HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ Յեղափողական Դաշնակցության հայտարարությունը

01-09_HYD2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը: Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով: Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները. ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են: բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է: Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին: Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ  Թուրքիան ողջ գործընթացն իր քաղաքական շահերին է ծառայեցնում (Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում) եւ Հայաստանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով: Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով: ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Ելնելով այս ամենից` ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով: Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստների հավանականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter