Ավագ դատախազ Հ. Հարությունյանը անդրադարձել է «Հետք»-ի հրապարակումներին
2007 թ. օգոստոսի 30-ին N զորամասում, պաշտոնական տվյալներով` էլեկտրահարումից մահացած Տիգրան Օհանջանյանի քրեական գործով մեղադրող, ավագ դատախազ Հարություն Հարությունյան պարզաբանումներ է ներկայացրել լրատվամիջոցներում, մասնավորապես «Հետք»-ում տեղ գտած այս գործին վերաբերող որոշ հրապարակումների կապակցությամբ, որոնցում նշված տեղեկությունները որակել է «իրականությանը չհամապատասխանող», այն էլ` «մեղմ ասած»:
Դատախազը նշել է, թե հիշյալ հրապարակումներում «աղճատվում են փաստական հանգամանքները» և պարզաբանման վերջում լրագրողներին կոչ է արել` «եթե «սենսացիոն» տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից ելնելով ի վիճակի չեն պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, գոնե չմոռանան տարրական էթիկայի կանոնները»: Հարգարժան դատախազն իր շարադրանքում անդրադարձել է 2009 թ. հուլիսի 9-ին և օգոստոսի 27-ին «Հետք»-ում լույս տեսած երկու հրապարակումներին, որոնցում լրագրողը որևէ հետևություն կամ կարծիք չի հայտնել, այլ պարզապես, արձանագրելով տեղի ունեցող իրադարձությունները, ուղիղ խոսքով մեջբերել է որդեկորույս ծնողների հայտարարությունները: Նշված հրապարակումները տեղ են գտել կայքէջի լրահոսում. դրանք կրում են զուտ ինֆորմացիոն բնույթ: Ուստի, անհասկանալի է, թե բացառապես տեղեկատվություն հաղորդող լրագրողն էթիկական կամ մասնագիտական ինչ կանոններ է խախտել: Անշուշտ, ուրախալի է, որ դատախազ Հարությունյանն արձագանքում է լրատվամիջոցների հրապարակումներին: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ «Հետք»-ում տպագրվել են սույն գործին վերաբերող մի քանի հոդվածներ, որոնցում բարձրացվել են, մեղմ ասած` աչքաթող արված կարևոր հարցեր: Ողջունելի կլիներ, եթե հարգարժան ավագ դատախազը պարզաբանումներ ներկայացներ նաև դրանց վերաբերյալ: Ներկայացնում ենք դատախազ Հարություն Հարությունյանի պարզաբանումը. Թիվ 90603807 քրեական գործով հրապարակումների վերաբերյալ Թիվ 90603807 քրեական գործի քննությամբ պարզվել է հետեւյալը. ՀՀ ՊՆ թիվ 28233 զորամասի կապի հանգույցի էլեկտրատնտեսության տեխնիկայի անվտանգության կանոնների համար պատասխանատու և պաշտոնատար անձինք` կապի հանգույցի պետ, կապիտան Ռուստամ Ասատրյանը և կապի հանգույցի ռադիոբյուրոյի պետ, կրտսեր սերժանտ Կարեն Թովմասյանը իրենց ծառայության պարտականությունների նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Այն է` խախտել են ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 73, 78, 80 և 81 հոդվածների պահանջները, չեն կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները` ոչ պատշաճ են իրականացրել Ռ-419 վերանորոգված կայանի տեղադրումը, չեն ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության նորմերի պահպանումը, այն պատշաճ չեն ենթարկել ընդունման- հանձնման փորձարկումների, չեն ձևակերպել ու փաստաթղթավորել հիշյալ գործողությունը և նշված կայանը թողել են միացված վիճակում: Արդյունքում անտենան սնուցող մալուխի (լարման տակ գտնվող ջիղի) մեկուսացման շերտի խախտման` վնասման պատճառով մալուխի ջիղը մետաղական հենականգնակի հետ միակցման հետևանքով (քանի որ հենականգնակը չի ունեցել համապատասխան հողակցում, իսկ դրանից միացված ձգալարերը «0»-ական պաշտպանիչ հաղորդալարին միացված չեն եղել) հենականգնակը և ձգալարերն ընկել են պոտենցիալի տակ, որը հանդիսանալով վտանգի աղբյուր, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` 2007 թ. օգոստոսի 30-ին ժամը 22:45-ի սահմաններում ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Օհանջանյանը պարանոցով և ձախ դաստակով հպվելով հենականգնակի ձգալարերին, ընկել է հպման լարման տակ: Նրա մարմնով փակվել է էլեկտրական շղթան, մարմնով անցել է 0,3 Ա հոսանք, որի 6,8 %-ը 0,026 Ա` սրտի միջով, ինչի հետևանքով վերջինս էլեկտրահարվել և տեղում մահացել է: Կատարվածի համար ինչպես Ռ. Ասատրյանին, այնպես էլ Կ. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-ին մասով և քրեական գործը դեռևս 30.05.2008թ. ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ նույն թվականի հունիսից սկսվել ու դեռևս չի ավարտվել գործի դատաքննությունը /դատավոր Յու. Իսկոյան/: Մի շարք լրատվական միջոցներում, այդ թվում` «Հետք» էլեկտրոնային էջում վերջերս տեղ են գտել սույն քրեական գործին վերաբերող հրապարակումներ, որոնցում նշված տեղեկությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Հաշվի առնելով, որ դատաքննությունը դեռևս չի ավարտվել` ձեռնպահ եմ մնում վերջնական եզրակացություն կամ հետևություններ անելուց, բայց որոշ պարզաբանումներ կներկայացնենք, քանի որ հրապարակումներում աղճատվում են փաստական հանգամանքները: Տուժողի ծնողները ԶԼՄ-ների մոտ հարցադրում են հնչեցնում, թե ինչու մեղադրողը չի մասնակցել դատարանի 11.08.2009թ. որոշմամբ նշանակված համալիր փորձաքննության էլեկտրատեխնիկական մասին, որը կատարվել է 26.08.2009թ. դեպքի վայր հանդիսացող եղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում, սակայն 19.07.2009թ. եկել է գերեզմանատան տարածք դատարանի որոշմամբ նշանակված արտաշիրմանը ներկա լինելու: Տեղեկացնում ենք, որ արտաշիրմումը` դատավարական գործողություն է, որը կատարվում է դատարանի կողմից` դատավարության մասնակիցների, այդ թվում` մեղադրողի մասնակցությամբ: Մեղադրողը ծանուցված է եղել դատարանի կողմից, ինչպես նաև` ամբաստանյալները և նրանց պաշտպանը: Հրավիրված են եղել նաև տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները, որոնք էլ նախաձեռնել էին շուրջ երկու տարի առաջ հուղարկավորված Տիգրան Օհանջանյանի դիակի արտաշիրմումը: Արտաշիրմումը ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական, կազմակերպման խնդիրների, բարոյահոգեբանական և այլ տեսանկյուններից շատ բարդ գործողություն է: Դատարանը պատրաստվել էր այդ գործողությանը ամենայն լրջությամբ` նշանակված օրը գերեզմանատուն են եկել ոչ միայն դատավարության մասնակիցները, այլև հակահամաճարակային, քիմիական, բժշկական և անհրաժեշտ այլ բնագավառների ներկայացուցիչներ, ներգրավված են եղել համապատասխան ավտոտրանսպորտային և այլ տեխնիկական միջոցներ: Այդ ամենը հիշյալ հոդվածում անվանարկվել է «շքախումբ»: Չեն եկել միայն տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները: Ի դեպ` նշեմ, որ դրա նախորդ օրը ներկա եմ եղել տուժողի իրավահաջորդի և նրա կնոջ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որի ժամանակ նրանք ներկայացրել էին մի շարք պահանջներ, մասնավորապես` արտաշիրման կատարմանը իրենց կողմից միջնորդած մասնագետին ներգրավելու մասին և այլն: Նրանց խնդրանքը չէր մերժվել և ներկայացված ձևական խոչընդոտները կարծես վերացվել էին, սակայն դրանից հետո տուժողի իրավահաջորդի կինը` Գոհար Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը նշանակված արտաշիրիմումը չի կարող կարարվել, քանի որ իր ամուսինը ի վիճակի չի լինելու մասնակցել` առողջության վատթարացման պատճառով: Սուրեն Օհանջանյանը հաստատեց իր կնոջ խոսքը, որ ինքն էլ է համոզված, որ հաջորդ օրը անկողնային հիվանդ է լինելու: Իսկապես, հաջորդ օրը Ս. Օհանջանյանի և նրա ներկայացուցիչների փոխարեն գերեզմանատուն է եկել Գոհար Սարգսյանը և հայտարարել, որ ամուսինը անկողնային հիվանդ է, ու իրենք, որպես զոհվածի ծնողներ համաձայն չեն, որ այդ օրը կատարվի նշանակված դատավարական գործողությունը: Այդ պատճառով դատարանը արտաշիրման կատարման համար նշանակված ժամը /12:00/ լրանալուց հետո կազմել է համապատասխան արձանագրություն` դատավարական գործողությունը չկատարելու վերաբերյալ: Մինչ այդ ինձ զանգահարել են և հայտնել, որ «Հետք» ինտերնետային էջում արդեն հայտնվել է հոդված, որում լրագրողը հղում կատարելով Գոհար Սարգսյանի հայտարարություն, թե մեղադրող դատախազը իբր դատավորի, դատարանի նախագահի և մյուսների հետ միասին գնացել են գերեզմանատուն` Տիգրան Օհանջանյանի դիակը գողանալու նպատակով, սակայն այդ «վայրագությունը» կանխվել է տեղ հասած զոհվածի մոր ջանքերի շնորհիվ: Հաշվի առնելով, որ Ս. Օհանջանյանը և Գ. Սարգսյանը զոհված զինվորի ծնողներ են ըմբռնումով եմ ընկալել որդեկորույս ծնողների արարքներն ու արտահայտությունները: Միայն հավելեմ, որ 17.07.2009թ. ամսաթվով թվագրված դիմումով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել է նշանակված «դատաբժշկական փորձաքննության արտաշիրման միջոցով փոխարեն գործի նյութերով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն»: Ինչ վերաբերում է 26.08.2009թ. դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության կատարմանը մեղադրող դատախազի ներկա չլինելուն, ապա տեղեկացնում եմ, որ, ի տարբերություն արտաշիրման, փորձաքննության կատարմանը ներկա գտնվելը դատավարության մասնակիցների իրավունքն է, և ոչ թե պարտականությունը: Փորձաքննության կատարմանը ներկա գտնվելու կամ մասնակցելու համար դատախազը հրավիրված չի եղել: Իսկ եթե հրավիրված էլ լիներ, ամենայն հավանականությամբ կօգտվեի չներկայանալու իմ իրավունքից, որպեսզի չմեղադրվեի հոսանք գողանալու, ներմուծելու կամ այլ ֆանտաստիկ գործողությունների համար: Հաշվի առնելով, որ փորձաքննության կատարումը դեռևս չի ավարտվել` խուսափում եմ հետևություններ անելուց: Չենք ցանկանում մեկնաբանել նաև որդեկորույս ծնողների տրամաբանելու և հետևություններ անելու ունակությունը: 27.08.2009թ. «Հետք» էլեկտորնային էջում տեղ գտած հոդվածում փաստվում է, որ նախորդ օրը դեպքի վայրում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ալեհավաքում առկա լարումը բավական չէ մարդուն մահ պատճառելու համար` ընդամենը 30 վոլտ է: Եվ հետևություն է արվում, որ երկու տարի առաջ այստեղ Տիգրան Օհանջանյանը չէր կարող էլեկտրահարվել և դրա հետևանքով մահանալ: Գուցե զոհվածի ծնողները հակված են հավատալ այդ տարբերակին, բայց ինչու նրանց շրջապատողները, իրավական օգնություն ցույց տվողները չեն պարզաբանում, որ, ինչքան էլ վատ կարծիք ունենան զորամասի մասին` անհնարին է, որ դեպքի վայրը, որտեղ 2007 օգոստոսի 30-ին արձանագրվել է երկու անձանց էլեկտրահարման դեպք (հոսանքահարված զինվորներից մեկը, բարեբախտաբար, չի մահացել), այնուհետև շուրջ մեկ շաբաթվա ընթացքում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների և մասնագետների կողմից կատարված ստուգումների և հետազոտությունների արդյունքում փաստվել է մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր էլեկտրալարման առկայությունը, կարող էր երկու տարի` մինչ օրս թողնված լիներ նույն վտանգավոր վիճակում: Տրամաբանական է, որ ապահովվել է ռադիոկայանի անվտանգ աշխատանքը: Զարմանալի կլիներ, եթե այսօր, դեպքից երկու տարի անց փաստվեր, որ ռադիոկայանում դեռևս առկա է մարդկանց կյանքի համար վտանգ պարունակող էլեկտրալարման արտահոսք: Ձեռնպահ եմ մնում քրեական գործի քննությամբ ձեռք բերված բազմաթիվ այլ ապացույցներ մատնանշելուց և հետևություններ անելուց. ինչպես փորձաքննության կատարումն, այնպես էլ դատաքննությունը դեռևս չեն ավարտվել: Միաժամանակ կոչ եմ անում լրագրողներին` եթե «սենսացիոն» տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից ելնելով ի վիճակի չեն պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, գոնե չմոռանան տարրական էթիկայի կանոնները: Թիվ 90603807 Քրեական գործով մեղադրող, ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ Քննչական ծառայության ՀԿ քննչական բաժնի ավագ դատախազ Հ. Հարությունյան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել