Ողջիի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը դեդեկտիվ ժանրի ֆիլմ էր հիշեցնում
Սեպտեմբերի 3-ին Շիրակի մարզի Ողջի գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի ընթացքն ավելի շուտ հիշեցնում էր դեդեկտիվ ժանրի ֆիլմ` գոռոցներ, միմյանց հասցեին հնչող մեղադրանքներ, անեծքներ անգամ դպրոցական խորհրդի անդամի առեւանգում:
Նախ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Ղումաշյանը կասկածի տակ դրեց դպրոցի խորհրդի անդամներից մեկի անձի իսկությունը, հայտարարելով որ չի ճանաչում մարզպետի կողմից նշանակված անձին, ով ներկայացել է Քնարիկ Կարապետյան անվամբ: «Այ օրինակ դուք, տիկին Սահակյան, դուք երբեւէ տեսել եք այս կնոջը,-դիմելով խորհրդի նախագահին հարցրեց պրն Ղումաշյանը,-ճանաչում եք…ես օրինակ չեմ ճանաչում, թեպետ գիտեք, որ ի պաշտոնե պարտավոր եմ մարզպետի կողմից նշանակված մարդկանց ոչ միայն անուն ազգանունով իմանալու, այլեւ անձամբ»: Դպրոցական խորհրդի նախագահ Գյուլնարա Սահակյանը մի փոքր տատանվելուց հետո ասաց, որ մի երկու անգամ տեսել է: Կրթության վարչության ներկայացուցիչը պնդեց, որպեսզի Քնարիկ Կարապետյանն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի, թեեւ վստահ է, որ Հայաստանում նման անուն ազգանունով գոնե 10 հոգի կլինեն: Նա իր պնդումը բացատրեց նրանով, որ Քնարիկ Կարապետյանը երբեք չի մասնակցել խորհրդի նիստերին, որի համար իրենք բողոքներ են ստացել խորհրդի նախագահից, այն նույն մարդուց, ով պնդում է, թե իբր մի երկու անգամ տեսել է Կարապետյանին: Գեւորգ Ղումաշյանը վստահ, որ քվորում ապահովող խորհրդի 5-րդ անդամը կեղծ է, առաջարկեց չեղյալ հայտարարել մրցույթը: Մրցույթին ներկա Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանն Գեւորգ Ղումաշյանին առաջարկեց իր բոլոր դիտողություններն ու նկատառումները ներկայացնել գրավոր, որից հետո մրցութային առաջին փուլն հայտարարեց սկսված: Առաջին փուլով տնօրենի միակ թեկնածու Գոհար Աբրահամյանն, ով նախկինում աշխատել էր դպրոցի տնօրեն, պիտի ցուցադրեր գիտելիքներ օտար լեզվից եւ համակարգչից: Մարզպետարանի Կրթության վարչության ներկայացուցիչները երկու քննությունն էլ գնահատեցին անբավարար: Տիկին Աբրահամյանը կարողացավ նախադասության փոխարեն ընդամենը անուն, ազգանուն, հայրանունը հավաքել, իսկ վերջակետ այդպես էլ չկարողացավ դնել գրածի վերջում` ասելով որ իր գիտելիքները սրանից այն կողմ չեն անցնում, թեպետ դիմումում գրել էր , որ ունի համակարգչային բավարար գիտելիքներ: Տիկին Աբրահամյանը չփայլեց նաեւ ռուսերեն լեզվի իմացությամբ, սակայն դա չխանգարեց, որպեսզի նախարարության ներկայացուցիչը հայտարարի թեսթային աշխատանքին անցնելու մասին: Մրցութային երկրորդ փուլը չսկսած` հայտնվեց խորհրդի ամենակասկածելի անդամի` Քնարիկ Կարապետյանի քույրը եւ տեղեկացնելով, որ լուրջ բան է պատահել, խնդրեց քրոջը դուրս գալ: Ինչ-որ բան կասկածելով Քնարիկի հետեւից դուրս եկավ նաեւ խորհրդի մյուս անդամը` Վարդան Պետրոսյանը, ով նաեւ տնօրենի թեկնածուի ամուսինն է: Երբ 10-15 րոպեից խորհրդի երրորդ անդամն էլ դուրս գալու փորձ արեց, պատճառաբանելով, թե զուգարան է ուզում, սենյակում գտնվողների նյարդերը տեղի տվեցին: Խորհրդի նախագահը սկսեց մեղադրել կրթության վարչության ներկայացուցիչներին խորհրդի անդամի առեւանգման մեջ, քանի որ Վարդանը զանգել եւ հայտնել էր, որ Քնարիկին զոռով նստեցրել են մեքենա եւ տանում են Գյումրի, ինքն էլ գնում է նրանց հետեւից: Տնօրենի թեկնածուն էլ հայտարարեց, որ սա սարքած գործ է, որպեսզի քվորում չապահովվի, մրցույթը չկայանա, քանի որ դպրոցի տնօրենի տեղն արդեն ծախված է: Կրթության վարչության ներկայացուցիչներն էլ պնդում էին, որ իրենց միակ ցանկությունն այն է, որպեսզի օրենքի տառը ապահովվի ու խախտումներով մրցույթ չկայանա: Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթն հիշեցնող պատմությունն ավելի ամբողջացավ, երբ նախարարության ներկայացուցիչը խորհրդի նախագահին ուղարկեց բերելու խորհրդի 3 բացակա անդամներին: Կես ժամ ձգձգումից հետո ի վերջո խորհրդի 5 անդամներն էլ հավաքվեցին (Վարդանը իր մեքենայով հասել ու հետ էր բերել Քնարիկին): Երկրորդ փուլում Գոհար Աբրահամյանը ցուցադրեց փայլուն գիտելիքներ` 40 հարցից պատասխանելով 39-ին: Փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 կողմ ձայնով միակ թեկնածու Գոհար Աբրահամյանն ընտրվեց Ողջիի դպրոցի տնօրեն: Նախարարության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը հայտարարեց, որ 15 օրվա ընթացքում Շիրակի մարզպետը պարտավոր է 5 տարով պայմանագիր կնքել նորընտիր տնօրենի հետ, եթե համաձայն է մրցույթի արդյունքներին: Իսկ եթե ոչ, ապա պիտի դիմի Կրթության եւ գիտության նախարարին եւ բերելով լուրջ փաստարկներ, չեղյալ հայտարարի այսօրվա մրցույթի արդյունքները: Մրցույթի ավարտին նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ ինքը բազմաթիվ մրցույթների է մասնակցել, եւ որ սա համեմատաբար հանգիստ անցավ, եթե հաշվի առնենք, որ երբեմն կրքերն այնքան են բորբոքվում, որ տուժում է դպրոցական գույքը: «Ես իմացել էի, որ այս դպրուցում եւ ընդհանրապես գյուղում մթնոլորտն այն չէ, բայց որ էս աստիճան…որքան որ գիտեմ, դպրոցում մի քանի փորձ է արվել մրցույթի անցկացման, բայց բոլորն էլ տապալվել են,-ասաց Սամվել Պեպանյանը,-դրա համար էլ նախարարն անձամբ հրահանգեց, որ գամ ու մասնակցեմ»: Մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Ղումաշյանը խոստացավ երեք էջանոց զեկուցագիր գրել մարզպետին: «Ես պնդում եմ, որ այսօրվա մրցույթն ընթացավ բազմաթիվ խախտումներով եւ չեմ կարծում, որ Գոհար Աբրահամյանն իրավունք ունի կրկին ղեկավարելու դպրոցն, էն դեպքում, երբ իրա օրոք դպրոցի 67 աշակերտից 40-ը 2 ամիս, որպես բողոքի նշան, հաճախում էին հարեւան Հայկավան գյուղի դպրոց, չհաշված նաեւ էն բազմաթիվ խախատումները, որ թույլ է տվել տիկին Աբրահամյանը տնօրեն աշխատած տարիներին»,-նկատեց պրն Ղումաշյանը:
Մեկնաբանել