HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը ԱԺ-ում

04-09_GarangutyunԱյսօր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովներում քննարկվեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների` նախկինում հետաձգված օրենսդրական նախաձեռնությունները ու այսօր ներկայացված մեկ նոր գրավոր առաջարկությունը` հայ-թուրքական հարաբերություններում ընթացիկ ու հետագա զարգացումներին, նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին: Դեռեւս 2009թ. փետրվարի 17-ին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի համահեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել հիշյալ օրենքում 2008թ. սեպտեմբերի 10-ին կատարված փոփոխությունը. այն է՝ «մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի   հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, որտեղ դեռեւս 2009թ. ապրիլի 1-ին հիշյալ օրինագծի քննարկումը մինչեւ 90 օրով հետաձգելու  որոշում էր կայացվել (ԱԺ նույնաբովանդակ որոշումը` ապրիլի 6-ին), այսօր Ա. Բախշյանի համաձայնությամբ դրա քննարկումը վերստին հետաձգեց մինչեւ 30 օրով: Հերթական հետաձգման պատճառ հանդիսացավ հանձնաժողովում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վ.Դանիելյանի` հեռուստատեսության թվայնացման ռազմավարական ծրագիրը մոտ օրերս հրապարակելու մասին հայտարարությունը: Նույն հանձնաժողովում քննարկվեց նաեւ Ա.Բախշյանի համահեղինակությամբ (մյուս համահեղինակներ` Ն.Զոհրաբյան, Հ.Բիշարյան) պատրաստված «Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նույնպես հետաձգվեց մինչեւ 30 օրով` հեռուստաընկերությունների եւ այդ ոլորտով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու եւ նրանց առաջարկները հաշվի առնելու նպատակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նույնպես քննարկվեցին «Ժառանգություն» խմբակցության ու նրա պատգամավորների նախաձեռնությունները: Մասնավորապես, այդ հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից սեպտեմբերի 4-ին հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին էր փոխանցվել նամակ` առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին «Ժառանգություն» խմբակցության առաջարկով: Նամակում մասնավորապես ասվում էր. «Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումները` ի դեմս ապրիլի 22-ին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության համատեղ հայտարարության, ապա` օգոստոսի 31-ին նույն գերատեսչությունների մամուլի հաղորդագրության ու հրապարակած նախաստորագրված երկու արձանագրությունների, ինչպես նաեւ` նկատի ունենալով դրանց պատկերանող ազդեցությունը ԼՂ հիմնախնդրի վրա, «Ժառանգություն» խմբակցության եւ իմ անունից դիմում եմ Ձեզ` հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով, որի ընթացքում նույնպես կքննարկվեն ԼՂ խնդրի շուրջ զարգացումները»: «Ժառանգություն» խմբակցության գրավոր առաջարկը պաշտպանվեց ՀՅԴ անունից Արմեն Ռուստամյանի արած նույնաբովանդակ բանավոր առաջարկով: Որոշում ընդունվեց, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում կոալիցիոն կուսակցությունների դիրքորոշումները (արդեն իսկ հայտնի համարելով «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի տեսակետները) փոխանցվեն հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանին եւ դրական արձագանքի դեպքում` ձեռնամուխ լինել լսումների նախապատրաստմանը: Հանձնաժողովը նաեւ քննարկեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած եւ 2008թ. դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ դրված «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում Ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն նախկինում քննարկվել էր նույն հանձնաժողովում եւ որոշում էր ընդունվել մինչեւ 90 օրով հետաձգելու մասին (ԱԺ համապատասխանը որոշումը` 2009թ. մարտի 16-ին)`  հայտարարության տեքստը լրամշակելու, հիմնավորման մի մասը հայտարարության մեջ տեղափոխելու, հանձնախումբ ստեղծելու եւ հեղինակին առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ ԱՆ-ի վերաբերմունքը պարզելու հիմնավորումներով: Օրինագծի հեղինակը այսօր ներկայացրեց, որ հաշվի է առնված այս 90 օրերի ընթացքում իրեն ներկայացված միակ գրավոր առաջարկությունը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության կողմից, որով նույնպես առաջարկվել էր հիմնավորումների զգալի մասը տեղափոխել հայտարարության տեքստ: Նա նաեւ պնդեց միջազգային հարաբերություններում հայկական հարցերի, այդ թվում ԼՂՀ ճանաչման հետամտման գործընթացում Հայաստանի դիրքերը ուժեղացնող այս օրինագծի ընդուման կարեւորությունն ու հիմնավորումները: Հանձնաժողովը քննարկեց հեղինակի կողմից փոփոխություններով լրամշակված տարբերակը: Նախագահ Ա.Ռուստամյանը ներկայացրեց, որ ԱՆ նախարարության վերաբերմունքը պարզելու (որը եղել է օրինագծի քննարկումը հետաձգելու որոշման հիմքերից մեկը) նպատակով ունեցած հանդիպման արդյունքում իր կողմից պատրաստվում է այլ նախագիծ, որի նպատակը ոչ թե հայտարարության առանցքում 1988-92թթ. տեղի ունեցածը Ցեղասպանություն որակելն է, այլ սանձազերծված պատերազմի ու դրան հանգեցրած հիշյալ իրադարձությունների համար Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու հարցի բարձրացումը: Լ.Ալավերդյանը պատրաստակամություն հայտնեց աշխատել այս եւ հանձնաժողովում հնչեցված  բանավոր առաջարկների հեղինակների (Արմեն Ռուստամյան, Էռնեստ Սողոմոնյան) հետ` դրանք հայտարարության մեջ ներառելու շահագրգռությամբ: Քննարկումների արդյունքում Արմեն Ռուստամյանի եւ Սերյոժա Աբրահամյանի կողմից Լ.Ալավերդյանի նախագծի քննարկումը հետաձգելու մասին փոխլրացնող առաջարկներ հնչեցին: Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկությամբ դրա քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով, որի ընթացքում գրավոր առաջարկները ստանալուն պես Լ.Ալավերդյանը եւ Ա.Ռուստամյանը ձեռնամուխ կլինեն միասնական տարբերակ ստեղծելու աշխատանքներին: Անհամաձայնության դեպքում` հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն ԱԺ հայտարարության 2 տարբերակներ: «Ժառանգություն» խմբակցություն 4 սեպտեմբերի, 2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter