HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ապրում ենք, էլի` ամեն մեռնողին երանի տալով»

Սեւանցիներն իրենց հոգսերի մասին պատմեցին «Հետքին» 03_09-sevan

Թվում է, թե Հայաստանի զբոսաշրջային քաղաքների բնակչությունը պետք է լավ ապրի կամ ավելի քիչ դժգոհի, քան այլ բնակավայրերի բնակիչները: Սակայն, Սեւան քաղաքի կենտրոնում «արեւի դուրս եկած» տարեց տղամարդիկ, իրար հերթ չտալով, փորձում էին ապացուցել ճիշտ հակառակը:

Կառլեն պապը մի քանի տարեցների հետ նստել էր Սեւանի քաղաքապետարանից քիչ հեռու գտնվող հնամաշ ու կոտրված նստարանների վրա: Իր ասելով` «այնքան չեպեներ կան Սեւանում», որ մի ամբողջ օր պատմի` չի վերջանա: «Քաղաքում ոչ մի տեղ զուգարան չկա: Մենք պետությունից փող չենք ուզում, մենակ ուզում ենք, որ մեր մարդկային պահանջները բավարարեն: 2-րդ դպրոցում մի սենյակ էին տվել, բիձեքով էթում նարդի, շաշկի, շախմատ էինք խաղում, բայց հմի էդ դպրոցն էլ քանդին, տարան»,- ասաց Կառլեն պապը: Սեւանի քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը, անդրադառնալով Կառլեն պապի դժգոհություններին, ասաց, թե բարձրացված որոշ հարցեր տեղին են: 03_09-r_rafayelyan«Իրոք, ջրի լուրջ պրոբլեմ ունենք քաղաքում, ու մեզ համար էլ դժվար է փողոցների ցայտաղբյուրների ջուրը միացնել: Ինչ վերաբերում է հանրային զուգարաններին, ապա այդ հարցում էլ իրավացի է: Սեւանում մանկական զբոսայգի ունենք, երբ տարածքը վարձակալությամբ հանձնեցինք մասնավոր ընկերությանը, պայմանագրի մեջ հատուկ նշել ենք, որ հանրային զուգարան պետք է լինի այգու տարածքում: Աշխատանքներն արդեն ընթանում են, եւ մինչեւ տարեվերջ 2 զուգարան արդեն պատրաստ կլինի: Նստարանների հարցը եւս լուծվում է` 3 նստարան տեղադրվել է, մինչեւ տարեվերջ մի քանիսն էլ կտեղադրենք: Իմացեք, որ շատ թանկ են` մի նստարանը 50 հազար դրամ արժի»,- ասաց Ռոբերտ Ռաֆայելյանը: Քաղաքապետի խորհրդականը համամիտ չէր, որ սեւանցի տարեցներն այժմ զբաղմունքի սենյակ չունեն: Նրա ասելով` Մշակույթի տան սենյակներից մեկն իր նախաձեռնությամբ կահավորվել եւ տրվել է տարեցներին: 03_09-k_gevorgyan«Կուլտուրայի տանը մի սենյակ են տվել, բայց ի՞նչ են տվել` էնքան փոքր ա, որ 2 հոգի մտնում են, երրորդի ոտի մեկը մտցնում ա ներս, մի ոտն էլ դուրս ա մնում: Հազար տեսակի հիվանդ մարդիկ ենք: Եթե պետությունը մարդկանց թոշակի ա ուղարկել, նշանակում ա ըտոնց 50-60 տոկոսը հիվանդ ա, ընչի՞ մտնեմ էդ բնի մեջ ու իմ հիվանդությունը թողեմ ուրիշների շնչառության վրեն»,- Ռոբերտ Ռաֆայելյանին հակադարձեց Կառլեն պապը: Սեւանցի Վիլյամ Մնացականյանն էլ դժգոհ էր իր եւ համաքաղաքացիների ապրելակերպից: «Ապրում ենք, էլի` ամեն մեռնողին երանի տալով: Մեր ապրուստն ի՞նչ ա` մի կտոր հաց, Աստված տվեց` կուտենք, չտվեց` չենք ուտի: Ախպերս, մեր վիճակը շատ վատ ա: Ընդհանրապես աշխատատեղեր չունենք, կարիքավոր մարդկանց էլ բանի տեղ դնող չկա: Թոշակն էլ էնքան են տալիս, որ հազիվ լույսին ու գազին ա հերիքում: Իսկ իրանք լափում են ուզածների պես` մկներն ու շակալները վերեւներում նստած: Ռուսաստանից եսիմ քանի միլոն վարկ ստացան, էն էլ իրանց վրեն ծախսեցին, իրանց ուզած մարդկանց են տալիս: Ո'չ կարում ենք վարկից օգտվենք, ո'չ էլ կարում ենք վերցրած վարկը փակենք: Էթալով մեր վիճակը ծանրանում ա: Մեր հույսը դրել ենք Կոնգրեսի վրեն, էն էլ ինչ-որ մի տեղ ուշացնում են կոնկրետ գործողություններ անելը»,- ասաց Վիլյամ Մնացականյանը: Նրան հարցրի, թե «կոնկրետ ինչի՞ց է դժգոհ», պատասխանեց. «Բայց ինչի՞ց գոհ ըլնենք: Գնալով ապրանքները թանկանում են: Սեւանում մի խանութ կար` պեսոկը 280 դրամ էին ծախում, արդեն մի քանի օր ա ընդեղ էլ դարձավ 300 դրամ: Երիտասարդները զբաղմունք չունեն, բարձրագույն ավարտած տղերքը պարապ ֆռֆռում են, բա դա դժգոհելու պատճառ չի՞»: Ռոբերտ Ռաֆայելյանը նույնպես Սեւանի հիմնական խնդիրների թվում նշեց գործազրկությունը: «Քաղաքում գործազրկության մակարդակը բավականին բարձր է: Բայց որ երիտասարդության մեծ մասն այսօր չի կարողանում իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել Սեւանում` դա փաստ է: Սեւանը հայտնի է եղել իր ինտելեկտուալ մակարդակով եւ սովորողների թվաքանակով: Տարեկան 300-400 բուհ ընդունվող ենք ունենում, բայց ավարտելուց հետո ետ չեն գալիս, որովհետեւ աշխատանքի տեղ չկա: Ավարտողները կա'մ մնում են Երեւանում, կա'մ էլ գալիս են ու իրենց մասնագիտությամբ չեն աշխատում»,- ասաց քաղաքապետի խորհրդականը: Նրա խոսքով` Սեւանը նախկինում եղել է արդյունաբերական խոշոր կենտրոն, այսօր այդ ամենից մնացել է միայն զբոսաշրջությունը եւ դրա վրա են հույսները դնում, քանի որ նախկին 17 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից ոչ մեկը չի աշխատում: Անդրադառնալով պարապությունից փողոցում հավաքված սեւանցիների դժգոհություններին` նշենք, որ զրույցի ժամանակ մեր շուրջը հավաքվեցին նաեւ շատ երիտասարդներ: Նրանց նույնպես հարցեր ուղղեցինք, սակայն ոչ մեկն իր անունից հանդես չեկավ: «Որովհետեւ վախենում են, ջահել երեխեք են»,- երիտասարդներին «արդարացրեց» Վիլյամ Մնացականյանը: «Իսկ դուք ինչու՞ չվախեցաք` այդքան խնդիրներ բարձրացնելով»,- հարցրի Վ. Մնացականյանին: «Կորցնելու բան չունեմ` ես իմ տարիքն առել եմ, ումի՞ց վախենամ` մկների՞ց: Ձեր հանրապետության նախագահը լավ կլիներ ոչ թե նախագահ աշխատեր, այլ լիներ կնքահայր, ավելի շատ իրան կհարգեինք: Նախագահն էլ թող խելքը գլխին մի մարդ ըլներ»,- հնչեց պատասխանը: Սեւանցի Գարուն Աղաջանյանի բողոքն անհասցե էր. «Ընկեր ջան, էս ապրելակերպ չի, որ մենք ենք ապրում, մեր տարիքի համեմատ` ուղղակի քարշ գալ ա: 40 տարի վարորդ եմ աշխատել ու հիմա 29 հազար դրամ թոշակ եմ ստանում, սկի ոչ մի բանի էլ չի բավարարում: Ճարներս ի՞նչ ա, դրանով էլ ապրում ենք: Երբեք պաշտոնյաներին չեմ դիմի, որովհետեւ մերժվելու եմ: Դրանք ո՞վ էլան, որ դիմեմ ու մերժեն: Հիմա պաշտոնավոր չկա, հմենն էլ գռփողներ են: Ես ճիշտն եմ ասում, ու՞մը բողոքենք` բողոքելու տեղ չկա: Աստված մի քանի տարի կյանք ա տվել, քարշ կգանք ու կմեռնենք, կէթանք»: Գարուն պապը 73 տարեկան է, իր ասելով` բանկում նեղ օրվա համար գումար էր ետ գցել ու հիմա անհամբեր սպասում է, թե երբ են «Հայխնայբանկի» ավանդները վերադարձնելու: «Վախտին մէ քանի կոպեկ աշխատել ու բանկն էի գցել, էն էլ չեն տալի: Ասում են` պարտադիր պետք ա «Փարոսի» անդամ ըլնես, որ քո բանկի փողը տանք, բայց «Փարոսն» էլ հարուստներն են ստանում: Քյասիբները մտնում են «Փարոսի» գրասենյակը` կոպտում-լարում են, ասում են` ձեզ չի հասնում: Գոնե էդ փողը տան, մի քանի կոպեկ ծախսենք մեր վրեն, նոր մեռնենք»,- զայրացած ասաց Գարուն Աղաջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter