
«Այս 18 տարիների ընթացքում ամեն տարի ձեռք են բերել նոր նվաճումներ, որոնք առաջին հերթին ձեռք են բերված մեր սուրբ նահատակների արյան եւ կյանքի գնով: Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազում փորձություններ, զրկանքներ, կորուստներ, եւ դրա հետ մեկտեղ մենք ունեցել ենք նաեւ նվաճումներ»,-այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, ողջ հայ ժողովրդի մասնակցությամբ նվաճված անկախությունը բացահայտել է այն գերագույն իմաստը, որ չկա հայրենիքից բարձր արժեք:
«Արցախի ժողովուրդը դա գիտակցում է, եւ սա է նրա առաջնորդվելու միջոցը այսօր»,-հավելել է ԼՂՀ նախագահը:
Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների զարգացման օրերս հրապարակված արձանագրությունների վերաբերյալ Բակո Սահակյանը հայտնեց այն կարծիքը, որ գործընթացը մեկ անգամ եւս միջազգային հանրության համար կբացահայտի, թե որ ժողովուրդն է իրականում կողմ այդ կառուցողական հարաբերություններին:
«Դժբախտաբար գործ ունենք մի այնպիսի երկրի հետ` ի դեմս Թուրքիայի, որ դեռ խաբեբայությունը նրանց քաղաքականության մի մասն է կազմում: Մենք տեսնում ենք, թե արձանագրությունից հետո ինչպիսի մեկնաբանություններ են կապում Թուրքիայի պետական պաշտոնյաները: Իհարկե, սա չի կարող մեզ հույս ներշնչել, որ այդ պահվածքով ու կեցվածքով կարող ենք ակնկալել ազնիվ եւ անկեղծ հարաբերությունների կառուցում, բայց, կարծում եմ, հայ ժողովուրդը շահած դուրս կգա այս գործընթացից, որովհետեւ Հայաստանի տրամադրությունն ու մտադրությունն ազնիվ են»,-նկատել է Արցախի նախագահը:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին` նա շեշտեց, որ «հիմք չունեն կասկածելու, որ այսօր Մինսկի խմբի համանախագահներն իրականում ցանկանում են, որ վերջապես այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցվի»:
«Բայց այստեղ նույնպես գործ ունենք Ադրբեջանի ղեկավարության ներկայիս կեցվածքի հետ, եւ ակտիվություն չի կարող այդ գործընթացն ունենալ, քանի որ հիմնական կողմը ներկայացված չէ բանակցություններում, եւ միայն բանակցային գործընթացի ձեւաչափը վերականգնելուց հետո մենք կարող ենք խոսել ակտիվ ժամանակաշրջանի մասին»,-շարունակել է նախագահը:
Բանակցությունները շարունակվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք նախատեսում են նաեւ տարածքների հանձնում: «Հետք»-ի հարցին, թե տարածքներ հանձնելո՞ւ ենք, թե՞ ոչ, ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Նման հարցադրումներ լինում են, եւ նաեւ այնպիսի հարցեր ուղղում են ինձ, թե վերջնականապես ինչպե՞ս է Արցախը պատկերացնում ԼՂՀ անկախությունը` ԼՂԻՄ-ի տարածքների շրջանակներում, թե դրանից դուրս: Մենք ԼՂՀ անկախությունը տեսնում ենք, եւ այլ կերպ չի կարող լինել, ոչ ԼՂԻՄ-ի տարածքների շրջանակներում»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահն իր պաշտոնավարության ողջ ընթացքում վերոնշյալի վերաբերյալ միշտ ուներ իր հստակ դիրքորոշումը, որը հայտարարվում էր հիմնականում ազատագրված տարածքներում:
Նա տարբեր առիթներով շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթակա չեն»:
Նա միաժամանակ նաեւ շեշտում էր, որ այդ տարածքներն ազատագրվել են 1990-ականների սկզբներին, որոնք այսօր ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությունում եւ որակված որպես անվտանգության գոտի:
Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ այսօր լրագրողներին ճեպազրույց չտվեց, ինչն արդեն վերջին տարիներին կարծես թե ավանդույթ է դարձել: Նա սովորաբար նման օրերին Ղարաբաղում էքսկլյուզիվ հարցազրույց է տալիս միայն Հայաստանի հանրային հեռուստատեսության` Երեւանից իր հետ Արցախ ժամանած թղթակցին: Այնպես, որ կարելի է նույնը ակնկալել նաեւ այսօր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել