HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հրապարակումից դժգոհողը չի անդրադարձել հրապարակման բուն թեմային

Հարգելի ընթերցողներ, Հուլիսի 20-ին «Հետք» կայքում տեղադրվեց, իսկ օգոստոսի 1-ին «Հետք» թերթում տպագրվեց «Հոլանդական հ/կ-ի նախագահը պնդում է, որ իր կազմակերպությունը կոռուպցիայի զոհ է դարձել Հայաստանում» հոդվածը: Հոդվածում հոլանդական «Famtofam» հասարակական կազմակեպության նախագահ Հոյտ Սպիջեկստրան պնդում է, որ հայկական «Famtofam» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Մելիք-Սարգսյանից չեն կարողանում ետ ստանալ իրենց գրասենյակն ու ավտոմեքենան: Հրապարակման առթիվ «Հետքի» խմբագրություն է եկել Ավետիք Մելիք-Սարգսյանը և բերել իր պատասխանը:

Պատասխանում Ավետիք Մելիք Սարգսյանը պնդում է, թե ««Հետքն» առանց լրագրողական հետաքննության միանգամից Հոյտի ասած մեղադրանքը, լուտանքը և կեղծիքը «հալած յուղի» տեղ է ընդունել, առանց փաստերի ստուգման և հիմնավորվածության տպագրում է, դրան արդեն այլ գնահատական կտրվի ժամանակի ընթացքում: Մենք համոզված ենք, որ թերթով և կայքով նախատեսվել է միանգամից խտացրած գույներով «խայտառակություն» թմբկահարել, առանց համոզվելու, թե Հոյտի ներկայացրած մեղադրանքներն իրականությանը համապատասխանում են, թե ոչ»: Նշենք, որ հոդվածում ներկայացված է նաև Ավետիք Մելիք-Սարգսյանի տեսակետը գրասենյակի և ավտոմեքենայի վերաբերյալ, հետևաբար, վերջինիս պատասխանում արտահայտված այն համոզմունքը, թե նյութը միակողմանի է և «նախատեսվել է միանգամից խտացրած գույներով «խայտառակություն» թմբկահարել», անհիմն է: «Դուք «Հետքի» կայքում բավականին ակտիվ և անհրաժեշտ մեկնաբանություններ եք արել «Անուշի» և մյուսների հետ, չեք ուզում անձամբ ծանոթանալ այդ մարդկանց հետ և համոզվել, թե նրանք իրոք կան, թե այդ «Անուշ», «Էդիտա», «Էլյա» անուններով պարզապես կարծիք էր պետք «սարքել» Ա. Մելիք-Սարգսյանի վրա: Ի դեպ, ասեմ, որ «Էլյա» անունով Հայատանի Famtofam-ի ներկայացուցիչ երբեք չի եղել»,- իր պատասխանի մեջ գրում է Ավետիք Մելիք-Սարգսյանը:

Նշենք, որ «բավականին ակտիվ և անհրաժեշտ մեկնաբանություններ» կայքում մեկնաբանություն գրած ընթերցողների հետ կարող է անել ցանկացած ոք:

«Իմիջիայլոց, հոլանդական այդ նույն հովանավոր ընտանիքներից մի քանիսը Ձեր «Հետք» կայքին 2009 թ. օգոստոսի 2-ին և օգոստոսի 3-ին արդեն իրենց կարծիքն են հայտնել Ձեր կայքում գրված նյութի մասին: Տպագրեք նաև այդ 2 նամակները, որպեսզի հայ ընթերցողը կարծիք կազմելու ընտրություն ունենա, այլ ոչ թե պարտադրված լինի ընթերցելու միայն «մի կողմի հատուկ մշակված վատը»»,- գրում է Ավետիք Մելիք-Սարգսյանը: Ընդգծենք, որ այդ երկու նամակներն արդեն հրապարակված են մեր կայքում (հոդվածի տակ` մեկնաբանությունների դաշտում): Ավետիք Մելիք-Սարգսյանի պատասխանում ներկայացված Հենկ Հուկստրայի և Սիմոն և Թեայի նամակները վերցված և թարգմանված են հենց «Հետքի» կայքից: Հետևաբար, դրանք տպագրելու` Ավետիք Մելիք-Սարգսյանի պահանջը (որ ընթերցողը պարտադրված չլինի «ընթերցելու միայն «մի կողմի հատուկ մշակված վատը»») անհիմն է: Ստորև ներկայացնում ենք Ավետիք Մելիք-Սարգսյանի պատասխանը «Հոլանդական հ/կ-ի նախագահը պնդում է, որ իր կազմակերպությունը կոռուպցիայի զոհ է դարձել Հայաստանում» նյութին: Պատասխանից հանված է երկու հատված, քանի որ այն չի առնչվում խնդրո առարկային և խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Ընդգծենք, որ Ավետիք Մելիք-Սարգսյանն իր պատասխանում բացարձակապես չի անդրադարձել գրասենյակի և ավտոմեքենայի խնդրին, մինչդեռ «Հոլանդական հ/կ-ի նախագահը պնդում է, որ իր կազմակերպությունը կոռուպցիայի զոհ է դարձել Հայաստանում» հոդվածի թեման հենց դրանք են:  «Հետքի» խմբ.

Հոլանդական կազմակերպության նախագահը փողեր է լվացել Հայաստանում

1. Թե ինչպես է Հոյտ Սպիկստրան գտել «Հետքի» հետքը դա հարցի մի կողմն է: Որ «Հետքն» առանց լրագրողական հետաքննության միանգամից Հոյտի ասած մեղադրանքը, լուտանքը և կեղծիքը «հալած յուղի» տեղ է ընդունել, առանց փաստերի ստուգման և հիմնավորվածության տպագրում է, դրան արդեն այլ գնահատական կտրվի ժամանակի ընթացքում: Մենք համոզված ենք, որ թերթով և կայքով նախատեսվել է միանգամից խտացրած գույներով «խայտառակություն» թմբկահարել, առանց համոզվելու, թե Հոյտի ներկայացված մեղադրանքները իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Չէ որ գոյություն ունի անմեղության կանխավարկած և ոչ ոք իրավունք չունի ոչ մեկի անունը և հեղինակությունը վիրավորել առանց համոզվելու ներկայացված նյութի իսկության մեջ: Միգուցե Հոյտը ինքն է փողեր լվացել Հայաստանում` բարեգործության անվան տակ և հենց դրանով էլ նպաստել Հայաստանում կոռուպցիայի զարգացմանը: Մեր կողմից ներկայացվող փաստերն ինքնին կապացուցեն դա: Հիմա մեր նպատակն է ոչ թե արդարանալը, այլ պարզապես ներկայացնել ՙՀետքին՚ միայն այնպիսի փաստեր, որ թերթը և ընթերցողները կեղծ ՙհետքի՚ վրա չընկնեն: Թող ոչ մի արտասահմանցի մեր հայկական ինքնասիրությունը չվիրավորի, ինչպես թերթում է ասված, իր «ավելի քիչ շահութահարկ վճարելու» նպատակի համար և առավել ևս չնսեմացնի իրենց համար Հայաստանում աշխատող կազմակերպությանը և նրա անդամներին: Կոնկրետ դեպքում առանց Հայկական «Ընտանիք Ընտանիքին» հասարակական կազմակերպության հոլանդական «Famtofam»-ը և հովանավոր ընտանիքները ոչ մի բարեգործական ծրագրեր էլ չէին կարողանա իրականացնել Գյումրիում: Մեր` հայերիս աշխատանքը, մեր իսկ «որբ և աղքատ երեխաների» համար հավասար է եղել արտասահմանցու օգնության չափին, եթե չասենք` ավելին: Եվ մեր կատարած աշխատանքի դիմաց մեզ վճարել են ամսեկան ընդամենը 20 Եվրո: Հարց տանք հենց այդ արտասահմանցուն` ինքն ամսեկան ընդամենը 20 Եվրո գումարով կաշխատեր: Հարգելի Սոնա Ավագյան, Հոյտ Սպիկստրան Ձեզ ասել է, որ իրեն և հոլանդական ընտանիքներին մենք ենք տվել այդ գաղափարը կապ հաստատել հոլանդական և հայկական ընտանիքների միջև` «Family to family»: Հոյտ Սպիկստրան Ձեզ ասել է, որ այդ «200 աղքատ երեխաներին» և ընտանիքներին 2000 թվականից սկսած Ա. Մելիք-Սարգսյանն ու իր հանձնախումբն են փնտրել, գտել և ներկայացրել Հոլանդական հովհանավորներին: Դրանից բացի` 1. Մենք ենք կատարել այսբերգի ներքևի բարդ աշխատանքը` ավերված Գյումրիում փնտրել և գտել տնակներում ապրող, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներ.

2. Դրա հետ զուգահեռ հավաքել ենք այդ ընտանիքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որ հոլանդական հովանավոր ընտանիքը հավատա, որ ճիշտ և արդար ընտրություն է կատարվել և օգնել է պետք իսկապես այդպիսի կարիքավոր ընտանիքներին: Եվ Հոլանդական հովանավոր ընտանիքները համոզվել և հավատացել են դրանում` Հոյտ Սպիկստրան նույնպես:

3. Գաղափար + սոցիալական աշխատանք` կվերածվի արդյունքի, եթե մշակվի օգնության ճիշտ և արդար մեխանիզմ: 2002թ. Ա. Մելիք-Սարգսյանի կողմից` Արշինինվեստբանկում իրականացվեց «Երեխաների Բանկային Աջակցության ծրագիրը»: Մենք չենք ներկայացնի այս բանկային ծրագրի «թափանցիկ և վստահելի վարչարարության» համակարգի մասին, որ շուրջ 8 տարի է գործում է: Մենք Սոնա Ավագյանին կներկայացնենք, թե ինչ կարծիք է ունեցել ինքը Հոյտը մեր ներդրած «Բանկային աջակցության ծրագրի» վերաբերյալ, որը խիստ տարբերվում է «Հետքին» ներկայացրած նյութերից: Այդ տարիների ընթացքում, բացի շնորհակալական գնահատականից և մեր կողմից կատարված ներդրումների մասին դրական կարծիքից, ուրիշ գնահատական չի հնչել Հոլանդական «Famtofam»-ի և Հոյտի կողմից: Այսպես. ա) 2007թ. փետրվարի 22-ին Հոյտին գրած նամակում Հայկական Famtofam-ը գրում է. «Մենք ուզում ենք քեզ հիշեցնել քո խոսքերը: Երբ դու նայում էիր երեխաների փաստաթղթերը, որոնք արդեն ընդգրկված են «Famtofam»-ի մեջ. նրանք հիմնականում ընտրված էին տնակներից և նրանք ապրում էին շատ վատ պայմաններում: Դու անվանեցիր այն «Գերազանց աշխատանք»: բ) 2007թ. ապրիլի 29-ի Հոյտի նամակում գրված է. «Մենք նույնպես ասել ենք աջակից ընտանիքներին, որ մեր աջակցության համակարգը մինչև հիմա աշխատում է լավ ձևով»: (Ներկայացնում ենք այդ 2 նամակների պատճենները): գ) Մենք «Հետքին» ենք ներկայացնում նաև «Famtofam բարեգործական ծրագրով 222 երեխաների և ծնողների բանկային վճարման ցուցակը», որ այդ 222 ընտանիքների ծնողների անձնագրերով և անուններով բացված են եղել առանձին բանկային հաշվեհամարներ և Հոլանդական հովանավորների ուղարկած գումարները փոխանցվել են ուղղակի այդ ընտանիքների անձնական հաշվեհամարներին: Հարգելի Սոնա Ավագյան, եթե ուզում եք համոզվել այս բանկային համակարգի «թափանցիկության և վստահելիության» մեջ, ոչ մեզ հավատացեք և ոչ էլ Հոյտին: Մենք Ձեզ առաջարկում ենք գալ Գյումրի և անձամբ հարցնել այդ 222 ընտանիքներին, թե արդյոք երբևէ` այս 8 տարվա ընթացքում, Հոլանդիայից ուղարկված գումարները պակաս են ստացել, թե ոչ: Մենք Ձեզ կտրամադրենք նաև հոլանդական բոլոր հովանավոր ընտանիքների հասցեները, որպեսզի Դուք հարցում անեք նրանց, թե որևէ մի երեխայի ուղարկված իրենց գումարը արդյոք կորել է կամ կա այլ դեպք, որ գուցե չի վճարվել: Դուք «Հետքի» կայքում բավականին ակտիվ և անհրաժեշտ մեկնաբանություններ եք արել «Անուշի» և մյուսների հետ, չեք ուզում անձամբ ծանոթանալ այդ մարդկանց հետ և համոզվել, թե նրանք իրոք կան, թե այդ «Անուշ», «Էդիտա», «Էլյա» անուններով պարզապես կարծիք էր պետք «սարքել» Ա. Մելիք-Սարգսյանի վրա: Ի դեպ ասեմ, որ «Էլյա» անունով Հայաստանի «Famtofam»-ի ներկայացուցիչ երբեք չի եղել: ... Մեր կարծիքով լրագրողական էթիկայից ելնելով, Դուք պարտավոր եք կազմակերպել և ներկա գտնվել այդ «անուններով» մարդկանց և մեզ հետ արդարության և թափանցիկության հանդիպմանը: Եթե Դուք հրաժարվեք այդ հանդիպումից, ուրեմն կասկածելի են Ձեր «Հետք»-ով ներկայացված նյութերը: Իսկ մենք Ձեզ ենք ներկայացնում հոլանդական մի քանի հովանավոր ընտանիքների կողմից դեռ 2008 թ. փետերվարի 23-ին գրված նամակը հենց Հոյտի այդ բանկային «թափանցիկ և վստահելի» սիստեմի և Ա. Մելիք-Սարգսյանի մասին: Կարդացեք և տպագրեք նաև 2008 թ. ապրիլի 5-ի Հոլանդական «Famtofam» Կոմիտեի անդամների` որպես Շիրակի մարզի ծրագրերի պատասխանատուների նամակը Շիրակի մարզպետ տիկին Լ. Նանյանին, ինչպես նաև 2008 թ. մարտի 25-ի Հայկական «Ընտանիք Ընտանիքին» ՀԿ-ի պաշտոնական նամակը Հոլանդական NCDO կազմակերպությանը: (Ներկայացնում ենք հոլանդական հովանավոր ընտանիքիների 2008թ. փետրվարի 23-ի նամակը և թարգմանությունը, Հոլանդական «Famtofam» Կոմիտեի անդամների նամակը Շիրակի մարզպետ տիկին Լ. Նանյանին, Հոլանդական NCDO կազմակերպությանը ուղղված նամակը): Իմիջիայլոց, Հոլանդական այդ նույն հովանավոր ընտանիքներից մի քանիսը Ձեր «Հետք» կայքին 2009 թ. օգոստոսի 2-ին և օգոստոսի 3-ին արդեն իրենց կարծիքն են հայտնել Ձեր կայքում գրված նյութի մասին: Տպագրեք նաև այդ 2 նամակները, որպեսզի հայ ընթերցողը կարծիք կազմելու ընտրություն ունենա, այլ ոչ թե պարտադրված լինի ընթերցելու միայն «մի կողմի հատուկ մշակված վատը»: Ասենք նաև, որ ի տարբերություն Ձեր «Էդիտա», «Անուշ», «Էլյա» անունների, Հոլանդական ընտանիքների նամակները հասցե և իրական անուններ ունեն: Մենք թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ այդ նամակներից. 1. «Իմ անունը Հենկ Հուկստրա է, ես Հոլանդիայից եմ: Ես Հոլանդական «Famtofam»-ի անդամ եմ եղել 1995-ից մինչև 2007թ. Ես երկրորդ նախագահն եմ եղել: Ես կարդացի այս կայքում Հոյտ Սպիկստրայի պատմությունը և չհավատացի իմ աչքերին: Սպիկստրան գրում է, որ Ա. Մելիք-Սարգսյանը երեխաներից փող է գողացել, դա ճիշտ չէ. Հոլանդիայում նույնպես Սպիկստրան նույն բանն էր ասում: Ես հարցրեցի նրան` դու կարող ես դա ապացուցել, մինչև այս պահը նա ինձ պատասխան չի տվել: Նա ինձ նույնպես ասել է, երբ դու խնդրես նրան (Ավետիքին) ԱրդշինԻնվեստբանկում երեխաների նոր սիստեմի հաշվեհամարների համար, նա (Ավետիքը) կարող է մնալ Հոլանդական «Famtofam»-ում: Ես ասացի` լավ, ես կփորձեմ. Ես Ավետիք Մելիք-Սարգսյանին մի Էլեկտրոնային նամակ ուղարկեցի այս հարցի վերաբերյալ: Նա 2008 թ. հունվարին ուղարկեց ինձ բոլոր երեխաների հաշվեհամարները: Երբ Սպիկստրան ձեռք բերեց այս ինֆորմացիան, նա հեռացրեց Ա. Մելիք-Սարգսյանին: Ես ինչ պետք է ասեմ, մի հավատացեք Սպիկստրային, նա արդար չի, նա ստում է իմ և նույնպես Ավետիք Մելիք-Սարգսյանի մասին: Սա է իմ պատմությունը այս հարցի վերաբերյալ: Մեկ բան ևս, 2007 թ. Հոլանդական «Famtofam» կոմիտեում անվստահության շարժում սկսվեց ընդդեմ Սպիկստրայի: Հենկ Հուկստրա. Հոլանդիա»: 2. «Մենք Սիմոն և Թեան ենք Հոլանդիայից: Մենք Գյումրիում երեխաների ենք աջակցում և 5 անգամ Գյումրի ենք գնացել երեխաներին այցելության, և Ավետիք Մելիք-Սարգսյանը միշտ օգնել է մեզ: Երբ մենք տեսանք այս հոդվածը, մենք շատ տխրեցինք, որովհետև մենք մեծ հարգանք և վստահություն ունենք Ավետիք Մելիք-Սարգսյանի հանդեպ: Հոլանդիայում Հոյտ Սպիկստրան մեզ պատմել է հոդվածի այս բաների մասին, բայց երբ մենք հարցրեցինք Հոյտ Սպիկստրային ապացուցել դա, նա մեզ ոչ մի պատասխան չտվեց, այսպիսով նա չկարողացավ ապացուցել դա: Երբ մենք գումար ենք ուղարկում երեխաներին, Ավետիք Մելիք-Սարգսյանը օգնում է մեզ, և երեխաները միշտ շատ ճիշտ ստանում են իրենց փողերը: Այս հոդվածում Հոյտ Սպիկստրան ենթադրություններ է արել: Մենք գտնում ենք, որ դա շատ վատ է, որովհետև դու բերում ես մարդկանց օրվա-լույսի խավարում: Մենք Հոյթ Սպիկստրայի հանդեպ վստահություն չունենք: Սիմոն և Թեա»: Ինչպես ասում են` այստեղ արդեն մեկբաբանություններն ավելորդ են: Եթե Հոյտին լավ ճանաչող և նրա հետ աշխատած հոլանդացիներն են ասում, որ «նա արդար չի, նա ստում է» և որ իրենք «Հոյթ Սպիկստրայի հանդեպ վստահություն չունեն», ուրեմն ճշմարտությունն ուրիշ տեղ փնտրել պետք չէ: Լրագրողը պարտավոր է ոչ միայն նյութեր ներկայացնել, այլ նաև փաստերով համոզվել, թե այդ նյութերով արդյոք այս կամ այն անձին չեն զրպարտում և նրա հեղինակությունը վիրավորում են, թե ոչ: Ինքնըստինքյան հարց է առաջանում, եթե Հոյտը և նրա «համախոհներն» արդար էին, ապա ինչու էին լռում և այս 10 տարվա ընթացքում, երբեք ոչ մի թերություն և առավել ևս ոչ մի եվրո գումարի հարցերով անհամաձայնություն և բողոք չի հայտնվել մեզ Հոյտի և Հոլանդական «Famtofam»-ի անունից: Եթե մենք այդ տարիների ընթացքում իրոք կեղծիք և խաբեություն թույլ տված լինեինք, ապա Հոյտը անպայման մեծ աղմուկ բարձրացրած կլիներ: Թե ինչու է հիմա սկսվել այս «կոմպանիան»` մենք Ձեզ կապացուցենք հետևյալ փաստերով: 2004 թ. Հայկական «Ընտանիքը Ընտանիքին» հասարակական կազմակերպությունը «Կարտոֆիլի ծրագրով» Շիրակի մարզում արտադրեց 82 տոննա կարտոֆիլի սերմ: 2004 թ. «Կարտոֆիլի ծրագրով» արտադրված 82 տոննա սերմը կարտոֆիլի ծրագրի պատասխանատուներ Ա. Սերոբյանի և Գ. Եղոյանի կողմից յուրացման հարցով 2006 թ. դատական պրոցեսից առաջ հոլանդական «FamToFam» Հիմնադրամի էլեկտրոնային նամակներում շարադրված նյութերից ակնհայտ երևում է, որ հոլանդական «FamToFam» Հիմնադրամը պահանջել է կարտոֆիլի ծրագրի պատասխանատուներ Ա. Սերոբյանից և Գ. Եղոյանից վաճառված կարտոֆիլի գումարները բռնագանձելու նպատակով ֆերմերներին դատի տալ: Որպես ապացույց այդ նամակներից ներկայացնենք մի հատված. 1. «Կոլում, 31 Մարտի, 2006 Արմինե/ Գուրգեն Ինչպես գիտեք, մեր նախագահը Գյումրի էր եկել մի քանի պատճառներով: Կարևոր պատճառներից մեկը կարտոֆիլի ծրագրի կարգավորումն էր, հատկապես ֆերմերների վատ վճարումները: Այս տեսակետից մեր նախագահը տուն վերադարձավ շատ հիասթափված: Բոլորից վեր նա շատ բացասական զգացում ուներ Ձեր երկուսի կողմից աջակցության պակասության համար: Մարտի 29-ի մեր ժողովի ժամանակ մենք քննարկեցինք այս դեպքը և որոշեցինք հետևյալը. ա/ Արմինեն և Գուրգենը մինչև 2006 թ. ապրիլի 10-ը պետք է հավաքեն ուղղակի փողը ֆերմերներից, որոնց ճանաչել են: բ/ Երբ ապրիլի 10-ին գումարը չավելացվի «Famtofam»-ի (Գյումրիում հայկական «FamToFam»-ի ) հաշվեհամարին, ապա Արմինեն և Գուգենը պարտքերի ամբողջական թղթապանակը պետք է ներկայացնեն դատարան Երևանում, և այսպես «FamToFam»-ը կարող է սկսել դատավարությունը այս ճանապարհով: գ/ Մենք աներկբա նշում ենք, որ Հայաստանում «FamToFam»-ի ամբողջ պաշտոնական պատասխանատվությունն ու գործերը նախագահ Ա. Մելիք-Սարգսյանի ուսերին է: Այս հիմնադրամի համար Ավետիքը պաշտոնական և օրինական պատգամախոսն է: Պետք է պարզ լինի, որ մեր համբերությունը հատել է: «FamToFam» ստորագրված «FamToFam»- ի բոլոր անդամների կողմից»: (կից ներկայացվում է հոլանդական «FamToFam» Հիմնադրամի 2006 թ. ապրիլի 2-ի էլեկտրոնային նամակ և թարգմանությունը): 2. Սակայն Ա. Սերոբյանը և Գ.Եղոյանը Հոլանդական «FamToFam» Հիմնադրամի բոլոր անդամներին ուղղված իրենց 2006 թ. ապրիլի 6-ի էլ. նամակով հայտնում են, որ հրաժարվում են կարտոֆիլի ծրագրի իրականացման աշխատանքներից և գնորդ-ֆերմերների դեմ դատարան հայց հարուցելուց: 3. 2006թ. մայիսի 2-ին հոլանդական «FamToFam» Հիմնադրամի կողմից ուղարկված մեկ այլ նամակում գրված է հետևյալը. «1. Մենք նորից չենք խնդրի Արմինեին ներգրավվել «FamToFam»-ի գործունեության մեջ. Որովհետև. - երկու անգամ մենք Արմինեին ասացինք, որ մենք նրան որպես «FamToFam»-ի կոմիտեի պաշտոնապես անդամ այլևս չենք համարում, 2. Մենք համեստորեն խնդրում ենք քեզ (Ա. Մելիք-Սարգսյանին) որպես «FamToFam»-ի նախագահ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փորձելով հավաքել փողը, որ մի քանի ֆերմերներ պետք է «FamToFam» կազմակերպությանը վճարեին: Մենք հազիվ թե համարձակվում ենք քեզանից խնդրելու դա, բայց մենք գտնում ենք, որ դա միակ ընտրությունն է: Մենք կարծում ենք, որ դու որպես «FamToFam» կոմիտեի նախագահ ունես լեգալ հեղինակություն: Պետք է օրինական լուծում լինի այն փաստի համար, որ դու չստորագրեցիր պայմանագրերը: Դրանք դեռ «FamToFam»-ի պայմանագրերն են և դու նախագահ ես: - քո վերջին նամակում դու մեզ գրել էիր, որ մենք քեզ վիրավորել ենք` կարտոֆիլի ծրագրի պատասխանատվությունը Արմինեին տալով: Մենք թերագնահատել ենք այդ որոշման ազդեցությունը, մենք հիմա դա գիտենք: Դա շատ ցավ և լարվածություն առաջացրեց ձեր կոմիտեում, և որպես «բումերանգ» դա մեր կոմիտեում էլ պրոբլեմներ առաջացրեց: Ճիշտ է, մենք ափսոսում ենք դրա համար, - այս պահին մենք չենք տեսնում այլ հնարավորություն և համեստորեն խնդրում ենք վերցնել կորդինացիան և կրկին խառնվել ֆերմերների հարցով: Մենք չենք կարող ճնշել քեզ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, մենք դեռ հույսով ենք, որ հայկական «FamToFam»-ի նախագահը իր աջակցությունը կտա մեր առաջարկությանը»: (կից ներկայացվում է 2006 թ. մայիսի 2-ին հոլանդական «FamToFam» Հիմնադրամի նամակը և թարգմանությունը): 4. Իսկ 2006 թ. մայիսի 24-ին Հոլանդական «FamToFam» Հիմնադրամի նախագահ Հոյտ Սպիկստրան իր կողմից գրված նամակն ուղարկում է «Ընտանիքը ընտանիքին» հասարակական կազմակերպությանը` դիմելով նախագահ Ա.Մելիք-Սարգսյանին իրականացնելու կազմակերպության կարտոֆիլի ծրագրի պատասխանատուներ Արմինե Սերոբյանի և Գուրգեն Եղոյանի կողմից ստորագրված Առքուվաճառքի պայմանագրերով գումարների գանձումը և լիազորում է. «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության նախագահ Ա. Մելիք-Սարգսյանին կազմակերպությանը հասցված ֆինանսական վնասը վերականգնել` 1.Կարտոֆիլի ծրագրի պատասխանատուներից բռնագանձել 37310 կգ վաճառված կարտոֆիլի գումարը` 4076300 դրամ և 2.Պահեստում մնացած 18950կգ Դրագա տեսակի կարտոֆիլի սերմի արժեքը` 2463500 դրամ (18950կգ x130դրամ=2463500դրամ)»: (Ներկայացվում է 2006 թ. մայիսի 24-ի Հոյտ Սպիկստրայի լիազորագիր նամակը և թարգմանությունը): Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում Հայկական «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ն հաղթեց դատական պրոցեսում, սակայն Վերաքննիչ դատարանում Հոլանդիայից գրած Հոյտի հովանավորչական նամակների պատճառով մենք պարտվեցինք, քանի որ Հոյտը դատական պրոցեսում, ինչքան-որ անսպասելի և տարօրինակ էր, սկսեց պաշտպանել և արդարացնել Ա. Սերոբյանին և Գ. Եղոյանին: Այն ժամանակ մեզ համար անհասկանալի էր, թե ինչու է Հոյտն արդարացնում 82 տոննա սերմի վաճառքի գումարները յուրացրած Ա. Սերոբյանին և Գ. Եղոյանին: - Այս հարցում Հոյտը և Հոլանդական «Famtofam»-ի որոշ անդամներ ցուցաբերեցին և հակասական, և միևնույն ժամանակ հանցավոր մոտեցում: Ինչպես Դուք տեսաք, սկզբում Հոյտը և Հոլանդական «Famtofam»-ը (2006 թ. ապրիլի 2-ի, 2006 թ. մայիսի 2-ի, 2006 թ. մայիսի 24-ի) նամակներով մեզ լիազորում էին և «համեստորեն խնդրում որպես «FamToFam»-ի նախագահ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փորձելով հավաքել փողը, որ մի քանի ֆերմերներ պետք է «FamToFam» կազմակերպությանը վճարեին»: Եվ նունիսկ «հազիվ թե համարձակվում ենք քեզանից (այսինքն Ա. Մելիք-Սարգսյանից) խնդրելու դա, բայց մենք գտնում ենք, որ դա միակ ընտրությունն է» արտադրված 82 տոննա կարտոֆիլի սերմի վաճառքի գումարները բռնագանձելու համար: Եվ գրում նաև, որ «մենք քեզ վիրավորել ենք` կարտոֆիլի ծրագրի պատասխանատվությունը Արմինեին տալով: Մենք թերագնահատել ենք այդ որոշման ազդեցությունը, մենք հիմա դա գիտենք: Ճիշտ է, մենք ափսոսում ենք դրա համար: Մենք չենք կարող ճնշել քեզ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, մենք դեռ հույսով ենք, որ հայկական «FamToFam»-ի նախագահը իր աջակցությունը կտա մեր առաջարկությանը»: Երբ Առաջին ատյանի դատարանում մենք հաղթեցինք, այդ նույն Հոյտն իր մի քանի «Մոնամատըլիզա» կարտոֆիլակեր համախոհների գրված նամակով արդարացրեցին 82 տոննա սերմի վաճառքի գումարներն յուրացրած Ա. Սերոբյանին և Գ. Եղոյանին: Անհավատալի է, բայց այդ նամակում գրված է. որ «դու (այսինքն, հայկական «FamToFam»-ի նախագահ Ա.Մելիք-Սարգսյանը) լիազորված չեք հոլանդական «FamToFam» կազմակերպության կողմից պահանջել գումարը Արմինեից և Գուրգենից»: (Կից ներկայացվում է 2006թ. հունվարի 19-ի նամակը և թարգմանությունը): Հարգելի ընթերցող, նման «գիտաֆանտաստիկ աբսուրդի» ուրիշ տեղ հանդիպած կլինեք, որ «գողը գողին արդարացրեց» և, փառք Աստծո, մեր անշահախնդիր դատավոր Ավանսյանը վճռեց. որ «Գործի նյութերով հիմնավորված է այն փաստը, որ հայցվոր կազմակերպության (այսինքն` հայկական «Ընտանիքը Ընտանիքին» ՀԿ-ի) և պատասխանողների (այսինքն` Ա. Սերոբյանի և Գ. Եղոյանի) միջև չի կնքվել նյութական պատասխանատվության մասին պայմանագիր: Հետևաբար, հայցվոր կազմակերպության պահանջը պատասխանողներ Գ. Եղոյանի և Ա. Սերոբյանի նկատմամբ վնասի հատուցման մասին, հիմնազուրկ է և ենթակա է մերժման»: Բայց միթե հարցը այս կամ այն պայմանագրի տեսակի մասին է: Մեր բողոքը նրանում էր, թե ինչ եղավ Հայաստանում արտադրված 82 տոննա կարտոֆիլը, որի արժեքը հենց հոլանդական «FamToFam»-ի պրոֆեսիոնալ կարտոֆիլագործների հաշվարկով «Դրագաի նոր սերմը` 80 տոնա x 0,25 դոլար ցենտ կլինի 20.000 դոլար»: Կորած 82 տոննա կարտոֆիլի «հետքը» չկորցնելու համար դիմեցինք դատախազություն յուրացման և նյութական վնաս հասցրած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով: Պատասխանները նույնատիպ էին, որ իբր մեր «առաջ քաշած հարցերը քաղաքացիա-իրավական բնույթ են կրում և ենթակա են լուծման դատական կարգով»: Ինչ արդար է ստացվում, չէ` ա) դատարանը ասում է, որ ձեր «միջև չի կքվել նյութական պատասխանատվության մասին պայմանագիր», այսինքն 82 տոննա կարտոֆիլի յուրացումը քաղաքացիա-իրավական հարաբերությունների հարց չէ, բ) դատախազությունն էլ ասում է, որ նույն 82 տոննա կարտոֆիլի յուրացման «առաջ քաշած հարցերը քաղաքացիա-իրավական բնույթ են կրում և ենթակա են լուծման դատական կարգով»: Հարգելի Սոնա Ավագյան, հիմա գոնե զգում եք, թե այս ամենի հետքերը ուր են տանում: Մեր և հոլանդական «FamToFam» Հիմնադրամի փոխնախագահ Հենկ Հուկստրայի կողմից բազմաթիվ բողոքներ ուղղվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, որ մեր ներկայացրած փաստերին ճիշտ գնահատական տրվի և անցկացվի օբյեկտիվ քննություն: (Ներկայացվում է ՀՀ գլխավոր դատախազ Ա Հովսեփյանին հոլանդական «FamToFam» Հիմնադրամի փոխնախագահ Հենկ Հուկստրայի նամակը և թարգմանությունը): ]Մինչ օրս էլ ակնհայտ է, որ հոլանդական «FamToFam» Հիմնադրամի նախագահ Հոյտ Սպիկստրան և որոշ անդամներ, փոխելով իրենց նախնական դիրքորոշումը, փաստորեն իրենց հովանավորչությամբ արդարացրեցին ծրագրի պատասխանատուներ Ա.Սերոբյանի և Գ. Եղոյանի կողմից 82 տոննա կարտոֆիլի յուրացման փաստը: Իսկ անկախ այն բանից, թե Հոյտ Սպիկստրան ընդհանրապես հրաժարվեց ֆերմերներին վաճառված կարտոֆիլի գումարների գանձումից, այնուամենայնիվ, մենք պահանջեցինք, որ արդար կլինի այդ 82 տոննա կարտոֆիլի սերմի վաճառքի գումարները գանձել և փոխանցել մի որևէ մանկատան կամ ՀՀ պետական բյուջե: Փաստորեն, այդ 82 տոննա կարտոֆիլի սերմը անհայտացավ: Ինքնըստինքյան հարց է առաջանում` լավ, ուր կորավ այդ 82 տոննա կարտոֆիլը և որտեղ այն փնտրել: Ակամայից, եթե հիշենք «Նվագախմբի տղաները» ֆիլմը. այնտեղ էլ նման խնդիր ծագեց` թե «Որտեղ է Ցոլակ Դարբինյանը»: Հիմա նույնիսկ «Ռուդոլֆին» են բացահայտել, սակայն հոլանդական Draga տեսակի 82 տոննա կարտոֆիլի սերմը «անհետք» կորավ: Իհարկե, եթե ապավինենք թերթերի միստիկ գուշակություններին, ապա կարելի է ենթադրել, որ 82 տոննա կարտոֆիլի սերմը մնաց Հայաստանում, իսկ փողերը տարադրամով հասան Հոլանդիա: Եվ մեր մոտ կասկածներ առաջացան, որ Հոյտը Ա. Սերոբյանի և Գ. Եղոյանի հետ են յուրացրել 82 տոննա սերմի վաճառքի գումարները, այլապես Հոյտը նրանց չէր պաշտպանի և արդարացնի: Ինչ եք կարծում, ինչու Հոյտը 82 տոննա կարտոֆիլի փողերը սկզբում պահանջում էր և մեզ էլ լիազորեց դատական կարգով այն բռնագանձել, իսկ հետագայում հրաժարվեց այդ փողից: Բացատրությունը պարզ է. եթե երեխան լաց է լինում, որ «սոսոն» ընկել է բերանից, և երբ այդ նույն «սոսոն» դնում ես բերանը, ապա նա լռում է: Իսկ երբ մենք բացահայտեցինք Հայաստանում 82 տոննա կարտոֆիլի յուրացումը և Հոյտի կողմից այդ փողերի լվացմանը մասնակցության փաստերը, Հոյտը մի քանի տարի հետո դրանից վիրավորված փնտրեց և գտավ Ա. Մելիք-Սարգսյանին վարկաբեկելու և պատժելու կեղծ և հնարովի նյութեր, որպեսզի դրանով ահաբեկի և լռեցնի Ա. Մելիք-Սարգսյանին: Հոյտը Հայաստանում ոչ միայն փողեր է լվացել, այլ 2004 թ. Հայաստանում կարտոֆիլի ծրագրով աշխատած փողերը գաղտնի կերպով ծրագրել էր Հոլանդիա ուղարկել: Մենք բացահայտեցինք նաև Հոլանդական «Famtofam»-ի որոշ անդամների այդ ամենամեծ խայտառակությունը` այսինքն բարեգործության անվան տակ Հայաստանում աշխատած փողերը Հոլանդիա ուղարկելու փաստը:

Այն է. 1. 2006 թ. մարտի 4-ին Արմինե Սերոբյանին և Գուրգեն Եղոյանին հասցեագրված մի առանձին նամակում, որը մեզանից գաղտնի պահելու իրավունքը Հոլանդական «Famtofam»-ը չուներ, գրված է. «Եթե որևէ գումար ստացած լինեք ֆերմերներից, կարող եք ուղղակիորեն տալ Հոյթեին»: (Կից ներկայացվում է 2006 թ. մարտի 4-ի նամակը` 2էջ): Իմիջիայլոց, Հայաստանում փողերի լվացման հարցերը մենք քննարկել ենք դեռ հայկական «Ընտանիքը Ընտանիքին» ՀԿ-ի 2004 թ.-ի դեկտեմբերի 17-ի խորհրդի նիստում: Բերենք մի հատված. «Օրակարգի 1-ին հարցը. Ինչպես արդեն վերը նշեցինք, որ «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ին ոչ միայն չի ներկայացվել, թե Շիրակի մարզում կարտոֆիլի ողջ ծրագրի իրականացման համար Հոլանդիայից ինչքան գումար է նախատեսվել, այլ պարզվում է` մենք պետք է Շիրակի մարզում արտադրված կարտոֆիլի վաճառքից ստացած գումարները ուղարկենք Հոլանդիա: Ուզում եմ խորհրդին ներկայացնել մի քանի նամակներ այդ մասին` 1.Հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության կարտոֆիլի ծրագրի պատասխանատու Յոպի Օյստերհոֆը դեռ 2004 թ. մայիսի 8-ի նամակում գրում է, որ 2004 թ. «մայիսի 20-ին մենք փողի կարիք ունենք վճարելու HZPC-ի մեր հաշվեհամարին նոր դրագայի համար», 2. Հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության կարտոֆիլի ծրագրի պատասխանատու Յոպի Օյստերհոֆն, առանց «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ի նախագահ և Շիրակի մարզում կարտոֆիլի ծրագրի ղեկավար Ա. Մելիք-Սարգսյանի հետ քննարկելու, 2004 թ. նոյեմբերի 6-ին Գուրգեն Եղոյանին ուղարկած առանձին նամակում գրում է. «Խնդրում եմ փորձիր վաճառել Դրագաի նոր սերմը որքան հնարավոր է շուտ: 80 տոնա x 0,25 դոլար ցենտ կլինի 20.000 դոլար: Մենք այս փողի կարիքը ունենք մի քանի պարտավորությունների վճարման համար»: Այս բոլոր փաստերը վկայում են, որ, իրոք, հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության որոշ անդամներ սկսում են շրջանցել հայկական «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ին կարտոֆիլի ծրագրի իրականացման հարցերում: Եվ ամենաանհավատալին այն է, որ մեր կազմակերպությունը Հայաստանում, կոնկրետ Շիրակի մարզում պետք է կարտոֆիլի սերմ արտադրի և վաճառի, և որ վաճառված կարտոֆիլի փողը ուղարկվի Հոլանդիա: Իսկ ով է նման որոշում ընդունել և կամ ում հետ է համաձայնեցվել նման որոշումը` մեզ համար գաղտնիք է: Երևի սրանով է բացատրվում հենց այն հանգամանքը, որ հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության որոշ անդամների և կարտոֆիլի ծրագրի պատասխանատուներ Ա. Սերոբյանի և Գ.Եղոյանի միջև նամակագրական կապերը և կարտոֆիլի ծրագրի հաշվետվությունների ներկայացնելը կատարվում են գաղտնի, առանց հայկական «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ի գիտության: Հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպությունը իրավունք չունի այսպիսի անազնիվ ու ոչ թափանցիկ գործելակերպ ցուցաբերել մեր «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ի հանդեպ: Տարօրինակն այն է, որ այս տեսակի բարեգործական ծրագիր չի լինում, որ Աղետի գոտում արտադրվի կարտոֆիլի սերմ, վաճառվի և փողը ուղարկվի Հոլանդիա: 2. Արտահայտվեցին` Ա.Մելիք-Սարգսյանը, Ա.Իսրայելյանը, Ելույթ ունեցողները նշեցին, որ իսկապես անթույլատրելի են համարում հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության այն գաղտնի որոշումը, որ Շիրակի մարզում արտադրված կարտոֆիլի վաճառքից ստացած գումարները պետք է ուղարկվեն Հոլանդիա: Ա. Մելիք-Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ նման հարց իր հետ որպես «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ի նախագահ և Շիրակի մարզում կարտոֆիլի ծրագրի ղեկավարի չի քննարկվել: Բավական է արդեն միայն այն փաստը, որ Հոլանդական «Ընտանիքը ընտանիքին» կազմակերպության կարտոֆիլի ծրագրի պատասխանատու Յոպի Օյստերհոֆը, շրջանցելով «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ի նախագահին` որպես Շիրակի մարզում կարտոֆիլի ծրագրի ղեկավարի, 2004 թ. նոյեմբերի 6-ի Գուրգեն Եղոյանին իր առանձին նամակով գրում է, որ իբր իրենք Հոլանդիայում փողի կարիք ունեն և խնդրում է Գուրգեն Եղոյանին վաճառելու «Ընտանիքը ընտանիքին» ՀԿ-ի արտադրած 80 տոնա Դրագա սերմը և մոտ 20.000 ԱՄՆ դոլար գումարը ուղարկել Հոլանդիա: Իսկ սա արդեն բարեգործություն և համագործակցություն չէ, սա, փաստորեն, Հայաստանում փողերի լվացման քայլեր են և հետագայում այսպիսի գործելակերպը փոխադարձաբար վատ հետևանքներ կունենա»: (ներկայացվում է 2004 թ. դեկտեմբերի 17-ի խորհրդի նիստի արձանագրության քաղվածքը` 2 էջ, Յոպի Օյստերհոֆի 2004 թ. մայիսի 8-ի և 2004 թ. նոյեմբերի 6-ի նամակների պատճենները թագմանությամբ` 5էջ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter