«Ջավախահայությունը ոգևորվածություն է ապրում ՀՀ նախագահի ելույթից հետո»
Մեկնաբանություն
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի՝ ՀՀ դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց հետ հանդիպման ժամանակ Ջավախքի հարցի բարձրացումը շրջադարձային իրադարձություն կարելի է համարել Հայոց նորանկախ Հանրապետության պատմության մեջ։
Չնայած խիստ ուշաված, սակայն ՀՀ-ն, հանձինս երկրի առաջին դեմքի, աշխարհին ավետեց, որ ջավախահայությունն իր հայրենի հողի վրա ապագա ունի միայն այն դեպքում, երբ հայոց լեզուն փաստացի գործածվելուց բացի ունենա նաև իրավական ուժ։
Իրականում Վրաստանի ղեկավարությունը առավել շատ վախենում է լեզվի կարգավիճակից, քան ինքնավարության տրամադրումից, քանի որ հայոց լեզվին իրավական կարգավիճակի շնորհումը միանգամից լուծում է մի քանի՝ և՛ սոցիալ-տնտեսական, և՛ մշակութային, ինչպես նաև արտագաղթին ու աշխատատեղերին առնչվող հարցեր։
Այդ իմաստով ՀՀ նախագահը խփել է ուղիղ նշանակետին, քանի որ Ջավախքում հայոց լեզվին իրավական կարգավիճակի շնորհումը ջավախահայության փրկության իրական բանալին է։
Ջավախքի մշակութային - հոգևոր կյանքում մեծ նշանակություն ունի նաև կրոնական հարցի կարգավորումը, որը նաև հայոց սեփականությունը կդարձնի մինչ այժմ իրավականորեն անտեր մնացած կամ Վրաստանի հոգևոր վերնախավի կողմից բռնազավթված կամ «վիճելի» մի շարք հոգևոր կոթողներ ու եկեղեցիներ, ուստի պակաս կարևոր չէր նաև ելույթի մնացած՝ ՀԱԵ Վիրահայոց թեմին իրավական կարգավիճակի հարցի բարձրացման մասը։
ՀՀ Նախագահը համայն աշխարհի առջև խոսեց նաև ինտեգրման այնպիսի ձևի մասին, որն անմիջականորեն բխում է Ջավախքի շահերից։ Ելույթն իսպառ ոչնչացրեց մինչ այժմ տիրող այն կարծրատիպը, թե Ջավախքը հայկական սովորական համայնք է։ Հասարակությանը ներկայացվեց Ջավախքի իրական խնդիրն ու վերջինս Վրաստանի կազմում գործոն ու սուբյեկտ դառնալու կարևորության մասին։ Իսկ Մեղրի-Բաթում հյուսիս - հարավ մայրուղու շինարարության հիշատակումը անփոխարինելի դարձրեց Ջավախքի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ի ու տարածաշրջանի համար։ Ջավախահայությունը ոգևորվածություն է ապրում ՀՀ նախագահի ելույթից հետո, սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ի անգամ ամենափոքր ու ոչ նյութական ուշադրությունը մեծապես կարող է փոխել իրադրությունը Ջավախքում։ Վահե ՍԱՐԳՍՅԱՆ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ 02.09.2009թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել