
Հայաստանն արդեն երկար տարիներ կոնսուլտատիվ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ, և փաստ է, որ մինչ այժմ բանակցություններ չեն ընթանում: Բանակցություններ կարող են ընթանալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը անհապաղ սկսի գլոբալ գործընթաց Արցախի Հանրապետությունը ներկայիս իր սահմաններում ճանաչելու ուղղությամբ:
Այս մասին սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ` հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ էդուարդ Աբրահամյանը:
«Մենք բազմիցս հարց ենք բարձրացրել Լեռնային Ղարաբաղի ճանչման գործընթաց սկսելու վերաբերյալ: «Միտք» վերլուծական կենտրոնը վստահ է, որ Արցախի` Հայաստանին միացումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ սկսվի ճանաչման գործընթաց, և դա առաջին կարևորագույն կետն է այսօր»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը:
Հավաք-քննարկման ժամանակ նա ներկայացրեց «Միտք» վերլուծական կենտրոնի առաջարկը և ծրագիրը` Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսելու վերաբերյալ:
Հայաստանը ոչ միայն պետք է իր Սահմանադրության շրջանակներում ճանաչի Արցախի անկախությունը, այլև իրականացնի ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվ գործունեություն և քարոզչություն` ներառելով նաև սփյուռքի տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը և քարոզչությունը:
«Իմ կարծիքով, պրոբլեմ չէ, եթե Հայաստանի արտաքին գերատեսչությունները, աշխատանք ծավալելով, մի այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծեն աշխարհում, որ Արցախի անկախությունը ճանաչեն աշխարհում 4, 5 կամ 6 ոչ այդպես հայտնի, մեծ և ռեսուրսներով հարուստ պետություններ: Դա քաղաքական գործընթաց է: Եթե տեղի է ունենում քաղաքական գործընթաց, ապա այդ առումով կարելի է համարել, որ Արցախը ճանաչված է մի շարք պետությունների կողմից, և հետադարձ քայլ անել չի կարելի: Անհնար է, և այդ քայլը չի կարող լինել»,- ասաց էդուարդ Աբրահամյանը:
Երկրորդ` ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի` ՀՀ-ն պետք է Արցախի հետ կնքի պայմանագրեր` տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային, սոցիալական ոլորտներում, ինչի միջոցով Արցախը դե ֆակտո ամբողջովին կինտեգրվի Հայաստանի Հանրապետությանը:
«Լինելով դե յուրե անկախ` այն դե ֆակտո կլինի Հայաստան, որից անմիջապես հետո կարևորագույն խնդիրը տնտեսական ծրագրերի իրականացումն է: Տնտեսական ծրագրերի հետ համատեղ պետք է աստիճանաբար և շարունակական վերաբնակեցնել ազատագրված տարածքները»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը:
Նա նշեց, որ այսօր Արցախի Հանրապետությունը տարածաշրջանում քաղաքական գործոն է համարվում` շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, ազատագրված հայկական տարածքների ռեսուրսների և ռազմական ուժի:
«Այնինչ, եթե մենք, փաստորեն, ունենանք տարածաշրջանում նաև դեմոգրաֆիական լուրջ գործոն` հանձին Լեռնային Ղարաբաղի հոծ բնակչության, ապա այդ առումով, փաստորեն, ԼՂ-ն կդառնա հյուսիսը հարավի հետ կապող և արևմուտքը արևելքի հետ կապող բոլոր կոմունիկացիաների կարևորագույն այդ կենտրոնական հատվածը, որն աշխարհագրորեն, դեմոգրաֆիական առումով և տնտեսապես կվերահսկի Հարավային Կովկասի ողջ գործընթացները»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը:
Եվ երրոդը, «Միտք» վերլուծական կենտրոնի համոզմամբ` Հայաստանն ու Արցախը` արդեն որպես «քաղաքական, դեմոգրաֆիական և տնտեսական մեծ, համընդհանուր գործոն, լուրջ քաղաքական կառույց», իր դրոշը պետք է բարձրացնի ազատության, անկախության համար, ինչպես նաև բարձրաձայնի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին:
«Այսօր Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում առկա են մի շարք ազգային փոքրամասնություններ` բնիկ ժողովուրդներ, որոնք Արցախի հետ գրեթե համատեղ, միասին պայքար են սկսել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Ի տարբերություն Արցախի Հանրապետության, որն այսօր անկախ է, այդ ժողովուրդները չունեն ոչ մի իրավունք այդ պետությունում»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը:
Նրա համոզմամբ` այդ ժողովուրդներն այսօր մեր դաշնակիցներն են, որոնց մենք անտեսում ենք` անգամ «լինելով շրջափակված թուրքական այս բլոկի կողմից»: Էդուարդ Աբրահամյանի խոսքերով` ազգային իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ Հարավային Կովկասում պետք է զբաղվի միայն Հայաստանը Արցախի հետ համատեղ, որովհետև դա այսօր կարևորագույն խնդիր է:
«Արևմուտքը բազմիցս է խոսում մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, բայց ինչ-ինչ պատճառներով, տնտեսական շահերից ելնելով, փաստորեն Ադրբեջանում բնակվող ժողովուրդների ձայնը տեղ չի հասնում, քանի որ նրանք չունեն պետականություն և քաղաքական էլիտա»,- ասաց էդուարդ Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել