
ԿԳՆ. դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել
Նախօրեին ՄԻՊ գրասենյակը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «գիտության և կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը», ուստի՝ օմբուդսմենն առաջարկել էր «անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու»:
Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդեց ԿԳՆ-ի հաղորդագրությունը, որով նախարարությունն անհանգստություն էր հայտնում օմբուդսմենի արհեստավարժության կապակցությամբ:
ԿԳՆ-ՄԻՊ «փոխհրաձգությունը» դեռ շարունակվում է, եւ նախարարությունը կրկին հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է.
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օգոստոսի 29-ին կհրապարակի իրավական այն բոլոր հիմքերը, որոնք կապացուցեն, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել, ինչպես նաև կներկայացվեն այդ գործընթացի առավել բարելավմանը միտված նախարարության կողմից նախատեսվող քայլերը:
Հավելենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավատարիմ է թափանցիկ, հաշվետվողական և ոլորտում իրականացվող գործընթացների վերաբերյալ հանրությանը լիարժեք ու ամբողջական իրազեկում ապահովելու իր որդեգրած գործելաոճին»:
Մեկնաբանել