HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Մանրուքների արժեքը. հայ-թուրքական հաշտեցման հմայքը

0գոստոսի 31-ի ուշ երեկոյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ մամլո հաղորդագրությունը վերջին ամսվա ընթացքում Հայաստանի վարած ակտիվ նախաձեռնողական քաղաքականության արդյունքն էր:  Այն հետևեց օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցներին, ինչպես նաև ՀՀ նախագահի` BBC ռադիոկայանին տված հարցազրույցին: Արդեն իսկ կարելի է ասել, որ ՀՀ նախագահի ուղղակի, ինչ որ տեղ կոշտ հայտարարություններն այն մասին, որ Անկարան չի ձգտում քայլեր ձեռնարկել երկխոսությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ, միջազգային հանրությանն ուղղված հստակ ակնարկ էր` Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Դա էլ իր հերթին նշանակում է, որ օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին վաղուց են մշակված եղել, և հրապարակման ուշացումը կախված է եղել բացառապես Թուրքիայից: Ըստ էության, այդ քայլին Անկարան ստիպված եղավ գնալ ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ճնշումների ազդեցությամբ՝ պարզապես սպառած լինելով դրանից խուսափելու բոլոր հնարավորությունները: Սկսված գործընթացը վիժեցնելու հարցում Անկարայի թաքնված շահագրգռությունը պայմանավորված էր միայն Ադրբեջանի դիմակայության իրողությամբ, որն ուղղակիորեն շոշափում էր Բաքվի շահերը ԼՂ հիմնահարցում: Այսինքն` պայմանավորվածությունները զանցառելու Թուրքիայի ձգտումը պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ այդ պայմանավորվածություններն ուղղակիորեն շրջանցում էին ԼՂ հիմնախնդիրը և տապալում դրան ուղղակիորեն միջամտելու, ազդելու Անկարայի ձգտումները: Սակայն, չնայած այս հանգամանքին, Թուրքիան, ինչպես և Հայաստանը այս արձանագրություններով որոշակի դիվիդենտներ են ստանում: Թուրքական դիվիդենտները 1.    ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով ստանձնած պարտավորությունների վկայակոչմամբ Թուրքիան վերջապես հնարավորություն է ստանում փակել Ցեղասպանությունը ճանաչելու կամ չճանաչելու դեպքում հայերի կողմից իր նկատմամբ տարածքային,  նյութական պահանջների թեման: Այդ նպատակով է, թերևս, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ «վերահաստատվում» «երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը»: Այսինքն` այս արձանագրությամբ, որ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո, ըստ էության, գրեթե պայմանագրի ուժ է ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է երբեք Թուրքիայի առջև հողային պահանջներ չդնել: 2.    Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ կողմերը «վերահաստատում են» «հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները»: Բացի այն, որ այս կետը ևս կապում է հայերի ձեռքը Թուրքիայից պահանջատիրության հարցում, այն շատ նրբորեն շոշափում է նաև Ղարաբաղյան խնդիրը: Անկարան ցանկացած պահի կարող է հղում կատարել հենց այս ձևակերպմանը՝ պնդելու, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, նույնը կարող է անել նաև միջազգային հանրությունը: Հայաստանի դիվիդենտները Պետք է նկատել, որ այս փաստաթղթերով Հայաստանի ձեռք բերած դիվիդենտները համեմատաբար ավելի շատ են: 1.    Արձանագրություններում որևէ ուղղակի խոսք չկա հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով պայմանավորելու մասին: Դրանով հայկական կողմը որոշակիորեն զսպում է միջնորդական առաքելություն իրականացնելու հետ կապված թուրքական հավակնություններն այս հարցում: 2.    Որևէ կետ կամ ձևակերպում չկա Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու, սառեցնելու մասին, որը նախկինում Անկարայի կողմից բարձրացվում էր որպես երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման: Իհարկե, սա զուտ թղթային ձևակերպում է, կամ ավելի ճիշտ` ձևակերպման բացակայություն, որը, սակայն, ամբողջապես չի վավերացնում Ցեղասպանության ճանաչման հանդեպ Թուրքիայի հանդուրժողականությունը: Խնդիրն այն է, որ արձանագրություններում կա մի կետ, որ բավականին ընդարձակ մեկնաբանությունների տեղիք է տալիս և ուղղակիորեն վերաբերում է հենց այս խնդրին: Երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ կողմերը «հաստատում են» իրենց հանձնառությունը՝ «ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»: Հասկանալի է, որ հետագայում որևէ երկրի, անգամ որևէ քաղաքային, նահանգային իշխանության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մեկնարկն անգամ կարող է Թուրքիայի կողմից ներկայացվել որպես «բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականության» արդյունք: Դա ուղղակիորեն կաշկանդելու է Հայաստանին՝ այս ուղղությամբ որևէ քայլ, նախաձեռնություն, օժանդակություն կատարելու հարցում, էլ չենք խոսում այն մասին, որ այս արձանագրությունների ու հատկապես հարաբերությունների կարգավորման ժամանակացույցի հրապարակումից հետո որևէ երկիր չի համարձակվի Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ որևէ քայլ կատարել՝ չվնասելու համար սկսված հաշտեցման այս գործընթացը, կամ պարզապես հղում անելով այս հարցում երկու երկրների միջև ձեռք բերված վերոնշյալ հանձնառությանը: 3.    Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման գործընթացներն այս երկու արձանագրություններով այլևս շաղկապվում են և դառնում մեկ ընդհանուր պրոցես: Ընդ որում` սահմանների բացումը դիտարկվում է ոչ թե պայման, այլ արդյունք, ինչը չափազանց կարևոր է: 4.    Թուրքիան համաձայնում է «առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»: Չնայած սա զուտ արձանագրային, հռչակագրային բնույթ ունի և Թուրքիային ուղղակիորեն չի պարտավորեցնում Հայաստանին պարտադիր կարգով դիտարկելու որպես տարածաշրջանային տրանսպորտային, կոմունիկացիոն, էներգետիկ նախագծերի մասնակից, սակայն գոնե այս ձևակերպմամբ Հայաստանը Թուրքիայի և միջազգային հանրության վրա ազդելու ինչ-որ գործիք է ձեռք բերում: Հայաստանն արդեն կարող է հիմնավորել, որ Թուրքիան այս արձանագրություններով, որոնք, ինչպես համաձայնեցված է նույն այս փաստաթղթերով, վավերացվելու են պառլամենտների կողմից, չի կարող խոչընդոտել Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային տարատեսակ նախագծերին: Թուրքիան, անշուշտ, գիտակցում է այս հարցի նրբությունը, և պատահական չէ, որ այս կետը նման լղոզված ու լայնածավալ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներով է արվել: 5.    Հայաստանը վիժեցնում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբաններից կազմված հանձնաժողովի, որևէ կոլեգիալ մարմնի ստեղծման թուրքական նախաձեռնությունը: Իհարկե, որևէ տարբերություն չկա՝ այդ մարմինը հանձնաժողով է, թե ենթահանձնաժողով, կամ ինչ է նրա անվանումը: Շատ ավելի էական է, որ Ցեղասպանության հանգամանքների ուսումնասիրության իմաստ պարունակող որևէ ձևակերպում արձանագրություններում չկա: Այս մասով արված է ընդամենը հետևյալ ձևակերպումը. կողմերը համաձայնեցին նաև «իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ, ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար…»: 6.    Հայկական կողմի համար չափազանց մեծ ձեռքբերում կարելի է համարել «երկկողմ հարաբեությունների զարգացման մասին արձանագրության իրագործման ժամանակացույցի ու տարրերի» հաստատումը, որպես այդ արձանագրության անքակտելի մաս: Դա կոնկրետություն է մտցնում մեկնարկած գործընթացում, պարզում է պրոցեսների հաջորդականությունը, կողմերի պարտականությունները: Այս հանգամանքը չափազանց փոքրացնում է հետագայում կողմերից որևէ մեկի մանևրելու հնարավորությունը, քանի որ այդպիսով գործընթացը տեղափոխվում է հրապարակայնության ու պատասխանատվության դաշտ:  Այլևս հասկանալի է լինելու, թե հաշտեցման գործընթացի՝ այս ժամանակացույցով հաստատված ցանկացած փուլի ուշացման, սառեցման համար կողմերից ով է մեղավոր լինելու: Նույնիսկ կարելի է ասել, որ եթե կողմերը համաձայնության եկած չլինեին ժամկետներ արձանագրելու հարցում, ապա ո'չ Հայաստանը, ո'չ ԱՄն-ն չէին կարող Թուրքիային պարտավորեցնել պահպանել պայմանավորվածությունները: Եվ սա ուժեղ լծակ է տալու հայկական կողմին՝ հայ-թուրքական հարաբերությունները Ադրբեջանի ճնշման գոտուց դուրս պահելու առումով: Այսուհանդերձ, կա երեք լուրջ խնդիր, որոնք թույլ չեն տալիս առայժմ լիարժեքորեն վստահել սկսված գործընթացի հաջողությանը: Եվ այդ խնդիրներն անտեսել չի կարելի: -Նախ՝ մինչև այս արձանագրությունների հրապարակումը ՀՀ նախագահը BBC ռադիոկայանին տված հարցազրույցում խոսում է այն մասին, որ Թուրքիան չի ձգտում կատարել ձեռք բերված պայմանավորվածություններն իր մասով: Դա ենթադրում է, որ այս արձանագրությունների հրապարակումը այդ պայմանավորվածություններից մեկն է: Սակայն պայմանավորվածությունը միակողմանի չի լինում, և պարզ է, որ հայկական կողմը ևս ինչ-որ բան ունի անելու իր մասով, որի մասին, սակայն, ոչ ոք առայժմ չի խոսում: Ո՞րն է պայմանավորվածությունների հայկական մասը, ինչի՞ դիմաց է տեղի ունենում այս փաստաթղթերի հրապարակումը, ի՞նչ պետք է դրա դիմաց անի հայկական կողմը և ընդհանրապես պե՞տք է ինչ-որ բան անի, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնք սպասում են պատասխանի: Դրանց հստակ պատասխանները հնարավորություն կտան վերջնականապես ասելու՝ արդյո՞ք այսպիսի, մեծամասամբ հայանպաստ լուծումներ ենթադրող փաստաթղթերի հրապարակումը հայկական դիվանագիտության հիանալի հաղթանակն էր, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, դա մի հարց է, որ շոշափում է այս վտանգավոր ու թակարդներով լի գործընթացը սկսած իշխանության վստահելիության չափը, և իշխանություններն ուղղակի պետք է փարատեն այս հարցում որևէ կասկածամտություն: -Ինչպես ակնհայտ դարձավ արձանագրությունների մի քանի կետերի հպանցիկ դիտարկումից, դրանք մեծամասամբ հռչակագրային բնույթ ունեն: Ավելին, դրանք պարունակում են հսկայական սողանցքներ, շահարկումների, տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություններ:  Փաստաթղթերն այնպիսին են, որ ցանկացած ժամանակ, ցանկացած առիթով կարելի է դրանով նախանշվող պարտավորությունների բեռից ազատվել, մեղավորներ գտնել հակառակ կողմում և պարզապես վիժեցնել գործընթացը: Առավել ևս, երբ Անկարան ակնհայտորեն պատրաստ չէ հաղթահարելու ադրբեջանական ճնշումները, որոնք անպայման լինելու են այս գործընթացում, երբ սկսի գործել հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովը, դրա ենթահանձնաժողովը ու հատկապես, երբ դրանք վավերացվեն ու հստակ իրավական ուժ ստանան երկու երկրների պառլամենտների կողմից: Այլ կերպ ասած` այս փաստաթղթերին և դրանցով մեկնարկող գործընթացներին առայժմ հարկ է լուրջ վերապահումներով մոտենալ: -Իբրև վերոնշյալի շարունակություն՝ հարկ է նաև նկատել, որ արձանագրությունների առանձին կետեր ուղղակի կարող են գործընթացը վիժեցնելու հարմար պատրվակ լինել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու երկրների խորհրդարանների կողմից այս արձանագրությունները վավերացնելու պայմանին: Իհարկե, դա էլ ավելի լուրջ իրավական ուժ է հաղորդում այդ փաստաթղթերին: Սակայն մի կողմ թողնելով անգամ այն հանգամանքը, որ այս կարգի արձանագրությունները սովորաբար չեն ներկայացվում խորհրդարանների վավերացմանը, և ընդհանրապես կասկածելի է դրանց սահմանադրականությունը գոնե հայաստանյան իրավական համակարգի տեսանկյունից, չի կարելի բացառել, որ խորհրդարաններից որևէ մեկը ուղղակի դեմ հանդես գա դրանց: Վտանգը հատկապես թուրքական կողմից է, քանի որ  թուրքական պառլամենտում շատ են քաղաքական տարասևեռ շահերը, որոնք բախվելու և կարևորագույն գործընթացներ վիժեցնելու մեծ փորձ ունեն:  Ինչ է լինելու, եթե, օրինակ, ազգայնական տրամադրություններ հրահրելու և դրանք ներքին կարգով հովանավորելու արդյունքում թուրքական պառլամենտը չվավերացնի այս արձանագրությունները:  Վարչակազմն ընդամենը մեղքը կբարդի խորհրդարանի վրա ու գործը դրանով կավարտվի: Սրանք գուցե մանրուքներ են, սակայն ամեն ինչ սկսվում ու ավարտվում է հենց մանրուքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter