Ղարաբաղում նշում են Անկախության հռչակման 18-րդ տարեդարձը
Այսօր Արցախում նշում են անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Անկախություն, որը նվաճվել է հայ ժողովրդի հազարավոր զավակների արյան գնով, անկախություն, որով թերեւս հպարտանում է ամեն մի հայ, քանի որ այն հայ ազգի պատմության մեջ տեղ գտավ որպես հաղթանակ:
Այս անկախության գինն ավելի լավ գիտեն այն մարդիկ, ում զավակները, ամուսինները, քույրերն ու եղբայրները իրենց կյանքն են տվել արցախյան պատերազմում` հանուն այսօրվա անկախության, հանուն Հայրենիքի բարoրության: Եւ այսօր էլ այդ նույն մարդիկ խոսելով մադրիդյան սկզբունքների մասին միանշանակ մի հարց են հնչեցնում` ի՞նչ պատասխան ենք տալու մեր զոհված տղաներին, ինչպե՞ս ենք նայելու նրանց աչքերին, որոնք մեզ են հետեւում արդեն նկարներից ու շիրմաքարերից: Այսօր այդ նույն մարդիկ ամեն մի առիթով «ոչ» են ասում այդ մադրիդյան սկզբունքներին եւ հավաստիացնում, որ թույլ չեն տա այդ սկզբունքների իրագործումը:
Նրանց հետ միասին այսօր առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել հազարավոր մարդիկ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:
Ժամը 11-ին հուշահամալիր են այցելել նաեւ երկու հայկական պետությունների` ԼՂՀ եւ ՀՀ ներկա եւ նախորդ նախագահները` Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հասարակական գործիչներ, մտավորականներ:
Իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո պատվիրակությունը ճանապարհվեց մասնակցելու Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բացման արարողությանը, որից հետո նրանք կմասնակցեն տոնական միւջոցառումներին. տոնական միջոցառումներ կանցկացվեն Ստեփանակերտում եւ շրջաններում, երեկոյան ԼՂՀ նախագահի մոտ կկազմակերպվի ընդունելություն, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որն էլ կուղեկցվի տոնական հրավառությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել