HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ղարաբաղի հիմնահարցի քննարկումը հանգեցրել է դատական վեճի

29_04-s-safaryan

Ռադիո Հայը դատի է տվել Ստեփան Սաֆարյանին

««Ռադիո Հայի» այս հաղորդման մասին մեր կարծիքին ու պահանջներին ընթերցողն արդեն տեղյակ է նրա խմբագրակազմին «Ժառանգության» հղած երկու բաց նամակներից: Դրանցից առաջինով ակնկալել էինք Սերժ Սարգսյանի ներողությունը ՀՀԿ փոխնախագահի ստախոսության եւ նախագահականից իջեցված այս պատվերով երկսերիանոց ռադիոհամերգի համար, որի ոչ բոլոր տրագիկոմեդիկ մասերն ենք ներկայացրել հասարակությանը»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հոդվածի այս հատվածն է առիթ է հանդիսացել, որպեսզի «Ռադիո Հայը» դատարան հայց ներկայացնի նրա դեմ` զանգվածային լրատվական միջոցներով տարածված` գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելու պահանջի մասին: «Ռադիո Հայը» Ավանի և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանից խնդրել է ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին պարտադրել հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, պատրաստելով և հուլիսի 30-ին և 31-ին եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր: Հայցվորը պահանջում է, որպեսզի Սաֆարյանն իր հերքումը տպագրի «Հրապարակ» օրաթերթի 5-րդ էջում, այսինքն` նույն այն լրատվամիջոցի նույն այն էջում, որտեղ տպագրվել է Ստեփան Սաֆարյանի հոդվածը: ԱԺ պատգամավորի ե ռադիոկայանի հրապարակային բանավեճի պատճառ է հանդիսացել հուլիսի 30-ին և 31-ին եթեր հեռարձակված «Հայկական անդրադարձ» ծրագիրը, որտեղ հեռակա բանավեճ է ծավալվել հանրապետական Գալուստ Սահակյանի եւ «Ժառանագության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի միջեւ: Իսկ որպես անկախ վերլուծաբան հանդես եկող Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանել է կողմերի կարծիքները: 03-09_A.XukasyanԱյնուհետեւ Ղուկասյանը եթերից հայտարարել է, որ Հայաստանը 1991-92 թվականներին վավերացնելով «ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը» եւ «Հելսինկյան համաձայնագիրը» (Հելսինկյան ավարտական ակտը)` ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի պատճառով մինչ օրս չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: Հիշեցնենք, որ այդ տարիներին Հայաստանի արտաքին գործերի նախարարն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժողովրդին խաբել են, այստեղ մարդիկ հանրահավաք էին անում, գոռում էին «Միացում, միացում», իսկ այնտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստաթուղթ էին ստորագրում, որով ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային Ադրբեջանի սահմաններում, այդքանից հետո ինչպե՞ս էր Ղարաբաղը միանալու Հայաստանին»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց վերլուծաբան Անդրիաս Ղուկասյանը: «Մենք ոչ թե ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ վավերացրել ենք մի փաստաթուղթ, որով մեր համաձայնությունն ենք տվել` առաջնորդվել «Հելսինկյան ավարտական ակտի»  10 սկզբունքներով, որոնց մեջ մտնում է ինչպես տարածքային ամբողջականությունը, այնպես էլ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ սահմանների խաղաղ ճանապարհով փոփոխումը եւ դրանցից ոչ մեկը դոմինանտ չէ մյուսի նկատմամբ:- «Հետքի» հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը,- Եթե մենք օրենք ընդունենք, համաձայն, որի բոլոր խոշոր գործարարները պետք է հարկվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք օրենք ենք ընդունել, որ գործարար Սամվել Ալեքսանյանը պետք է հարկվի: Մի պարզ օրինակ բերեմ. եթե մենք ճանաչած լինեինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդ պետությունը մինչ օրս ՄԱԿ-ում եւ միջազգային ամբիոններում հսկայական ջանքեր չէր գործադրի, որպեսզի ամրագրեր իր տարածքային ամբողջականությունը Հայաստանի կողմից»: Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ ստորագրված փաստաթղթերը տարիներ շարունակ քողարկվել են եւ պատճաշ ուշադրության չեն արժանացել. «Մեզ մոտ մարդիկ չեն սիրում կարդալ, այդ պատճառով էլ շատերը տեղյակ չեն այս փաստաթղթերին»: Ստեփան Սաֆարյանն էլ նշում է, որ «ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը» եւ «Հելսինկյան ավարտական ակտը» տպագրվել են գրքերում եւ տեղադրված են համացանցում. «Այնպես որ անհնար է դրանք քողարկել»: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է այնպիսի փաստաթղթեր, որով ձախողվել է ԼՂՀ-ի ճանաչումը, ինչո՞ւ ներկայիս իշխանությունը դա չի շահարկում. Անդրիաս Ղուկասյանի պատասխանը հետեւյալն է. «Եթե ներկայիս իշխանությունը շահարկի այդ փաստը, ապա նա պետք է շտկի Տեր-Պետրոսյանի սխալները, իսկ դա նշանակում է առ ոչինչ ճանաչել  «ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը», այսինքն` փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ դա Հայաստանի իշխանությունը չի կարող անել»: Ըստ վերլուծաբանի` «ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը» եւ «Հելսինկյան համաձայնագիրը» նախկին Սովետական միության անդամ երկրների համար իրավական ուժ չունեն, քանի որ դրանք կնքվել են ոչ իրավական ճանապարհով. «Անդամ երկրները նախ պետք է Սովետական միության սահմանադրության համաձայն դուրս գային նրա կազմից, այնուհետեւ իրավասու կլինեին ինքնուրույն փաստաթուղթ ստորագրել եւ անդամակցել միջազգային կազմակերպություններին»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը: Ստեփան Սաֆարյանի եւ Անդրիաս Ղուկասյանի բանավեճը տեղափոխվել էր մամուլի էջեր, որի արդյունքն այն եղավ, որ ռադիոկայանը հայցադիմում ներկայացրեց ընդդեմ պատգամավորի: Ստեփան Սաֆարյանը դեռեւս չի ստացել ծանուցագիր այն մասին, որ գործը վարույթ է ընդունվել: Երբ գործը քննվի, պատգամավորը դատարանում պետք է ապացուցի իր խոսքերի ճշմարտացիությունը, այն է` ռադիոկայանի հաղորդումը հեռարձակվել է նախագահականից իջեցված  պատվերով: ԱԺ պատգամավորին հարցինք` արդյո՞ք նա ունի նման փաստեր. «Ես այդ մասին կխոսեմ դատարանում, կհանդիպենք դատարանում»,- սա էր Սաֆարյանի պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter