Քաղաքապետարանը դատարանի վճիռը կատարել է ԴԱՀԿ-ի միջամտությամբ
Երեւանի քաղաքապետարանը դատական ակտերի հարկադիր կատարողներին է տրամադրել Վարչական դատարանի վճռով սահմանված տեղեկատվությունը, որը պահանջել էր «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը: Այս մասին «Հետքին» տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դատարանը վճիռ էր կայացրել հունիսի 23-ին, սակայն քաղաքապետարանը կամովին չէր կատարել այն, եւ հայցվոր կազմակերպությունը դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարողներին, որոնց էլ արդեն փոխանցվել է պահանջվող տեղեկատվությունը:
Նշենք, որ «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ն քաղաքապետարանից ցանկանում էր տեղականալ, թե ՀՀ կառավարության 17.06.2004 թ. թիվ 909 որոշմամբ` «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները ի՞նչ կարգով եւ ի՞նչ սկզբունքներից ելնելով են ընտրվել եւ արդյո՞ք այդ կազմակերպությունները քաղաքաշինական ծրագրերի իրականացման բավարար երաշխիքներ տվել են, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞ երաշխիքներ:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը գրավոր հարցում էր ներկայացրել դեռեւս 2006 թվականին, իսկ 2008 թվականին հ/կ-ն դիմել էր Վարչական դատարան, որպեսզի քաղաքապետարանին պարտավորեցնի տրամադրել օրենքով սահմանված տեղակատվությունը:
Ի դեպ, հայցվոր կազմակերպությունը դեռ չի ստացել ԴԱՀԿ աշխատակիցներին փոխանցված տեղեկատվությունը:
«Գագիկ Բեգլարյանը հարցմանը չի պատասխանել»
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը մայիսի 26-ին գրավոր դիմել էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենիք 6-րդ հոդվածի 1-ին մասով` խնդրել է տեղեկատվություն տրամադրել:
«Բեգլարյանն առ այսօր չի պատասխանել իմ նամակին, թեեւ ըստ օրենքի պարտավոր էին առնվազն 5 օրում պատասխանել: Մեկ ամիս անց եւ կրկին նույն հարցերը նամակով ուղարկել եմ քաղաքապետին եւ պահանջել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն` 5 օրում պատասխանել, սակայն 2-րդ նամակն էլ է անպատասխան մնացել,- ասում է Սեդրակ Բաղդասարյան եւ ավելացնում,- անլուրջ կլինի, եթե մենք ամեն մի տեղեկատվության համար քաղաքապետին դատի տանք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել