Սեպտեմբերյան համաժողովրդական նոր ալիքից առաջ
Արամ Մաթևոսյան
Հայ շարքային մարդը վերջապես կարողացավ իր ափի մեջ շոշափել երրորդ նախագահի մոգոնած ֆուտբոլային դիպլոմատիայի պտուղը` ճամփեզրի փոշով ծածկված թերհաս մամուխի պես դառն ու տտիպ:
Քիմքին անծանոթ այդ նոր բույսը սկսել են ծամծմել տեղական արտադրության կուսակցություններն ու քաղաքական միավորումները, էլ չասենք հայապահպան առաքելությունն իրենց վրա վերցրած ավանդական կուսակցական գրանդները, որոնք խոսել են, խոսում են ու ամենայն հավանականությամբ դեռ երկար էլ խոսելու են:
Կարծիքների այդ ճնշող տարափի տակ ես ռիսկի եմ դիմելու ու կատարելու եմ շարքային քաղաքացու զգացումն իր տեսակին հասանելի դարձնելու գուցե ձախողված մի փորձ: Եվ այսպես հայ թուրք հարաբերության կարծրատիպը կրում է մոդուլյատիվ փոփոխություն:
Կարծրատիպը ջարդելը, քարացած վիճակը տեղից շարժելը անշուշտ պրոգրեսի գրավական է: Իր բնօրինակի մեջ որակապես լավ բան է դա: Մարդը, մարդկային խումբը, դրա ավելի ծավալուն միավորումը` հանրությունը ուզում է ընդարձակել հաղորդակցման դաշտը, ուզում է դարձնել ավելի ընդգրկուն շարժման աշխարհագրությունը:
Այդ ցանկությանն է բացել նոր աշխարհներ, այդ ձգտումն է մարդուն տանում դեպի անծանոթ հեռուն: Ես փորձելու եմ երկու էջի սահմանում իմ հայրենակցի հետ ապրել այն ենթադրվող վիճակը, որում մենք հայտնվելու ենք հայ թուրք հարաբերության նոր մոդուլի մեջ:
Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում հիանալի է դրված անծանոթ հարաբերության առաջ կանգնած մարդու հոգեվիճակը: Մեկն ինքնասպանության հասավ, մյուսը խելագարության, մյուսը ընդհանրապես կորցրեց մարդկային սրտից բխող բոլոր որակները:
«Սոլյարիս» անվանվող ընտրության առաջ կանգնած անպատրաստ մարդն ապրեց իր ֆիասկոն: Ինչ ինչ հետևություններ անում են Տարկովսկու հերոսները, ինչ որ տեղ ճշմարտանման ու գուցե օգտակար կինոդիտողի համար, սակայն դրանք բավարար են այնքանով, որքանով որ բավարար է անցողիկ բացահայտումը:
Շատ խոր ձգվածքում մարդը չի ընկալում իրեն ձոնվածը:
Առայժմ չի ընկալում (Հայդեգերի «Միջգյուղյա ճանապարհին արված զրույցից» այն կողմ չի գնացել երկոտանու միտքը):
Մի փոքր էպիկական` ուզում եմ ասելիքս բերել նրան, որ ոչ հայազգի մարդը, ոչ էլ թուրքազգի մարդը պատմականության մեջ պատրաստ չեն այս մոդուլյատիվ փոփոխությանը: Իմունիտետի պակասը երկկողմանի է:
Մերձեցման այս պահին զգամունքային ֆոնն է բարձր:
Այն էյֆորիան, որով մենք նետվում ենք մեր երբեմնի դահճի գիրկը, մեղմ ասած անվայել է զոհին: Արժանապատվության լիակատար բացակայությունը մեր նոր պարտնյորը կարող է ընկալել երկակի ու նրա մեջ կարող է առաջ գալ այս անգամ սիրով վերջնականապես ճզմելու ցանկություն: Իմ վախն օբյեկտիվ է:
Տեսնելով, թե ինչ կրքով մեր էլիտան տրվեց զեխությանը այս ճնշված չքավորության մեջ, կասկածում ես, թե նա կարող է զուսպ պահել իրեն ավելի ընդարձակ հնարավորության դեպքում, ինչը խորամանկորեն նրան կընձեռնի օսմանյան հեռահար միտքը:
Համոզված եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ էլ թուրքական լողափերին է մսխվելու առանց այն էլ սուղ հայկական կապիտալը:
Չխրատվեց հայ ունևորը Կոստանդնուպոլսի իր ունեցվածքը մի անգամ թուրքին ժառանգելով: Անվրդով, զուտ միջանկյալ, ուզում եմ իրազեկել այսօրվա իշխանավորին, որ իմ անունից նման անպարկեշտ կերպով հեռանկարներ չգծի նա կոնկրետ այս հարևանի հետ: Ավելի ստույգ այս ոչ լեգիտիմ իշխանություններին ես արգելում եմ իմ անունից անմտած ձեռք մեկնել այս ու այն կողմ:
Ինչպես Օնորե դե Բալզակն է ասում` բարևի հարյուր ութսուն հազար տոնայնություն կա: Ու չգիտես ինչու հայ- թուրք հարաբերության մեջ այսօրվա հայ էլիտան ընտրեց այդ հարյուր ութսուն հազար ձևերից` գրկախառնությունը:
Ասում են տուարեգների մոտ բարևի ծեսը ընթանում է քառասուն րոպե:
Վտանգի զգացումը կա նրանց բարևի մեջ` անապատում ապրող մարդ տեսակից սպասվող վտանգի զգացումը: Ձև է, ուսուցանող, գուցե քաղաքակիրթ դիպլոմատիային ոչ հարիր ձև: Բողոքում էինք կոմպլիմենտարությունից, ընկանք եղբայրականության մեջ: Ներքին մի ձայն ինձ ասում է, որ մենք գոյատևել ենք այսքան ժամանակ զուտ մեր կոշտության շնորհիվ:
Հետ մղվելով ծովից դեպի գետի քաղաքակրթություն, մնացել ենք ողջ` կառչած մեր ակունքներին: Կորցնելու ենք բարձրադիր վայրում ապրելու մեր իմունիտետը թուրքապատկան ծովափերին:
Արցախցին հենց այնպես չէր, որ կանգ առավ բարձրավանդակում: Նա դաշտ չիջավ: Դաշտում կործանումն էր, հարթավայրում ձուլումն էր` տեսակի կորուստը: Միտքը միտք է, երբ հեռուն է տեսնում, երբ բացահայտվում է ժամանակի ձգվածքում:
Ծովի չի մեր քանակը` մարդաքանակը: Ծովատերերը ողջունում են, խրախուսում են այս նոր գրկախառնությունը` անմիտ, անմիտ: Նրանք մեզ տեր չեն եղել պատմականորեն, չեն էլ լինելու: Որ ցանկանան էլ տեր լինել չեն կարող:
Պատմական այդ հնարավորությունը նրանց պապերն են բաց թողել, դավաճանելով կիլիկյան Լևոնին: Ի դեպ լևոնների փորձը բնավ չի իմաստնացրել այսօրվա իշխանավորին:
Հայ թուրք հարաբերության այս նոր ֆորմատը կարող է կյանքի կոչվել միայն մի պարագայում` եթե նոր սկիզբը դրվում է սրտով: Սրտով քայլեր կատարելուն խանգարում է մեր իշխանավորների լեգիտիմությունը:
Լեգիտիմ չէր Լևոն Տեր Պետրոսյանը երկրորդ իշխանավարման փուլում, դրա համար էլ կատարում էր թելադրված քայլեր: Լեգիտիմ չեն նրա հաջորդները, դրա համար գտնվում են մարիոնետային վիճակում:
Սկզբից, մի անգամ ունեցանք լեգիտիմ իշխանություն ու սկսեցինք նայել դաշտավայրին ավելի մոտ բարձրավանդակից: Անկեղծ հարաբերությունների մեր այսօրվա ոչ լեգիտիմ էլիտան պատրաստ չի:
Սա պետք է ասել այնքան ժամանակ, մինչև այն դառնա ներքին համոզմունք, ընդսմին իրազեկելով այդ մասին կեղծարարաությունները խրախուսող քաղաքակիրթ կոչված ծովապետություններին:
Պիտի հասցնել նրանց նաև, որ դրածո իշխանավորով բարեկամություն ու բարիդրացիություն չես հաստատի: Եվ որ ժողովուրդների անունից կարող են խոսել միայն նրանք, և միայն այդ խոսակցությունը կարող է լինել անկեղծ, եթե խոսող ներկայացուցիչը ընտրված, որ նույնն է` արտոնված է ժողովուրդների անունից քայլեր կատարելուն:
Սիստեմատիկ սահմանային վիճակը, որն ըստ իս հայ ճակատագրի որոշիչն է պատմականության խոր ձգվածքում, անշուշտ ստիպել է նրան ենթարկվել հոգևոր դեֆորմացիաների: Այդ դեֆորմացիայի վառ ապացույցն է քրիստոնեության հայկական տարբերակը:
Մի կրոն, որը կամայական տարափոխումների արդյունքում անճանաչելիորեն հեռացել է իր նախնական մտահղացումից: Դարձել է մինչև ուղն ու ծուծը տերտերականացած մի կառույց, որի լուռ համաձայնությամբ էլ կատարվում է երերուն էթնոհամակարգը քայքայող այս վերջին քանդարարությունը:
Այս անհուսալի թվացող պատմական հանգվանում, թերևս մնացել է մի շանս, մնացել է հանրային մի հատված, որն ունակ է կանխելու վտանգը: Երբեմն առ երբեմն ամենակուլմինացիոն պահերին ներքին մի բնազդ միավորում է հավաքականություններին:
Տեսակի ճակատագրով անհանգիստ ցանկացած մարդ, լինի առաջնորդ, թե շարքային, պարտավոր է հաղորդակցված արգելել հակահայ այս վարչախմբի քայլը:
Սեպտեմբերյան համաժողովրդական նոր ալիքից առաջ, որերորդ անգամ ես գալիս եմ գոյատևման այն պարզ ֆորմուլային, որ ժողովրդին ճշմարիտ ճանապարհով կարող է տանել միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը:
Արամ Մաթևոսյան
02 սեպտեմբերի 2009թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել