HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերանորոգված դպրոց` Արագածոտն համայնքում

Սակայն, դպրոցի խնդիրները լիարժեք չեն լուծվել Արագածոտնի մարզի համանուն` Արագածոտն համայնքը, նոր ուսումնական տարվա շեմին լավ նվեր ստացավ:  Օգոստոսի 31-ին հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց դպրոցական շենքը: Դպրոցը կառուցումից ի վեր` 1975 թվականից, վերանորոգման չէր ենթարկվել եւ տասնամյակների ընթացքում մաշվել, շարքից դուրս էին եկել կառույցի գրեթե բոլոր հատվածները: Շինարարության ընթացքում փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, մանրահատակը: Վերանորոգվել են մարզադահլիճն ու հանդիսությունների դահլիճը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Թամարա Միրզոյանի բնորոշմամբ` նախկին կառույցից միայն պատերն են մնացել: Լուծվել է նաեւ ջեռուցման խնդիրը: Այն իրականացվելու է էլեկտրականությամբ, որի համար արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ սալիկներ: Այնպես որ,  շուրջ 130 աշակերտ ունեցող դպրոցն այսօր  կրթական գործընթացը կազմակերպելու լավագույն հնարավորություններն ունի: Դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով ծնողներին` մարզպետն ասաց, որ դպրոցաշինությունը մարզում շարունակական է, եւ այսօր թվով 19 դպրոցներում վերոնորոգումներ են կատարվում: Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանն էլ ասաց, որ դպրոցի վերանորոգումը պետբյուջեով գյուղում իրականացվող ներդրումներից  մեկն է: Այստեղ  նաեւ իրականացվել են  ոռոգման նոր ջրագծի  կառուցման, խմելու ջրատարի վերանորոգման,  ճանապարհաշինական ծրագրեր: Շրջելով վերակառուցված դպրոցում, Արմեն Գեւորգյանը գոհ եղավ կատարված աշխատանքից: Միաժամանակ առանձնացվեցին այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, հստակեցվեցին մարզական եւ աշակերտական գույքի, հանդիսությունների դահլիճի նստարանների ձեռքբերման հնարավորությունները: Իսկ դպրոցը խմելաջրով ապահովելու հարցը ավելի ընդգրկուն խնդիր է, եւ այն լուծվելու է Արագածոտն համայնքի  եւ հարակից բնակավայրերի` այդ հարցի լուծման համատեքստում: Արագածոտնի դպրոցի տնօրեն Թամարա Միրզոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց այն խնդիրները, որ դպրոցն ունի: «Գյուղում ընդհանրապես խմելու ջուր չկա: Դպրոցին էլ ընդամենը շաբաթական 2 օր են ջուր տալիս: Հիմա վախենում եմ, եւ թույլ չեմ տալիս առանց ջրի դպրոցի զուգարանից աշակերտներն օգտվեն: Դպրոցից դուրս զուգարան կա եւ դրանից են օգտվում: Դե ձմռանն էլ երեխաներն են իրանց հետ շշերով ջուր բերում ու տնտեսական օգտագործման համար ջուրը կուտակում ենք»,-ասաց Թ. Միրզոյանը: Դպրոցի տնօրենը նաեւ անդրադարձավ մարզադահլիճին, որտեղ մարզագույք չկա: Իսկ հանդիսությունների դահլիճը նստարաններ չունի, եղած մի քանի նստարաններն էլ 35 տարվա են: «Դասարաններում նույնպես գույքի պակաս ունենք: Աշակերտական նստարանների 40 տոկոսը հնամաշ են ու այդ նստարանները սազական չեն մեր վերանորոգված դպրոցին»,-նշեց տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter