Ստեփան Սաֆարյան. «Ուղղակի սարսափում ես մտածել, թե ինչ է լինելու հետո, կամ հետո ինչպես ես շտկելու գործընթացը»
Օգոստոսի 31-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները բավականին մեծ սպառնալիքներ են պարունակում` ուղղված հայության իրավունքներին, անվտանգությանը, շահերին և ՀՀ արտաքին քաղաքականությանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Եթե ուշադրություն դարձնենք բովանդակությանը, ապա կիսազավեշտալի մի վիճակ է, որովհետև տպավորություն է, թե այս փաստաթղթերի վրա աշխատել են թուրքական դիվանագետները: Կարծում եմ, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտության խնդիրները ավելի շատ պաշտպանողական բնույթի են լինելու` այն պարզ պատճառով, որ այս համաձայնեցված և նախաստորագրված արձանագրությունները բավականին մեծ ռիսկերի դաշտեր են բացել հայկական կողմի համար »,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նա 2007 թ.-ից սկսված հայ-թուրքական բանակցությունները պայմանականորեն բաժանեց 4 խմբի` գաղտնի կամ գաղտագողի դիվանագիտության փուլ (2007 թ.-2008թ սեպտեմբեր), ֆուտբոլային դիվանագիտության փուլ (2008 թ. սեպտեմբեր-2009 թ. ապրիլ), կեսգիշերային դիվանագիտության փուլ (2009 թ. ապրիլի 22-ի և օգոստոսի 31 կեսգիշերային հայտարարությունները), և շոկային դիվանագիտության փուլ, որը սկսվել է 2009 թ. սեպտեմբերի 1-ից:
«Ժառանգության» պատգամավորը նշեց, որ արձանագրության մեջ թվարկվել են միջազգային 10 հիմնարար սկզբունքներից միայն նրանք, որոնք ձեռնտու են Թուրքիային` տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, սակայն ազգերի ինքնորոշման սկզբունքը թվարկված չէ: «Հիմա ասում են. «Հայեր, ուզո՞ւմ եք ցույց տալ, որ դուք շահագրգռված եք, որ Սերժ Սարգսյանը գնա ֆուտբոլային խաղը դիտելու: Ուրեմն 6 շաբաթվա ընթացքում ներքին խորհրդակցություններով քննարկեք այս փաստաթուղթը: Թող հոկտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանը գնա և ստորագրի այս փաստաթղթերը, այնուհետև մինչև դեկտեմբերի 14-ը ստեղծվեն միջկառավարական հանձնաժողովները, այնուհետև մինչև մոտավորապես փետրվարի 14-ը տեղի կունենա առաջին հանձնաժողովների նիստը»: Կհասնի ապրիլի 24-ը, կասեն. «Հարգելիներս, արդեն «պատմական հարթության վրա» երկուսով քննարկում եք, եկեք չխանգարենք այս մեղրամսին»: Ուղղակի սարսափում ես մտածել, թե ինչ է լինելու հետո, կամ հետո ինչպես ես շտկելու գործընթացը, ինչպես ես փախելու հունը»,- ասաց պատգամավորը: «Ես, ճիշտն ասած, երեկ շատ ուշադիր հետևում էի հեռուստատեսության քննարկումներին, և այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ երբ խոսում ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, միայն շեշտվում է Ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց մոռանում ենք նախորդ նախապայմանները»,- ասաց Արմեն Մարուքյանը:
«Այստեղ տարընթերցումների խնդիր չկա, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս սահմանը գծագրված է Ղարսի, Մոսկվայի տխրահռչակ պայմանագրերով, որոնց հետ հայ ժողովուրդը և Հայաստանի որևէ ներկայացուցիչ առնչություններ չի ունեցել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Արմեն Մարուքյանը նշեց, որ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմամբ լուրջ վնաս հասցվեց Ցեղասպանության հետևանքների վերացմանը: «Ցանկացած հայ պատմաբան Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը չի դիտարկում միայն որպես ֆինանսական փոխհատուցում: Բացարձակապես: Կարևորագույն խնդիրը պատմական հայրենիքի խնդիրն է: Եթե մենք ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ուրեմն խաչ ենք քաշում պատմական հայրենիքի հետ կապված ցանկացած պահանջի վրա: Օրինակ` սա մոտավորապես նշանակում է, որ մենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ կապված, և դրանից հետո փորձենք ճշտել ԼՂ կարգավիճակը: Եթե մենք դա ճանաչում ենք, էլ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն: Նա հավելեց, որ այլևս որևէ երկրի հայ համայնք չի կարող հասնել Ցեղասպանությունը ճանաչող կամ դատապարտող բանաձևի ընդունման, քանի որ բոլորը հղում կանեն հայ-թուրքական բանակցություններին, որից հետո կորոշեն` «արժի՞ ձեր Ցեղասպանությունը ճանաչել, թե՞ ոչ»: Ճիշտ այսպես եղավ 2001-2003 թթ.` մի շարք երկրներում սառեցվեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը «գործընթաց էր սկսել»: Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ «եթե մենք ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Թուրքիայի հետ ներկայիս ընդհանուր սահմանը, ուրեմն որևէ մեկն այլևս իրավունք չունի խոսելու, որ հայոց պատմական հայրենիքը բռնազավթված է»: Արմեն Մարուքյանը նշեց, որ միջազգային իրավունքի տեսակետից բազմաթիվ նախադեպեր կան, երբ երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, որից հետո է միայն սահմանների ճշգրտման հարց բարձրացվում: Օրինակ` Ռուսաստանն ու Չինաստանը ևս սահմանի հետ կապված խնդիր ունեն: Հետևաբար, «սահմանը նախապայման դնել չի կարելի դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում»: Արմեն Մարուքյանն ընդգծեց, որ «սահմանի բացում» արտահայտությունը սխալ է: Այն լսելով` եվրոպացիներն ու ամերիկացիները թյուրիմացաբար կարծում են, թե «սահմանը փակել է նաև Հայաստանը»: «Այնինչ իրերը պետք է իրենց անունով կոչել. տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ՀՀ սահմանի միակողմանի բլոկադա: Այսինքն` միակողմանիորեն Թուրքիան իրեն վերապահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհիդի ֆունկցիաներ և միակողմանիորեն խախտելով միջազգային իրավունքը` փակել է մեր սահմանը: Խոսքը, ըստ իս, պետք է լինի հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման մասին: Սա շատ կարևոր դրույթ է միջազգային իրավունքի տեսակետից»,- ասաց պատմաբանը:
Ցեղասպանության ժխտում. Հայաստանն ընդունեց Թուրքիայի երկրորդ նախապայմանը
Թուրքական երկրորդ նախապայմանի արտացոլումը արձանագրության հետևյալ կետն է. «իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթությամբ երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»: «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատմաբանների հանձնաժողով: Երեկվանից սկսած` արդեն տարբեր մեկնաբանություններ են արվում. «Սա միջկառավարական հանձնաժողով է, սա պատմաբանների հանձնաժողով չէ»: Խնդիրը, տվյալ պարագայում, ոչ թե հանձնաժողովի մակարդակն է, այլ հարցի քննարկման հարթությունը, որը հստակ նշված է այս արձանագրությունների տեքստում և, բնականաբար, պատմական հարթությունն է»,- կարծում է «Ժառանգության» պատգամավորը: Արմեն Մարուքյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ Թուրքիան Հայաստանին առաջարկում է պատմաբանների նման հանձնաժողով ստեղծել: Սակայն հայ պատմաբանները մշտապես մերժել են առաջարկը, քանի որ նման ձևաչափով քննարկման մեջ ներքաշվելը նշանակում է կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը:
Արցախի հարց. Հայաստանն ընդունեց Թուրքիայի 3-րդ նախապայմանը
Անդրադառնալով Թուրքիայի կողմից երրորդ նախապայմանի` արձանագրության մեջ տեղ գտնելուն` Ստեփան Սաֆարյանը հրապարակեց արտգործնախարարի հետ ԱԺ խմբակցությունների` նախկինում տեղի ունեցած հանդիպման ընթացքը. ըստ նրա` իշխանությունը վստահեցրել է, թե Արցախյան հակամարտության և հայ-թուրքական բանակցությունները փոխկապակցված չեն: Նա ընթերցեց արձանագրության հետևյալ կետը. «Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը, անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց ու համագործակցել դրանց դեմ պայքարում»: «Այսպիսի ձևակերպումը հետագայում տարընթերցումների և խուսանավումների դաշտ է բացելու ադրբեջանական և թուրքական կողմերի համար` պնդելու, որ «Հայաստանը խրախուսում է նման դրսևորումները տարածաշրջանում, Հայաստանը հանդուրժում է նման դրսևորումները և պարտավոր է Թուրքիայի հետ ստորագրված իր այս արձանագրություններով չհանդուրժել և պայքարել դրանց դեմ»»,- ասաց պատգամավորը: Արմեն Մարուքյանն էլ նշեց, որ եթե էքստրեմիզմ ասելով` Թուրքիան հասկանում է ԱՍԱԼԱ-ին, ապա հայկական կողմը պետք է դեմ լինի այդ ձևակերպմանը, քանի որ մարդկության մի մասը ազգային-ազատագրական պայքարը «տեռորիզմ» է համարում:
Եղբայրները խաղում են միասին
Արմեն Մարուքյանը տարակուսանք հայտնեց Հայաստանում շրջանառվող այն տեսակետների առթիվ, թե իբր «Թուրքիան արդեն հասկացել է, որ չպետք է իրեն կապի Ադրբեջանի շահերին, պետք է սահման բացի Հայաստանի հետ և այլն»: Պատմաբանի համոզմամբ` Թուրքիան շահեր ունի Ադրբեջանում` Կասպից ծովի նավթային ռեսուրսների հետ կապված, և չպետք է մոռանալ «Նաբուկոն», «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ը և պանթուրքական ծրագրերը: Ադրբեջանում ներկա են թուրքական խոշոր հոլդինգներ, որոնք անընդհատ Ադրբեջանի շահերի լոբբինգն են իրականացնում Թուրքիայի խորհրդարանում և իշխանական այլ կառույցներում: «Մեզ հաճելի դառնալու համար երբևիցե Թուրքիան իր եղբայրական Ադրբեջանին չի զոհաբերի: Ասում են, որ «Առանց Հայաստանի հետ սահմանը բացելու` տարածաշրջանում իր գործոնը թույլ կլինի»: Իսկ կորցնելով Ադրբեջանին` իր գործոնը կբարձրանա՞: Իմ կարծիքով, այս խաղում Ադրբեջանն ու Թուրքիան խաղում են միասին: Այսինքն` նախապես սցենարը մշակվել է, նախապես Բաքվի հնարավոր ռեակցիան նույնպես հաշվարկվել է, որ «այս փուլում ձեզ պետք է այսպես պահեք»,- ասաց պատմաբանը:
Վերջին տարբերակը
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրության` Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման խնդրին` Ստեփան Սաֆարյանն ասաց, որ Թուրքիան է պահանջել, որ արձանագրությունները վավերացնեն խորհրդարանները. «Սրանով Հայաստանն այլևս որևէ հնարավորություն չի ունենա օրենսդիր մարմնի մակարդակով սահմանների ճշգրտման խնդիր բարձրացնել: Եվ Թուրքիայի այս պահանջը համընկել է հայկական կողմի շահերին, քանի որ արձանագրությունների ստորագրման պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն ՀՀ նախագահի, այլև խորհրդարանի վրա»: «Դուք, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կհամագործակցե՞ք վավերացումը վիժեցնելու համար»,- հարցրեց լրագրողը: Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» կվերլուծի բոլոր հիպոթետիկ սցենարները և հանդես կգա հայտարարությամբ, որտեղ շարադրված կլինեն լուծումները: «Կարծում եմ` երեքիս պարտքը և թիվ մեկ առաքելությունն է ուղղակի կանխել Հայաստանի շահերին դեմ գնացող զարգացումները և չեզոքացնել այդ ռսիկերը: Եթե չկարողանանք, դա արդեն կլինի բոլորիս տապալումը: Այս պահի դրությամբ` պետք է մտածել` հնարավո՞ր է, արդյոք, շտկել գործընթացը: Եթե պարզ լինի, որ որևէ քաղաքական, իրավական կամ դիվանագիտական եղանակներով հնարավոր չէ շտկել գործընթացը, ապա, ցավոք, որպես վերջին տարբերակ ընդդիմադիր ուժերի համար մնում է պրոցեսի կանգնեցումը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Մեկնաբանել