
«Եկող օրերին մեզ սպասվում է խորհրդարանում ունենալ պրոթրքական ֆրակցիա: Մենք, ամիսներ է արդեն, տեղեկություն ունենք, որ թուրքերը, թուրքական պետությունը հանձնարարել է իր համապատասխան մարմիններին (արդեն բազմիցս եկել-գնացել են Երևան, հանդիպել են մեր կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ) կատարելու մեծ ներդրումներ մեր տնտեսությունում: Զորօրինակ` Գյումրիի տեքստիլ (հիշում եք` Սովետի ժամանակվանից) հսկայական այդ գործարանը: Եվ այսպես մեծ ծրագրերի մասին է խոսքը»:
Այս մասին սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքերով` այս վիճակը հանդուրժելու դեպքում` թուրքերի և Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը հանգեցնելու է նրան, որ տասնյակ հազարավոր հայ բանվորներ աշխատելու են թուրքերի գլխավորությամբ և ուղղորդվելու են նրանց կողմից այնպես, ինչպես այժմ ժողովուրդը ուղղորդվում է օլիգարխների կողմից:
«Ես, բոլորովին իմ ասածը երևակայելի չթվալու համար, փորձեմ ավելի գործնականացնել` հետևյալ օրինակը բերելով: Թող հանկարծ որևէ մեկը չկարծի, որ որևէ գործիչ չի համարձակվի այդ պրոթուրքական ֆրակցիայի ղեկավարությունն իր վրա վերցնելու: Ես կարող են զորօրինակ անուն նույնիսկ տալ` Արթուր Բաղդասարյան»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Անդրադառնալով օգոստոսի 31-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` «Միացում» նախաձեռնության անդամը նշեց, որ թուրքերն ու ամերիկացիները ընտրել են Հայաստանի վրա հարձակվելու ճիշտ պահը, որը նրանց ընձեռվեց Մարտի 1-ից հետո: Նրա խոսքերով` իրենք` ընդդիմությունը, չկարողացան Մարտի 1-ից հետո, համապատասխան վճռական քայլեր ձեռնարկելով, իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Այդ պատճառով «Հայաստանում աննախադեպ թույլ իրավիճակ է ստեղծվել, արտաքին աշխարհի կողմից կառավարելի լինելու իմաստով` աննախադեպ»:
«Ես համոզված եմ, որ եթե ընդդիմության` մեր ընդդիմության ղեկավարությունը այս 1-1,5 տարվա ընթացքում ինքն իրեն ազգային հարցերում ավելի ճիշտ պահած լիներ, այդպիսի փաստաթուղթեր մենք չէինք ստանա 3 օր առաջ: Ուստի այստեղ մեղքը չպիտի մենակ վերագրել այս ռեժիմին, որի մասին բոլորս համակարծիք ենք, թե ինչպիսի մարդիկ են: Սակայն մենք առիթ տվինք նաև օտարներին, նաև թուրքերին, տեսնելով, որ ոչ մի դիմադրություն չի լինելու, համարձակվել այս քայլին գնալու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա իր վրդովմունքը հայտնեց հայ-թուրքական արձանագրությունների առթիվ Հայ ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 1-ին տարածած հայտարարության վերաբերյալ: Ազատամարտիկն անընդունելի համարեց ՀԱԿ-ի հայտարարության այն հատվածը, թե «Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը և դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։»
«Սա ուղղակի աններելի է: Եվ ես պաշտոնապես հայտարարում եմ` եթե եկող օրերին նրանց կողմից սա չուղղվեց` ի նպաստ ազգային դիրքեր, ապա ես կարծում եմ` իմ և իմ նմանների կողմից այս դեպքը կդառնա ջրբաժան: Հնարավոր չէ մեր միակամությունն այս կեղծ ձևով պահպանել: Ո՞ւմ ենք վստահում, որ ինչ-որ փաստաթուղթեր ստորագրեն` այն ավազակապետերի՞ն, այն ավազակապետությա՞ն, որը մենք առավոտից գիշեր դատափետում էինք: Այժմ, նեղացկոտի կարգավիճակ ընդունելով, նրանց ասում ենք, որ «այս ի՞նչ եք անում, գնացեք անպայման սորագրեք»»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ ազատամարտիկի` այսօր վիճակը շատ լուրջ է, և իշխանափոխության անհրաժեշտություն կա:
«Մենք խնդիր ունենք ոչ միայն իշխանափոխություն, ոչ միայն համակարգի բարելավման, այլ համակարգի փոփոխության, արմատական փոփոխության, նոր համակարգի ձևավորում: Ես համոզված եմ, որ մեզ եկող օրերին, հնարավորինս կարճ ժամկետում, պետք է ձևավորել ընդգծված ազգային հիմունքների հիման վրա, նոր ընդդիմություն, հայաստանակենտրոն նոր շարժում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հավաք-քննարկմանը ներկա մարդկանց ներկայացրեց, թե ինչ կարելի է անել առաջիկա օրերին: Նախ, Ժիրայր Սեֆիլյանը ներկա երիտասարդներին առաջարկեց կազմել այն գործիչների սև ցուցակը, ովքեր կհամարձակվեն շարունակել պարտողական քարոզչությունը և խոսել հայկական հողերը թշնամուն զիջելու մասին:
«Թե ինչ ենք անելու էդ մարդկանց, հետո ես ձեզ կասեմ: Սակայն մենք սկսենք այդ սև ցուցակը կազմել: Ուզում եմ զգուշացնել այն բոլոր գործիչներին, որոնք ուզում են զբաղվել ազգային գործունեությամբ, քաղաքականությամբ, սրանից հետո նրանք պարտավոր են իրենց բառապաշարից, իրենց մտքից, սրտից, հոգուց առհասարակ «հայրենի հող զիջել» բառակապակցությունը վերացնել: Եթե ոչ` այդ մարդը, այդ գործիչը, ով էլ լինի, ամենամոտիկ ապագայում հայտնվելու է քաղաքական աղբարկղում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա համոզմամբ` հայրենի հողը թշնամուն տալու մասին մտածելու և պարտողական դիրքերից խոսելու պատճառը այդ մարդու «թուլակամությունն» է և «իր ենթադրությամբ` օտարների հաճոյանալու անհույս սպասելիքները»:
«Այս հավաքը նպատակ ունի ուժեր մեկտեղելու, ուժերը մեկտեղելով` դեմն առնելու այն արշավին, որը սկսել են այս հակահայ ռեժիմի ներկայացուցիչները: Խոսքը առավոտից գիշեր պարտվողական քարոզարշավի մասին է, որ «այո, մենք ստիպված ենք զիջելու» և այլն: Այս իմաստով մենք խնդիր ունենք համադրելու: Մենք չենք ուզում նոր ինչ-որ կազմակերպություն ստեղծել, սակայն մենք ուզում ենք համադրել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա ընդգծեց, որ կարևոր աշխատանք կա անելու նաև հայկական հեռուստաընկերությունների հետ, քանի որ դրանք ցուցադրում են Հայաստանի և ԼՂԻՄ-ի` արդեն 15 տարի գոյություն չունեցող քարտեզը, որում պատկերված չեն ազատագրված հայկական տարածքները:
«Խնդրում եմ բոլոր ներկաներին` մտածելու նաև այս մասին, թե ինչպես մենք կարող ենք վերջիվերջո այդ երևույթը վերացնել, որովհետև սա էլ շատ վտանգավոր եմ համարում: Կարծես թե Ստալինի գծած ԼՂԻՄ-ը մենք ուզում ենք մեր երեխեքի ուղեղներուն նորից, այսպես ասած, կնքենք»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել