HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԺԻ-ի հայտարարությունը

2009թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների մասին ՄԻԺԻ-ն չի ընդունում ս.թ. օգոստոսի 31-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ արձանագրությունների ստորագրումը: Այս փաստաթղթերում տեղ են գտել դրույթներ, որոնց մասին ՄԻԺԻ-ն և հայ հասարակության այլ շերտեր ահազանգել են դեռևս ս.թ. ապրիլից սկսած` պահանջելով հրապարակել ապրիլի 22-ին Շվեյցարայում ստորագրված «ճանապարհային քարտեզը»: Ի պատասխան ՄԻԺԻ-ի` ս.թ. ապրիլի 26-ի Բաց նամակի` ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական պատասխանում ասվում էր, որ  Հայաստան-Թուքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում նախապայմանների հարցն ի սկզբանե բացառվել է (19.5.2009թ., 25/06621): Նույնը ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է իր ելույթներում: Այնուամենայնիվ, օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններով ճանաչվում է հայ-թուրքական ներկա սահմանը` փաստորեն վերահաստատելով 1921թ-ին մեզ պարտադրված Կարսի պայմանագիրը, վերահաստատվում են պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները, ինչը թուլացնում է հայկական կողմի դիրքերն Արցախյան հիմնախնդրի արդար ու հայանպաստ կարգավորման գործընթացում, նախատեսվում է, ի թիվս այլոց, նաև պատմական հարթության երկխոսություն սկսել համապատասխան ենթահանձնաժողովում, ինչը Հայոց ցեղասպանության ուրացմանն ու մերժմանը ծառայող անթույլատրելի քայլ է. Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ պետական հետևողական քաղաքականություն են վարում այս ուղղությամբ, հարվածել ու հարվածում են հայ ժողովրդին և իր տքնաջան պայքարին` հանուն հայոց ցեղասպանության իրավական ճանաչման ու հատուցման: Փաստորեն, ՀՀ իշխանությունները շարունակում են դրժել իրենց պարտավորությունը` հաշվետվություն տալու հայ ժողովրդին ու հասարակությանը: Նրանք ոչ միայն չհրապարակեցին «Ճանապարհային քարտեզը», այլև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնացին` ընդունելով Թուրքիայի հակահայ նախապայմանները, այն է` հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը ոտնահարող և հայոց պետականության անվտանգությունը խափանող նախապայմաններ: Մենք կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին, ԱԺ բոլոր պատգամավորներին, կտրականապես ՄԵՐԺԵԼ հայ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը վտանգող այս երկու փաստաթղթերի վավերացումը: Նշում ենք, որ ՈՐԵՎԷ պատգամավոր, պետական պաշտոնյա, քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ, որը ԿՍՏՈՐԱԳՐԻ կամ ԿՀԱՍՏԱՏԻ հայ ժողովրդի արդար իրավունքներին և կենսական շահերին դեմ գնացող այս փաստաթղթերը, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ է ենթարկվելու և ժողովրդի ՊԱՏԺԻՆ Է ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ: Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ Երևան, 3 սեպտեմբերի, 2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter