HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Լոռիում

02_09-qnnarkum Նախօրեին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց խորհրդակցություն Լոռու մարզպետարանի աշխատակազմի հետ: Ինչպես տեղեկացրեց  մարզպետ Արամ Քոչարյանը, խորհրդակցությանը մասնակցում էին  մարզպետի տեղակալներ,  վարչության և բաժնի պետեր, Ալավերդի, Թումանյան և Ախթալա քաղաքների քաղաքապետերը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:  Արմեն Գևորգյանը հստակեցրեց, որ խորհրդակցությունում քննարկվելու է  ՀՀ կառավարության սեպտեմբերի վերջին Լոռու մարզում կայանալիք արտագնա նիստի հետ առնընչվող  և  տարածաշրջանային հիմնախնդիրների  հետ կապված հարցեր: Թե ինչու վերջինիս  դեպքում Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքներից ընդամենը 3 համայնքների ղեկավարներ էին մասնակցում փոխվարչապետի խորհրդակցությանը, մնաց անմեկնելի:   Արմեն Գևորգյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկեց առանց կաշկանդվելու բարձրացնել հիմնախնդիրները: «Մենք Ալավերդու քաղաքապետի հետ առիթ  ունեցանք արդեն առանձին շփվելու, քաղաքապետը խնդիրները ներկայացրեց, ես արդեն գիտեմ անելիքները, որոնք են  Ալավերդու քաղաքապետարանի հետ կապված»,-տեղեկացրեց նա: Խորհրդակցությանը մասնակցող լրագրողներին այդպես էլ անհայտ մնաց, թե Ալավերդու քաղաքապետը մարզի զարգացման ծրագրում ներգրավելու համար ինչ խնդիրներ է դրել փոխվարչապետի առաջ: Թումանյան քաղաքի համայնքապետ Լևոն Զավարյանի հարցն առընչվում  էր հողի կադաստրային արժեքին: «Փաստորեն  Ախթալայի հրակայուն աղյուսի գործարանը  իր զբաղեցրած 1 հա-ի համար այս տարվանից վճարում է 1000դրամ, զբաղեցրած 12 հա -ի համար վճարում է 12 հազար դրամ հարկ,  իսկ էն հասարակ քաղաքացին, որ մի փոքր այգի ունի կամ հողատարածք, առանց այգու 1 հա -ի համար  6 հազար դրամ է վճարում, իսկ այգի ունենալու դեպքում  26 հազար դրամ: Այս տարվա իմ հողի ընդհանուր հարկը 600 հազար դրամ է, որից 150 հազարը գործարանինն էր, միանգամից իջավ 15 հազարի, համայնքի հողերի հարկերի մոտավորապես 30 տոկոսը կորչում է: Կխնդրեի վերանայվի խնդիրը»,-ասաց Լ.Զավարյանը: Արմեն Գևորգյանը նշեց, որ տեղյակ է հիմնախնդրին: Նա հավաքվածներին բացատրեց  այսպես. «Հանրապետությունում, բավականին մեծ քանակով խոշոր տնտեսավարողներ, համաչափ տեղական հարկեր չեն վճարում: Ոչ թե իրենք չեն վճարում, այլ գործող օրենսդրական դաշտն այնպիսին է, որ շատ քիչ է դրույքաչափը ձևավորվել արդեն: Եվ դուք կոնկրետ ձեր օրինակը բերեցիք, ես կարող եմ ավելի շատ թիվ բերել, մոտ 35 հիմնարկ էինք հանել, երբ որ ես իմացա, հիմա չեմ ուզում կոնկրետ հիմնարկների անունները տալ, որ շահարկման թեմա չդառնա, բայց խոշորագույն հիմնարկներ ունենք, որոնք 600 հա հողատարածք են զբաղեցնում, տարեկան ասենք 64 հազար հողի հարկ են վճարում»: Փոխվարչապետը դա համարեց աբսուրդ: Նա խոհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ նման ցուցակ իր ձեռքի տակ կա: Արմեն Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ նման խնդիր կա նաև Երևանում: «Երևանում բնակիչը կարող է իր բնակարանի համար ավելի շատ գույքահարկ վճարի, քան թե մի հատ մեծ խոշորագույն ձեռնարկություն»,-ասաց փոխվարչապետը և հավելեց, որ խնդրի ուսումնասիրման համար իր կողմից գերատեսչական հանձնաժողով է ստեղծվել: «Կարծում եմ, որ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքով, կհասկանանք օրենսդրական, որ հատվածում է, որ մենք թերություններ ենք տեսնում, որ շտկենք իրավիճակը, և  2-րդը, աշնանը ԱԺ ուղարկվելիք  կառավարության նախաձեռնությամբ հարկերի մասին օրենքում, տեղական հարկերի մասին առանձին բաժին է լինելու, որտեղ հարկային վարչարարությունը, ՏԻՄ-ի համար  հավասարեցվելու է սովորական հարկային վարչարարությանը, որպեսզի ՏԻՄ-երը ունենան հնարավորություն, և դատարան դիմեն և վարչական տույժեր նշանակեն և այլն»,-ասաց Ա.Գևորգյանը: Ըստ փոխվարչապետի օրենքով  նախատեսվելու է հնարավորություն ՏԻՄ ղեկավարին վերագնահատել այս կամ այն գույքի կադաստրային արժեքը: Համայնքապետ Լ. Զավարյանը փոխվարչապետին տեղեկացրեց. «Շվեյնի ֆաբրիկա ունենք 10 հազար դրամ է վճարում գույքահարկը, էնտեղ մի փոքր 3-ը 4-ի վրա վարսավիրանոց կա, որը չի աշխատում, նույնպես 10 հազար դրամ է վճարում»: «Իհարկե, սխալ է, ես ինչպես  ասացի կա առնվազն 34 օրինակ ավելի վատ: Հիմա քոնը` համոզված եմ, որը չի էլ գործում,սրանք աշխատում են, ռեալ եկամուտներ են ստանում, բայց իրենց աշխատած ծավալները, իրենց շրջանառությունը և վճարած հարկերն ընդհանրապես համադրելի չեն: Սա համաընդհանուր խնդիր է, մենակ Թումանյանին չի վերաբերվում, ցավոք սրտի ամբողջ հանրապետության տարածքով գոյություն ունի էս խնդիրը ու զբաղվելու ենք: Կարծում եմ, որ բոլորս միասին զբաղվենք տեղից կշաժենք էս հարցը»,- բացատրեց Արմեն Գևորգյանը: Թումանյանի համայնքապետը փոխվարչապետին տեղեկացրեց  նաև 5  տարի առաջ Թումանյանում  վերանորոգված սպորտ դահլիճի անորակ ու փլված հատակի մասին, որի պատճառով դահլիճ երեխա չի մտնում: «Շաբաթ օրը ես նախագահի հետ հանդիպել եմ, քննարկել ենք, ու համաձայնությունը կա, ձեր ծեծված հարցին լուծում ենք տալու: Արդեն երկար տարիներ չենք կարում մի գիծ քաշենք, ո՞վ է պատվիրատուն և ո՞վ է ընդունողը: Հիմա պայմանավորվեցինք, պետք է ամրագրենք, որ մարզային ենթակայության օբյեկտների վերանորոգման կամ հիմնանորոգման պատվիրատուն հանդիսանում է մարզպետը, ընդունողը` քաղաքաշինության նախարարությունը: Օ-ից կառոցվող նոր օբյեկտը կմնա քաղաքաշինության նախարարության հսկողության տակ:  Ընթացիկ վերակառուցումները դնելու ենք մարզպետարանների վրա, որ սենց պատմություն չլինի: Սենց խնդիր եղավ ես իմանալու եմ ով է մեղավոր: Կոնկրետ էս դեպքում շինարարին պետք է գտնենք ու ստիպենք գնա էդ ամենը վերացնի, հակառակ դեպքում, ժամկետ ենք ֆիքսում, չի անում, ուղարկում ենք նյութերը դատախազություն, ոնց որ երեկ Աշտարակի հիվանդանոցում, նույն տեսակի պրոբլեմ է: Անցած տարի առաջին հարկը սարքել է, էս տարի լրիվ կաբել-մետլախը քանդվել է: Դրած հիմա իր սեփական միջոցներով անում է, չանի` գնալու է դատախազություն»: Ու մինչ փոխվարչապետը մեկնաբանում էր Թումանյան քաղաքի համայնքապետի բարձրացրած խնդիրը, Վանաձորի «Ինտերկապ» հեռուստաընկերության օպերատոր Ժան Աբրահամյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հրահանգել է լրագրողները լքեն նիստերի դահլիճը:   Թե ինչու մարզպետին հաճելի չէր Թումանյանի տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրների լրագրողների ներկայությամբ բաց քննարկումը, անհասկաալի էր: Նիստը շարունակվեց փակ դռների  հետևում: Նիստի ավարտին լրագրողների հարցին Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց.«Ես չեմ նկատել, որ լրագրողներին դուրս են հրավիրել, այդ ժամանակ այլ խնդիրներով էի զբաղված, չեմ կարող դրա հետ կապված որևէ բան ասել:  Որևիցե արտառոց, որևիցե գաղտնի, գերգաղտնի հարց այնտեղ չի քննարկվել, Ձեզ հավաստիացնում եմ»: Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ մարզի զարգացման ծրագրում տեղ կգրավի նաև իր հեղինակած «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter