթում և վերաբերել է բոլորովին այլ գործի` Շենգավիթի թաղապետարանի հայցին ընդդեմ Արշավիր Ջանունցի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքր կորցրած ճանաչելու պահանջի մասին, որով 2001թ. հունիսի 26-ին կայացված վճիռը կնքված է ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի թիվ 2 կնիքով, իսկ ըստ դիմումի Կարեն Պողոսյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու, դրա նկատմամբ վաղեմությամբ սեփականության ու հողի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործի վարույթ` համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի 2009թ. մարտի 27-֊ի գրության չի հայտնաբերվել։
2009թ. ապրիլի 8-ի գրությամբ ՀՀ դատական դեպարտամենտից հայտնվել է, որ կատարված լրացուցիչ ոաումնասիրությունների արդյունքում ՀՀ դատարանների արխիվից հայտնաբերվել է թիվ 2֊885֊01թ. քաղ. գործը՝ ըստ դիմումի Կ. Պողոսյանի, մինչդեռ՝ նշված գործը Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի և ՀՀ դատարանների արխիվներում հաշվառված չի եղել և դատարանի նախագահի կողմից որևէ դատավորի հանձնարարված չի եղել և ներկայացրել նշված գործը։
Նշված գործի ուսումնասիրությամբ՝ ըստ գործի շապիկի վրա առկա գրառումների պարզվել է, որ Կ. Պողոսյանի դիմումր դատարան է մուտքագրվել 2001թ. հունիսի 4-ին, մինչդեռ գործում առկա պետական տուրքի մուծման վերաբերյալ անդորրագիրը լրացված է 2001թ. դեկտեմբեր ամսին։
2009 թ. մարտի 19-ի գրությամբ ՀՀ դատական դեպարտամենտից պահանջվել է հայտնել 2001թ.-ի դատավոր Ա. Մերանգուլյանի աշխատավայրի, նրա այլ դատարան գործուղված լինելու, հատկացված կնիքի նկարագրի, նշված վճիռի վրա դրված եղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կնիքի օրինականության և 2001թ.-ի հունիսի ՀՀ մարզերի ու համայնքների առաջին ատյանի դատարանների դատավորների կողմից օգտագործվող կնիքների վավերացումների վերաբերյալ տեղեկություններ: Համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի 2009թ.-ի մարտի 27-ի գրության`Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի` դատավոր Ա. Մերանգուլյանին լրացուցիչ հանձնարարություն տալու մասին 2001թ.-ի հունիսի 5-իթիվ 15 կարգադրությամբ, հանձնարարվել է նաև Երևան քաղաքաի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պարտականությունները` երեք ամիս ժամանակով: Մինչդեռ դատավոր Ա. Մերանգուլյանը քաղաքացի Կ. Պողոսյանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացրել է հունիսի 4-ին, երբ նա դեռևս գործուղված չի եղել Շենգավիթ համայնք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ուսումնասիրվել է նաև 2001թ. հունիսի 8-ի վճռում նշված, «Հաղթական կամար» ու «Կամո և Կորյուն» ՍՊ ընկերությունների՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող 500քմ ընդհանուր մակերեսով շենք– շինությունները Կարեն Պողոսյանի կողմից կառուցելու, 1991թ–ից դրանք բարեխղճորեն, անընդմեջ տիրապետելու և 1000.0քմ հողամասն օգտագործվելու վերաբերյալ 2001թ. ապրիլի 11-ի գրությունների իսկության հանգամանքը:
Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերությունները ստեղծվել են 2001 թվականին, ուստի, նրանց տված գրությունները, որ Կ. Պողոսյանը վերը նշված շինությունները կառուցել է շուրջ 10 տարի առաջ հավաստի չեն, իսկ «Կամո և Կորյուն» ՍՊ ընկերությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 2001թ. հունիսի 14-ին, այսինքն՝ վճիռը կայացնելուց 6 օր հետո:
Բացի այդ, Կ. Պողոսյանի անվամբ գրանցված գույքի կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստորաբաժանման կողմից վերջինիս անվամբ 1000.0քմ հողակտորը որպես վարձակալություն և 500.0 քմ շենք-շինությունները որպես սեփականություն գրանցելիս՝ խախտվել է ՀՀ «Հողային օրենսգրքի» 118֊-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես, ստորաբաժանման կողմից 1000.0քմ հողակտորը, որպես վարձակալություն, ձևակերպելիս՝ չի պահանջվել հողի սեփականատիրոջ՝ Երևանի քաղաքապետարանի, և Կ. Պողոսյանի միջև կնքված վարձակալության պայմանագիր, իսկ 1000.0քմ հողատարածքը, որպես սեփականություն, գրանցելու ժամանակ չեն պահպանվել նույն հոդվածի 7-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արգելվում է հողի սեփականության իրավունքի գրանցումը, այն դեպքերում, երբ օրենքով արգելված է համապատասխան հողամասերի մասնավորեցումը, այսինքն՝ տվյալ դեպքում՝ ստորաբաժանումր, պարտավոր էր ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն պահանջել Երևանի քաղաքապետարանից և նոր միայն որպես սեփականություն գրանցեր հողատարածքը Կ. Պողոսյանի անվամբ»:
Վերոգրյալ նյութերի հիման վրա գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոքով դիմում է Վերաքննիչ դատարան` Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2001թ.-ի հունիսի 8-ին կայացրած վճիռը բեկանելու համար:
Տարօրինակ է, որ քաղաքացի Կ. Պողոսյանը գործի փաստական հանգամանքները օրենքով սահմանված կարգով վիճարկելու փոխարեն, զբաղված է շահադիտական շահարկումներով, փորձելով այս պատմության մեջ ներքաշել, շաղկապել գլխավոր դատախազի անձը:
Սույն գործում հիշատակվում է միայն գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի եղբոր` Հ. Հովսեփյանի անունը, այն դրվագով, որ վերջինիս սեփականություն հանդիսացող հողատարածքից 2441.2քմ հատվածը համադրվել է հարևան` պետական գրանցում ստացած հողամասի հետ:։
Միաժամանակ նաև հայտնում ենք, որ Հ. Հովսեփյանը իր հողակտորը ժառանգել է հորից` Գառնիկ Հովսեփյանից:
Գլխավոր դատախազի հայրը` Գառնիկ Հովսեփյանը, 14 տարեկանից աշխատել է Խորհրդային Միության ժամանակ այդ տարածքները միավորող նախկին Շահումյան սովխոզում: Իր ողջ կյանքի ընթացքում Գ. Հովսեփյանը աշխատել, մշակել է այդ տարածքները:
1991 թ.-ին, գործող օրենսդրության համաձայն, նախկին սովխոզի հողերից որոշակի տարածք վարձակալության, ապա սեփականաշնորհման իրավունքով տրվում է Գառնիկ Հովսեփյանին, ով այն ձևակերպում է իր որդիներից մեկի անունով: Եւ այդ ժամանակ, Ա. Հովսեփյանը բնավ էլ գլխավոր դատախազ չէր: Եւ անկախ կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից, անկախ նրանից թե ով ում եղբայրն է կամ ում որդին կամ հայրը, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հովսեփյանները նույնպես ունեն սեփականության իրավունք, և այդ սեփականությունը պաշտպանելու իրավունք:
Տվյալ դեպքում, Երևանի քաղաքապետարանի այլ քաղաքացուն հողհատկացման որոշումով խախտվել է Հովսեփյանների սեփականության իրավունքը, և վերջիններս ընդամենը ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքը և ոչ մեկի նկատմաբ ոչ բողոք են ներկայացրել և ոչ էլ որևէ մեկից պահանջ ունեն և ոչ էլ որևէ մեկի սեփականության նկատմամբ երբևիցէ որևէ նկրտումներ են ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել