
«Տաշիր ինվեստի» աջակցությամբ հեռուստահեռարձակում՝ Լոռիում
Լոռու մարզում թվային հեռուստահեռարձակման արտոնագիր ստացած «Ֆորտունա» հեռուստաընկերությունն արդեն հեռուստատեսային տարածք ունի Վանաձորում և մարզային հեռուստաեթեր է ապահովում: «Հետքի» հարցերին պատասխանում է հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը:
-Հեռուստատեսային ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել:
-Ունենալու ենք լրատվական բլոկ: Նախատեսում ենք 3 լրատվական բլոկ՝ առավոտյան, երեկոյան և գլխավոր: Մի քիչ ռիսկով եմ խոսում: Բայց պիտի կարողանանք որոշ հեռուստաընկերությունների լրատվականից առաջ անցնել: Տեղական նկատի չունեմ, հանրապետական: 21.00-ն «Հայլուրի» ժամն է, պետք չի շեղել հեռուստադիտողին: Կամ 21.30-ին կամ 22.00-ին կլինի մեր գլխավոր թողարկումը: Շաբաթվա մեջ կունենանք 3 վերլուծական թողարկում: Կլինեն ծրագրեր Արտակարգ իրավիճակների վարչության հետ: Սա նոր մոտեցում է: Կունենանք թոք-շոուներ, հետագայում նաև ֆիլմերի արտադրություն:
-Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման մրցույթում Լոռու մարզից միակ հայտատուն «Ֆորտունա» հեռուստաընկերությունն էր: Գուցե հենց մրցակից չունենալու հանգամա՞նքը ապահովեց ձեր հաղթանակը:
-Հաշվի առնելով «Ֆորտունայի» պատմությունը, զարգացման տեմպը՝ Ազգային հանձնաժողովը լիցենզիա տրամադրեց՝ ըստ մեր ներկայացրած մրցութային առաջարկի:
-Կարելի՞ է ասել, որ մարզի մյուս հեռուստաընկերությունների նկատմամբ ձեր առավելությունը ֆինանսական ներդրման հնարավորությունն էր: Այն ունենալով՝ հայտ ներկայացրիք մրցույթում:
-Եթե ես չունեմ գումար, բնական է՝ չեմ մտնի սրա տակ: Ինչքան էլ Ազգային հանձնաժողովը ասի՝ «ինչքան լավն է «Ֆորտունան», բերենք իրեն լիցենզիա տանք», պետք է մտածեմ՝ եթե լիցենզիան տվեցին, ժամկետ գոյություն ունի, այդ ժամկետում պարտավոր եմ մտնել եթեր, այլապես պիտի լիցենզիան հետ վերադարձնեմ: Բավականին մեծ գումարներ պիտի ներդրվեին: Եվ այդ ներդրումը կատարելիս պիտի նաև մտածես՝ նպատակահարմա՞ր է, թե՞ չէ, էդ գումարները հետ կգա՞ն, թե՞ չէ:
-Ո՞վ է «Ֆորտունայի» ֆինանսական աջակիցը:
-Մեր աջակիցը «Տաշիր ինվեստ գրուպն» է:
-Ի դե՞մս:
-Հասկանում եմ, որ ուզում եք անուն լսեք: Անուն չեմ տալիս, որովհետև «Տաշիր ինվեստ գրուպը» ընդհանուր կազմակերպություն է:
-Մրցույթի ընթացքում որպես «Ֆորտունայի» ֆինանսական երաշխավոր նշվում էր նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը:
-Բնական է, եթե՝ «Տաշիր ինվեստ», պիտի պրն Կարապետյանին անպայման պատկերացնեք: Բայց չեմ ուզում՝ քաղաքականացվի:
-Դո՞ւք եք դիմել ձեր ֆինանսական աջակցին, թե՞ նա է ձեռք մեկնել «Ֆորտունային»:
-Մարդիկ տեսել են, թե «Ֆորտունան» ինչ մոտեցում ունի ընտրություններին: Ստացել ենք պատվոգիր, հազար ու մի շնորհակալական նամակներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Մեր աշխատանքը տեսնելով, բացի դրանից՝ շփվել ենք ժամանակ առ ժամանակ: Ժամանակին ուզում էինք, որ Տաշիր-Ստեփանավանը ավելի հզոր լինի, ավելի մեծ հեռուստաընկերություն լինի: Տարիների ընթացքում մեր փորձը տեսնելով, հետո իմ առաջարկը լսելով՝ մարդիկ մտածեցին՝ ինչի՞ չէ:
-Ինչո՞ւ «Տաշիր ինվեստ գրուպը» ձեռք մեկնեց ոչ թե ձեր նշած Տաշիրի հեռուստաընկերությանը, այլ հենց «Ֆորտունային»:
-Չեմ կարող ասել: Երևի թե նախորդ պատասխանը, որ տվեցի, միգուցե այդ պատճառով: Մարդիկ իրար ճանաչում են, իրար համակրում են, միջանձնյա հարաբերություններ են:
-Ի՞նչ նպատակով է «Տաշիր ինվեստ գրուպն» աջակցում մարզային հեռուստաընկերությանը:
-Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին մի բանում աջակցում է, դա կլինի 10 դրամ, թե 10 միլիոն, լրագրողների կողմից հարց է առաջանում՝ ինչի է դա անում, ինչ շահ ունի: Բայց մեծ գովազդային շուկա էլ չկա էստեղ: Չնայած մարզը մեծ է՝ բայց բոլորս էլ գիտենք էսօրվա Հայաստանի սոցիալական վիճակը: Դեռ այն պետությունը, երկիրը չի, որ ունենանք ֆինանսական մեծ ակնկալիքներ:
-Սևանի 3 հեռուստաընկերությունները միավորվելով ստեղծեցին հոլդինգ: Լոռիում չկա՞ր համագործակցության նման տարբերակ:
-Մինչև մրցույթին մասնակցելը հանդիպել եմ բոլոր հեռուստաընկերությունների տնօրենների հետ, փորձել եմ համագործակցության եզրեր գտնել: Բայց ես հարգում եմ իմ գործընկերներին, որ այնքան խոհեմ եղան, որ չմասնակցեցին: Ես էլ որ լինեի իրենց տեղում, ես էլ չէի միանա: Հաստատ խնդիրներ առաջանալու էին: Ամեն հեռուստաընկերություն ունի իր ձեռագիրը, իր կոնցեպցիան, ուզում է առանձին աշխատի, որովհետև ունի գրանտային որոշակի ծրագրեր, պարտավորություններ: Այժմ Վանաձորի «Միգ TV»-ի հետ ունենք ստեղծագործական համաձայնագիր. մենք մարզային եթեր ունենք, իրենք՝ պատմություն. կարող են հաղորդումներ ստեղծել մարզային եթերի համար: Նաև կարող ենք համատեղ ծրագրեր մշակել:
-Ասվում էր, որ «Ֆորտունան» պատճենել է իր մրցութային առաջարկները գործընկերների հեռուստածրագրերից: Օրինակ՝ «Ֆորտունայի» գործարար ծրագրի հետևյալ միտքը՝ «Իմաստային առումով և մոտեցման ձևով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ և հույս ներշնչեն հեռուստադիտողին», բառացիորեն համընկնում է «Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային առաջարկի հետ: Ինչպե՞ս կբացատրեք սա:
-Մրցույթ-առաջարկները որ բացեք, մերը, մյուսինը, մյուսինը, կգտնեք լիքը նման տողեր: Ասեմ՝ ինչի: Կան օրենքի դրույթներ. հեռուստաընկերությունը պիտի լինի այսպես, այսպես. Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, Հեռարձակողների մասին օրենքը: Մրցութային առաջարկի մեջ գրված է՝ այս կետում այսպես լինի: Օրենքի դրույթ է, վերցրել ենք, մի քիչ կրճատել ենք: Դրանից լավ չէինք գրի:
-Մարզային հեռարձակման համար որքա՞ն ներդրում է արվել այս պահի դրությամբ:
-70-80 հազար դոլար: Դա փոքր թիվ է հեռուստատեսության համար: Ճիշտ է, մեծ ծախսը՝ հաղորդակների հետ կապված, արված է, բոլոր հեռուստաաշտարակներում՝ Վանաձոր, Սպիտակ, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի, անալոգաթվային հաղորդակներ են տեղադրված, և արդեն եթեր ունենք, բայց ֆինանսական միջոցները ինքս եմ հայթայթում: Գովազդի միջոցով, միայն գովազդ: Համարում եմ, որ բացի նրանից, որ հեռուստաընկերությունը լրատվական միջոց է՝ նաև կոմերցիոն միջոց է: Այն նաև գումար պիտի աշխատի:
-Որքա՞ն է գովազդի արժեքը մարզային հեռուստաընկերությունում:
-Այս պահին գովազդի գինը չի բարձրացել. ոնց որ կար, շարունակում է մնալ: Մեզ մոտ 500-600 դրամով ցածր է, քան «Լոռի», «Միգ TV» հեռուստաընկերություններում: Գինը ոչ թե ցածր դրել ենք, այլ պահել ենք: Հեռուստադիտողը մեզ պիտի սիրի, պիտի վարկանիշ ունենանք: Մեր վարկանիշը հենց բարձրացավ, գինը կբարձրացնենք:
-Գովազդի ցածր սակագները կպահպանվե՞ն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
-Նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդի գները 3-4 անգամ բարձր են լինում: Հիմա, որ մարզային ենք, կարող է ավելի շատ բարձրանա: Էս տարիների ընթացքում ես սովորել եմ, ու ամբողջ աշխարհն է աշխատում այս օրենքով. 1 ժամի ընթացքում սահմանվում է 10 րոպե գովազդ: Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ պիտի բաշխես. ասենք՝ 3, 5, 3, 5, 3 րոպե: Գովազդատուն 10 րոպե եթերաժամանակից օգտվում է այսօրվա գնով: Ենթադրենք՝ կա մի ուրիշ գովազդատու, որ ուզում է մտնել այդ 10 րոպեի տարածք, բայց տեղ չկա: Առաջինի հետ պայմանագիրը ավարտելուց հետո ասում ենք՝ գինը բարձրանում է, ով ուզում է մնա, պետք է վճարի: Էս սկզբունքն է: Նույնն էլ՝ ընտրություների ժամանակ. 10 րոպե գովազդի մեջ պիտի տեղավորվեն այն քաղաքական ուժերը, որոնք գումարներ կունենան, վճարունակ կլինեն: Նույն բանն է, ոնց որ հեռուստաընկերությունների մրցույթում. ով գումար ուներ, մասնակցեց, ով չէ՝ չէ:
Մեկնաբանություններ (39)
Մեկնաբանել