HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երասխահունի գյուղացիները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել

Պատճառը նոր շուկան է եւ դրա շուրջ ծագած աղմուկը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչները տարիներ շարունակ իրենց գյուղատնտեսական մթերքներն իրացրել են գյուղի ճամփեզրին: Գյուղացիների ասելով` ճանապարհի երթեւեկի անվտանգությունն ապահովել են ճանապարհային ոստիկաններն ու իրենք գոհ են մնացել: Սակայն, արդեն 2 օր է` գյուղացիները ճամփեզրին չեն կարողանում իրենց բերքն իրացնել, քանի որ ճանապարհային ոստիկանները խոչընդոտում են: «Այս տարածքում մենք առեւտուրն անվճար ենք կազմակերպում ու հիմա Ջրառատ գյուղի տարածքում ինչ-որ շուկա են բացել ու մեզ ստիպում են, որ գնանք այնտեղ: Սա իմ գյուղի տարածքն է, ես ոչ մի տեղ չեմ գնա: Թող Ջրառատի բնակչությանը ստիպեն, ասեն` գնացեք ընդեղ ձեր առեւտուրն արեք, մեր հետ գործ չունեն: Իրենց անձնական բիզնեսի համար մեզ են դիվադադար անում: Նորմալ առեւտրի մասին են խոսում, դե թող մեզ Մալաթիայի շուկայում նորմալ տեղ տան, մենք էլ գնանք ընդեղ առեւտուր անենք, եթե չեն կարում, ուրեմն մեզանից թող հեռու մնան»,-«Հետքին» դժգոհեց Երասխահունի բնակիչ Սայադ Թումանյանը: Նրա լսելով` Ջրառատի շուկայի բիզնեսը պատկանում է Ջրառատի գյուղապետին ու ԶՈՒ 3-րդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջրառատցի գեներալ Լեւոն Երանոսյանին: «Երեւի Արմավիրի մարզպետն էլ շուկայից փայ ունի, որ այդքան շահագրգռված է շուկա տեղափոխվելու համար»,-նշեց Սայադը: Նա շուկա տեղափոխվելուն ընդդիմանալու համար 3 պատճառ մատնանշեց. «Նախ մեր կլիենտներն այս տարածքին են սովոր, ու եթե տեղափոխվենք Ջրառատի շուկա, այլեւս չեն գա: Հետո էլ մի քանի տարի առաջ նույն մարդիկ էլի շուկա էին բացել ու այնպիսի վարձավճարներ սահմանեցին, որ ստիպված թողեցինք ու դուրս եկանք: Այս տարի էլ նույնը կանեն: Ամենակարեւոր խնդիրն էլ այն է, որ գյուղացիների ավտոմեքենաների մի մասն օգտագործվում են միայն հողամաս գնալ-գալու համար եւ փաստաթղթերի հետ կապված թերություններ կան: Եթե մեզ տանեն այդ շուկա, մարդիկ ստիպված այդ ավտոներով են գնալու ու միլիցեքը կսկսեն որս անել ու գյուղացիներից փող կլպել»: Գյուղացիները խուսափում էին զրուցել մեզ հետ` պատճառաբանելով, որ ոստիկանները կտեսնեն ու լրագրողի հետ զրուցողներին «կպատժեն»: Հավանաբար այդ պատճառով, երեկ առեւտրականների թիվը բավականին նվազել էր: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հերքեց, որ ինքն այդ շուկայում մասնաբաժին ունի: Չհաստատեց նաեւ իր եւ Գեներալ Երանոսյանի պայմանավորվածությունների մասին խոսակցությունները` Ջրառատում Երանոսյանի շուկայի բիզնեսը ծաղկեցնելու համար: «Ես նույնիսկ չգիտեմ, այդ շուկան Լյովա Երանոսյանին է պատկանում, թե ոչ: Երանոսյանին վերջին անգամ տեսել եմ մայիսի 28-ին` Սարդարապատում: Բացի դա` այդ ճանապարհը շատ վտանգավոր հատված է, եւ վթարներ հաճախակի են լինում: Խցանումներն այնքան շատ են լինում, որ  հրշեջ ու շտապօգնության մեքենաները մեծ դժվարությամբ են այդ տարածքով անցնում: Շուկայում վարձավճարը թանկ չի, թող գնան իրենց առեւտուրն այնտեղ կազմակերպեն»,-ասաց Աշոտ Ղահրամանյանը Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանն էլ փոխանցեց, որ գյուղացիների հետ զրուցել է շուկա տեղափոխվելու համար, սակայն ոչ մեկը չի համաձայնվել: Զրուցեցինք նաեւ Ջրառատի գյուղապետ Գարեգին Հովհաննիսյանի հետ: Համայնքապետը հաստատեց, որ շուկան իրենն է պատկանում: «Լեւոն Երանոսյանին ճանաչում եմ, որպես գեներալ, բայց ինքը շուկայի հետ կապ չունի»,-ասաց Ջրառատի գյուղապետը: Գ. Հովհաննիսյանի ասելով, շուկան գյուղացիներին հատկացվելու է անվճար միայն, թե առեւտրականները փողոցից տեղափոխվեն անվտանգ վայր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter