HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունը 3 տարեկան դարձավ

narekaci_03.09.09Երեք տարի առաջ Շուշիում ամերիկահայ բարերար,  «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի հովանավորությամբ կառուցվեց  «Նարեկացի» արվեստի միության շենքը, որը հետագայում դարձավ շուշեցի հարյուրավոր երեխաների երկրորդ օջախը:

Օգոստոսի 31-ին կենտրոնում նշում էին իրենց 3-ամյակը, որին ներկա էին ինչպես շուշեցիներ, այնպես էլ հյուրեր Ստեփանակերտից, Երեւանից ու Սփյուռքից: Ինչպես ամեն մի կարեւոր իրադարձության ժամանակ, այս անգամ նույնպես ներկա էր այդ ամենի գլխավոր հեղինակը` Նարեկ Հարությունյանը: Նա հպարտությամբ է նշում այն մասին, որ իրենց առաքելությունն այս 3 տարիների ընթացքում հաջողվել է կատարել: Իսկ նպատակը արվեստին, մշակույթին ծառայելն է, ինչն էլ փորձում են անել Շուշիում` երեխաներին ծանոթացնելով այդ ոլորտներին` հնարավորություն տալով արտահայտվել հենց արվեստի ու մշակույթի լեզվով: Իսկ այդ ամենի արդյունքը հենց փոքրիկ երեխաների աշխատանքներն են, որոնք ներկայացված են կենտրոնում, երգերն ու պարերը, որոնք օրերս դարձան միջոցառման մասնակիցների ուրախանալու առիթը: Narek_03.09.09«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Շուշիում ապրող երեխաներին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Չնայած, որ նրանք դժվարին պայմաններում են ապրել, շատ հպարտ են, միաժամանակ նաեւ փխրուն, ուստի պետք է նրբանկատ լինել նրանց նկատմամբ եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի գիտակցեն, որ կա մի օջախ, որտեղ իրենց հոգեպես կարող են գրկել` արվեստի միջոցով եւ արվեստի շնչով»,-«Հետքի» հետ զրույցում նկատել է Նարեկ Հարությունյանը: Narekaci_3.09.09Հենց այստեղ են 3 տարի շարունակ հաճախում շուշեցի երեխաները, ովքեր, Նարեկ Հարությունյանի խոսքերով, արդեն դարձել են կենտրոնի մշտական բնակիչները: Այստեղ նրանք հաճախում են տարբեր խմբակներ` նկարչության, մանրանկարչության, փայտի փորագրության, լուսանկարչության, պարի, ասմունքի, թատերական: Շուշիի «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրեն Նարինե Ավանեսյանի հավաստմամբ` սեպտեմբերից 150 սան ունեցող կենտրոնում կգործի նաեւ երգի խմբակը, արդեն ֆիլմերի անկյուն է ստեղծվել, որտեղ ամեն շաբաթ ֆիլմեր են ցուցադրվելու, ինչպես նաեւ քննարկվելու: Այստեղ նաեւ հայոց եւ անգլերեն լեզվի դասընթացներ են անցկացվում, նախատեսվում է նաեւ կավագործության խմբակ բացել: Կենտրոնի նախաձեռնությամբ ամռան ամիսներին կազմակերպվում են նաեւ ճամբարներ, որտեղ 150-ից ավելի երեխաներ են հանգստանում, իսկ այս տարի դրանց թիվը 350-ից ավելացավ: «Կազմակերպում ենք նաեւ ցուցահանդեսներ, տարբեր միջոցառումներ, նշում ենք ազգային եւ եկեղեցական տոներ, մեր երեխաներն են դրսում կազմակերպվող միջոցառումներին մասնակցում, նրանց ենք հրավիրում այստեղ»,-տեղեկացնում է Նարինե Ավանեսյանը: Նարինեն  ուրախությամբ է նշում, որ այս տարի կենտրոնի թատերական խմբակը պիտի մասնակցի Երեւանում կայանալիք «Նռան հատիկ» փառատոնին: Միության սաներն ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ Շուշիում կազմակերպվող քաղաքային բոլոր միջոցառումներին, ինչն էլ խոսում է այն մասին, որ քաղաքի մշակութային կյանքում կենտրոնն ինչ-որ դերակատարություն ունի: Սա խոստովանում են շուշեցիները, ովքեր տարբեր առիթներով մասնակցում են միության միջոցառումներին: Սրանով Շուշիի «Նարեկացի» կենտրոնը չի բավարարվում. այստեղ, Նարեկ Հարությունյանի հավաստմամբ, ծրագրերը շարունակվելու են, փորձելու են ընդլայնել գործունեությունը: Այսօրվա խնդիրը կենտրոնի հարեւանությամբ գտնվող տարածքում հանրակացարանի կառուցումն է, որի համար ակնկալում են բարերարների աջակցությունը: Հանրակացարանը, ըստ Նարեկ Հարությունյանի, կօգնի միության գործունեությանը. դրսից եկած մասնագետներն անվճար կմնան այստեղ` փոխարենն անվճար պարապելով երեխաների հետ: Հանրակացարանի կառուցումն ավելի վաղ էր նախատեսված, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը խանգարեց եւ հիմա արդեն բարերարների աջակցություն է պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter