HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Պատերազմի համար մեղավոր են պետության ղեկավարները

60-ամյա Համլետ Պետուաշվիլին արդեն մի տարի է, ինչ այցելում է իր այրված տունը, խնամում է այգին, նստում տան շեմին ու մտածում: «Եթե ես հիմա մեռնեմ, ու՞ր են ինձ տանելու, որտե՞ղ է իմ տունը, ու՞ր են մարդիկ գալու ինձ վերջին տեսակցության»,- հարցնում է ինձ Համլետը:

Երբեմնի շքեղ, երեք հարկանի տնից այժմ մնացել են միայն կիսաքանդ պատերը, ջարդված ու փշրված սպասքեղենը, ամբողջովին այրված կահույքը: Տան դրսի պատերից երեւում է, որ բավականին շքեղ եւ շատ լավ կառուցված տուն է եղել` կապույտ տանիքով, սպիտակ պատերով, հրաշք խնձորի այգով …

 Երբ մեքենայից իջանք այդ տան մոտ, մի դող անցավ մարմնովս: Երբ մտա կիսավեր տունը, մտածում էի, որ մեկ տարի առաջ այստեղ խաղում էին Համլետի թոռները, նրա կինը հավանաբար համեղ ճաշ էր պատրաստում…Իսկ այսօր այդ տնից ոչինչ չի մնացել:

«Ոչինչ չկա, բացի այն հիշողություններից, որոնք կան այս տան հետ կապված, բայց դրանք ավելի ծանրացնում են վիճակս: Այս տունը հորս հետ եմ կառուցել, նա մահացավ` տունը թողնելով ինձ: Իսկ հիմա այդ տունը չկա»: 2008 թվականի օգոստոսի 12-ն էր: Համլետը Գորիից վերադառնում էր տուն` Կարալեթի գյուղ: Ճանապարհին նրան հանդիպում են հարեւանները եւ հորդորում ընտանիքի հետ արագ փախչել, քանի որ «անջատողականներն արդեն ներխուժել էին Կարալեթի», եւ վտանգը մեծ էր: Համլետը, մեքենայով հասնելով տուն, արագ հրահանգում է ընտանիքին նստել մեքենա, եւ մի քանի րոպեում նրանք լքում են իրենց տունը` ոչինչ չվերցնելով իրենց հետ: «Եթե մենք մնայինք, մեզ կսպանեին նույն օրը, այդ օրը բոլորը փախան` բացի մի քանի ծերունիներից, որոնք ուղղակի չէին կարող փախչել: Մենք ապաստանեցինք Գորիում»:

Օգոստոսի 14-ին Համլետը զանգ ստացավ հարեւանից եւ իմացավ, որ իր տունն այրված է: «Ես այդ պահին չգիտեմ` ինչ զգացի, ես դեռեւս չէի գիտակցում` ի՞նչ է կատարվել, ինչի՞ համար, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ…»: Մինչեւ սեպտեմբերի կեսերը Համլետին թույլ չէին տալիս վերադառնալ հայրենի տուն: Սեպտեմբերի 15-ին նա վերադարձավ Կարալեթի: Երբ Համլետին հարցրի, թե ինչ զգաց, երբ իր տունը տեսավ այդ վիճակում, բերանը ձեռքով փակեց` ցույց տալով, թե որքան դժվար է իր համար խոսել այդ մասին, միայն ասաց. «Մինչ տունս այս վիճակում տեսնելը գլխիս վրա մի հատ սպիտակ մազ չկար: Հենց տունս տեսա, միանգամից սպիտակեցի: Կինս ու աղջիկս մինչեւ հիմա չեն կարողանում իրենց ստիպել եւ այցելել մեր տունը, քանի որ վախենում են: Այս փողոցում մի կին կար: Երբ սեպտեմբերին ետ եկավ եւ մոտացավ իր տանը, տեսնելով ավերակները` սիրտը բռնեց ու տեղում մահացավ: Ահավոր է, ահավոր է այս վիճակը: Վախենում եմ կնոջս հետ էլ նույն բանը լինի, նա չի դիմանա…»:

Համլետի ընտանիքն այժմ բնակվում է Գորիում, վարձում են մի փոքրիկ բնակարան, վճարում են կոմունալ վարձերը: Վրաստանի կառավարությունը Համլետին եւ նրա իրավիճակում հայտնված մյուս ընտանիքներին հատկացրել է մեկանգամյա 15.000 դոլարանոց օգնություն: Համլետի տունն անհնար է վերակառուցել այդ գումարով:

Կարալեթիի գյուղապետ Զվիադ Բերիանիձեն նշում է, որ պետության կողմից հատկացված 15.000 ԱՄՆ դոլարը բավականացնում է փոքրիկ տները վերակառուցելու համար, իսկ ավելի մեծ տների համար պետությունը շուտով օգնության երկրորդ փուլը կիրականացնի: «Այժմ իմ միակ հույսը պետությունն է: Հենց նա ինձ պետք է օգնի, ուրիշ էլ ով: Ինքս այս տունը չեմ կարող վերակառուցել, փող չունեմ»,-ասում է Համլետը: Համլետն իր որդու հետ գալիս է ավերակի վերածված իր տան մոտ, այգին է մշակում, ջրում եւ անհամբեր է, թե երբ կկարողանա ապրել իր հարազատ տանը: «Ինձ ինչքան էլ ստիպեն, ես այստեղից գնացողը չեմ: Հենց վերակառուցվեց, գալու եմ ապրեմ: Ինչի՞ց պետք է վախենամ: Չեմ վախենում: Նման բան չի կրկնվի, հիմա խաղաղություն է լինելու, ես գիտեմ»: Կարալեթիում 29 նման տներ են այրել:

Այգիները հասունացել են, սակայն բերքը հավաքող չկա

Վրաստանի եւ Հարավային Օսիայի սահմանամերձ գյուղ Էրգնեթիում ոչ մի կենդանի շունչ չկար: Կային այրված տներ ու բարձիթողի այգիներ: Բնության եւ պատերազմի հակասությունն ակնհայտ էր: Շրջում էինք տնից տուն, կանչում, սակայն` ոչ մի արձագանք, բոլորը լքել էին գյուղը: Երբ մի փոքր խորացանք գյուղում, վրացի սահմանապահները եկան եւ գոռալով ինչ-որ բան ասացին: Թարգմանիչը մեզ պարզաբանեց, որ այստեղ երկու օր առաջ օսերը մի քանի վրացի են գողացել: Մեզ հորդորեցին արագ հեռանալ այդ տարածքից: Էրգնեթիի գրեթե բոլոր տներն այրված էին, կիսաքանդ, ջարդված, փշրված: Միայն այգիներն էին կենդանի, առատ բերք էին տվել եւ սպասում էին իրենց տերերին:

«Ես ամեն ինչից վախենում եմ, ես ոչինչ չեմ ասի»

Գորիում այս պահին կացարան է ստացել մոտավորապես 5000 փախստական: Մոտ այդքան փախստական էլ այս քաղաքում ապրում է 1990-ական թվականներից: Ըստ Գորիի փոխքաղաքապետ Զուրաբ Չխեիձեի` Գորիի փախստականների հիմնական խնդիրն աշխատանքի տեղավորումն է:

«Մասամբ այսօր կարելի է լուծված համարել հողի հարցը, որը փախստականներին տրամադրվել է բերք ստանալու եւ վաճառելու համար: Փախստականների այդ համայնքները փորձում ենք զարգացնել գյուղատնտեսական ուղղությամբ` հիմնականում նրանց տալով եգիպտացորենի սերմացու, քանի որ երկրի արեւելյան հատվածում եգիպտացորենի մեծ պահանջարկ կա»: Զուրաբ Չխեիձեն նշում է, որ բոլոր փախստականներն ազատված են ամեն տեսակ հարկերից: Նրանք անվճար ստանում են բժշկական ծառայություն, անվճար օգտվում են տրանսպորտից, պետությունից ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական ստանում է 25 լարի (մոտ 5800 դրամ), իսկ ընտանիքի ավագ անդամը` 30 լարի (մոտ 6900 դրամ): Պատերազմի ավարտից հետո յուրաքանչյուր ընտանիք պետությունից ստացել է 200 լարի (46000 դրամ): Փախստականներն ամեն ամիս սնունդ են ստանում Կարմիր Խաչից եւ ՄԱԿ-ից: Գորիում այս պահին կա փախստականների համար կառուցված 4 համայնք, կառուցման ընթացքի մեջ է 5-րդը: Բերբուկի համայնքում փախստականների համար կառուցվել է 114 տնակ, որտեղ ապրում են 500 փախստական: Այս գյուղացիները հավաքվել են մոտ 18 գյուղերից:

Բերբուկիի գյուղապետ Իոսիֆ Բեջանաշվիլին ասում է, որ մարդկանց մեծ մասն անգործ է եւ ապրում է պետության կողմից հատկացվող փոքրիկ գումարով: «Մարդկանց միայն 20 տոկոսն է աշխատում: Շատ են այն մարդիկ,ովքեր, փախչելով իրենց գյուղերից, կորցրել են իրենց աշխատանքը: Պետությունը փորձում է նրանց աջակցել: Օրինակ` ուսուցիչներին Գորիի դպրոցներում աշխատանք հատկացվեց»: 50-ամյա տիկին Լուկան ապրում է Բերբուկիի քոթեջներից մեկում: Նրա տունը Դիսեւա գյուղում էր: «Օգոստոսի 12-ն էր. ամուսնուս եւ սկեսրոջս հետ տանն էի: Մենք գիտեինք, որ պատերազմ էր, բայց չգիտեինք, չէինք սպասում, որ այն կգա, կհասնի մեզ եւ մեզ էլ կլափի: Ռուսներն էին. եկան տունս վառեցին: Ինչ որ կար վրաս, այդպես էլ թողեցինք տունը ու փախանք, միայն ոսկեղենս վերցրի: Սարսափելի էր: Փախանք կողքի գյուղ: Այն տագնապը, այն սարսափը, որ ես ունեի, չեմ կարող նկարագրել: Ես նեւրոզ եմ ստացել: Մինչեւ հիմա չեմ կարողանում սթափվել»:

Տիկին Լուկան շատ դժվարությամբ էր խոսում: Նա ինչ-որ բանից վախենում էր, խուսափում էր խոսել, նկարվել: Անընդհատ ասում էր, որ չի ուզում, նրանք կտեսնեն, կիմանան: Այդպես էլ չհասկացանք, թե ո՞վ կիմանա, ո՞վ կտեսնի իր նկարը: Կինը լացակումած էր խոսում իր վիճակից: Սկեսրոջ թոշակի եւ պետությունից իրենց տրվող օգնության հանրագումարը կազմում է մոտ 35.000 դրամ: Իրենց այգում աճեցնում են եգիպտացորեն, կարտոֆիլ եւ լոբի, սակայն դա բավական է միայն 3 հոգանոց ընտանիքին, վաճառելու համար բերքը չափազանց քիչ է: «Մեր գյուղում մենք մեծ այգի ունեինք: Այն ժամանակ էլ չէինք աշխատում, բայց ես եւ ամուսինս ամբողջ օրը այգու վրա էինք աշխատում եւ այնպիսի բերք էինք ստանում, որ այն վաճառելով` ապրում էինք: Իսկ հիմա ո'չ փող ունենք, ո'չ նորմալ տարածք»: Երբ տիկին Լուկային հարցրի, թե ինչ տեղի ունեցավ իրականում, նա շրջվեց եւ ցանկացավ հեռանալ: Պատերազմի մասին ցանկացած ակնարկ կնոջը խոցում է, եւ նա չի կարողանում խոսել այդ մասին: «Ես մինչեւ հիմա սթրեսի մեջ եմ, չգիտեմ` ի՞նչ տեղի ունեցավ, ինչի՞ համար, չգիտեմ, թե ի՞նչ է կատարվում իմ գյուղում: Այսօր այս բոլոր մարդիկ միայն մեկ բան են երազում`վերադառնալ իրենց հայրենի գյուղը եւ խաղաղ ապրել»:

Վրացիներն ու օսերը բարեկամներ են

Կարալեթիում վրացիների կողքին ապրում են նաեւ օսերը: Գյուղացիներն իրար միջեւ տարբերություն չեն դնում, թե ով ինչ ազգի է, մինչեւ հիմա նրանք խաղաղ են ապրում: «Վրացիները եւ օսերը ընկերներ են: Երբ սեպարատիստները մտան գյուղ, մենք բոլորս միասին փախանք Թբիլիսի, միասին վերադարձանք, հիմա միասին էլ ապրում ենք: Պետության ղեկավարներն են մեղավոր պատերազմի համար: Հասարակ մարդիկ ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ»,- ասաց Կարալեթիի բնակիչներից մեկը, ով չուզեց ներկայանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter