HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանը «Ժառանգության» ղեկավարներին չի ճանաչում

12_06-g_sahakyan1«Հայաստանյան ընդդիմադիր ուժերը, քաղաքական օրակարգ չունենալով, փորձում են կառչել ինչ-որ երևույթներից ու դրանով հասարակության առջև դիրքավորումներ ունենալ»,- անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննադատությանը`«Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով` փաստաթուղթը միայն երկու ամիս հետո պատրաստ կլինի ստորագրման, իսկ կստորագրվի՞, թե` ոչ, պարզ չէ: Մինչդեռ մեր քաղաքական ուժերն արդեն առաջ են անցել ու դավաճանական մոլուցքների պաթոս են ստեղծում: «Դա ասելիք չունեցող քաղաքական ուժերի տրամաբանությունն է: Մենք Ցեղասպանության կապակցությամբ քննարկելու որևէ բան չունենք, այդ ենթահանձնաժողովը, նույնիսկ եթե փաստաթուղթը ստորագրվի և ընդունվի, դրա գործունեության ծավալները հետևյալն են` կարողանանք դաշտ ունենալ, որպեսզի վերականգնենք մեր եկեղեցիները, հուշարձանները, տեղանունները և այլն»,- ասաց նա: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությանը` Գ. Սահակյանը նշեց, որ հայտարարություն տարածելուց առաջ այդ կուսակցությունը նախ պետք է ուժեր ունենա: «1000 մարդով միտինգ կարո՞ղ են անել: Չի կարելի, բոլորին պարզ է, որ Րաֆիի Հովհաննիսյանն իբրև քաղաքական գործիչ առանձնացած է և «Ժառանգության» հետ էլ կապ էլ չունի: Հանրաքվե անցկացնելու մասին ասում է այն քաղաքական ուժը, որը հանրաքվեին 1000 մարդ էլ չի ունենա: Ես չեմ ճանաչում «Ժառանգության» ղեկավարներին, դրանք մարդիկ են, որոնք բոլորն իրենց ղեկավարի տեղ են դրել ու մի օր մի բան են ասում, մյուս օրը` այլ բան: Եթե հանրաքվեի անհրաժեշտություն լինի, այն կանցկացվի: Սակայն այդ հանրաքվեի հիմնական դրսևորումները կարող է իրագործել միայն իշխանությունը, որովհետև չունենք մի քաղաքական ուժ, որը կարողանա ժողովրդի զանգվածներին ապացուցել, որ հանրաքվեի խնդիր կա»,- ասաց նա` նշելով, որ ժողովրդի մեծ մասը, որը որոշակի տեղեկատվություն ունի, գտնում է, որ` այո, պետք է Թուրքիայով ճանապարհ ունենանք: «Ինչո՞ւմն է բանը, ի՞նչ հանրաքվե: Այսօր մենք լուծման խնդիր չունենք, որ հանրաքվեի դնենք: Այսօր այն պահը չէ, որ մտածենք` մահ կամ ազատություն կարգախոսով պիտի գնանք առաջ: Վերջին հաշվով` այդ փաստաթուղթը եթե անգամ ստորագրվի, դա նախնական փաստաթուղթ է, որը քննարկվելու է թե’ խորհրդարանում, թե’ հասարակութան մեջ, ու եթե վճռական հարցեր լինեն, ինչու չէ, կարելի է նաև հանրաքվե անել»,- ասաց նա: Գալուստ Սահակյանի կարծիքով` արձանագրություններում նախապայմաններ չկան: Թուրքիան կարող է նախապայմաններ առաջարկել, սակայն մենք գնում ենք առանց նախապայմանների: «Մենք ինչ ունենք, այն էլ ունենք: Մենք ընդամենը միացել ենք եվրոպական պահանջներին ու ասում ենք` փակ սահմաններ չպիտի լինեն, մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ սկսենք Թուրքիայի հետ` առանց նախապայմանների, ինչպես մյուս եվրոպական տերությունները` մեկը մյուսի հետ»,- ասաց նա: Անգամ եթե Թուրքիան չստորագրի արձանագրությունները, Գ. Սահակյանի խոսքով` իրենք որևէ քայլի չեն դիմելու, որովհետև սառույցն արդեն կոտրվել է, միևնույն է` գործընթացները շարունակվելու են, բանակցությունները շարժվելու են առաջ: «Սա միջազգային հանրության պահանջն է, միայն Հայաստանի պահանջը չի, աշխարհի հետաքրքրություններից է բխում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter